Պրագմատիզմը կամ իրատեսությունը ցանկացած լուրջ բնույթի գործ նախաձեռնելու և այն իրականացնելու հիմքերի հիմքն է։
Մյուս կողմից էլ, պրագմատիզմ-իրատեսությունը բառացիորեն իրերն ու իրադարձությունները տեսնելն է նպատակային լույսի տակ։
Ուրիշ խոսքով, պրագմատիզմը գիտելիքով զինված գիտակցության միջոցով էմոցիաների հաղթահարումն է որևէ իրական ու իրագործելի նպատակի հասնելու համար։
Եվ այստեղ կենտրոնական է դառնում գիտելիքով զինված լինելու հանգամանքը, մի բան, որը եթե չեղավ, մարդկանց կողմից որոշում կայացնելու գործում գիտակցությունը կմղվի հետին պլան, և դաշտը կմնա էմոցիաներին, այն, ինչ որ կատարվում է մեզնում։
Իսկ, մեծ հաշվով, որևէ հասարակության մեջ էմոցիաները դառնում են որոշող, եթե տվյալ հասարակության կրթության գործն ինքն է մղված հետին պլան։
Մյուս կողմից էլ, հասարակության կառավարման ու իշխանությունը պահելու համար կառավարողին շատ ավելի ձեռնտու է գործ ունենալ էմոցիաների, քան թե գիտելիքով զինված գիտակիցների հետ, որոնք էլ, իրենց հերթին, հասարակության զարգացման ու հարստանալու հիմքերի հիմքն են։
Այստեղից է գալիս հասարակության ապիկար ղեկավարության հակասությունը գիտելիքով հարուստ մարդկանց ու զարգացման պրոցեսի հետ, որի առաջին զոհերից մեկն էլ հենց կրթության գործն է։
Պավել Բարսեղյան