Երևում է, այսօր «դիվանագիտական» օր է: Նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի հրամանագիր է ստորագրել այս ոլորտի առնչությամբ: Ամենահիշարժանը, թերևս, նախկին վարչապետ Տիրգրան Սարգսյանի` ԱՄՆ-ի դեսպան նշանակելու որոշումն է: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով`նախագահը նախկին վարչապետին նշանակել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ում նստավայրը Վաշինգտոնն է:
Նույն օրենքի համաձայն, Սերժ Սարգսյանը որոշել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին, համատեղության կարգով, նշանակել Գվատեմալայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո): Մեկ այլ հրամանագրով էլ Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է նաև Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո):
Դիվանագիտական աշխատանքին հրաժեշտ է տվել
Մուրադ Մուրադյանը` ազատվելով Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
Հիշեցնենք, որ այս պաշտոնանկության մասին մամուլն արդեն գրել էր, երբ սկսվեցին Մարզահամերգային համալիրի շուրջ խոսակցությունները: Նկատենք, որ Մուրադյանը աճուրդի հանված համալիրի սեփականատերն է:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ