Մեր ընթերցողներին երևի հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչ տոներ կան Չինաստանում, և ինչպես են դրանք նշվում։ Նախ նշեմ, որ չինացիները կարողանում են ոչ միայն լավ, նույնիսկ շատ լավ աշխատել, այլև ոչ պակաս լավ, ուրախության և ազատամտության առանձնակի զգացումով կարողանում են հանգստանալ։ Ինձ համար Չինաստանում ամենաուժեղ տպավորություններից մեկն այն է, որ աշխատանքային օրերին մարդիկ՝ տարեց թե երիտասարդ, տղամարդ, թե կին, հոծ խմբերով, վաղ առավոտյան և ուշ երեկոյան պարում են ու չինական մարմնամարզությամբ են զբաղվում պուրակներում, հրապարակներում, կամ էլ պարզապես բակերում։ Իսկ հանգստյան օրերին նրանք ուրախ խմբերով, առավոտ կանուխ շտապում են քաղաքային զբոսայգիներ, որտեղ երգում են խմբով ու միայնակ, խաղեր են խաղում, մարզվում են, օդապարուկներ են արձակում և այլն, և այլն։ Եվ այդ ամենն անում են առանց անհարկի ամաչկոտության, ով ինչպես կարող է, անմիջականորեն և ինքնամոռաց։ Մնում է միայն նախանձել կյանքից հաճույք ստանալու նրանց այդ ունակությանը։
Ինչ վերաբերում է տոներին, դրանք Չինաստանում քիչ չեն։ Դրանք թե՛ պետական տոներ են, թե՛ ավանդական, թե՛ փոխառյալ։ Կան պարտադիր՝ ոչ աշխատանքային օրերով, հաճախ՝ երկարատև տոներ։ Շատերը նշվում են լուսնային օրացույցով և մշտական ամսաթիվ չունեն։ Այնպես որ, խորհուրդ եմ տալիս Չինաստան մեկնելուց առաջ, հատկապես բիզնեսի գործով, ուշադիր նայեք չինական տոնացույցը՝ անակնկալի չգալու համար։ Այստեղ այդ օրերին ոչ ոք չի աշխատում, և շատ դռներ փակ են։ Բացի այդ, միշտ մեծանում է տրանսպորտի հոսքը, ինչպես նաև բարձրանում են զբոսաշրջային ֆիրմաների ուղեգրերի ու ծառայությունների գները։ Դա կապված է այն բանի հետ, որ քաղաքների բնակիչները զանգվածաբար հավաքում են ճամպրուկները և մեկնում կամ հարազատների մոտ՝ քաղաքից դուրս, կամ շրջագայության, իսկ շրջաններից, ընդհակառակը, շտապում են խոշոր քաղաքներ։ Եվ եթե դուք ծրագրում եք ներկա լինել չինական մի խոշոր տոնի, ապա, իհարկե, անհրաժեշտ է այդ մասին հոգալ նախապես, որ ուղևորությունը դրական տպավորություններ և հույզեր պարգևի։ Իսկ դրանք, հավատացեք, անմոռաց կլինեն. չինական ամեն տոն ունի իր սեփական դեմքը, եզակի է իր ծագումով և սովորույթներով, և դրանք վառ կերպով արտացոլում են ազգի նկարագիրը։
Եվ ուրեմն ի՞նչ են տոնում Չինաստանում։ Դե, նախ պետական տոները. Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը, Մայիսի 1-ը (երեք ոչ աշխատանքային օր), Չինաստանի երիտասարդության օրը, Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի օրը և շատ այլ տոներ, որոնք մեզ քաջ հայտնի են խորհրդային ժամանակներից։ Իհարկե, դրանցից գլխավորը հոկտեմբերի 1-ն է՝ ՉԺՀ-ի կազմավորման օրը։ Այդ օրը ամբողջ երկիրը ցնծում է, շքերթներ են, կլոր տարեթվերին՝ զորահանդեսներ, երեկոյան վիթխարատարած հրավառություններ։ Տոների կապակցությամբ պաշտոնապես տալիս են երեք հանգստյան օր, ավելացրած կիրակի օրերը, բայց շատ ընկերություններ հանգստանում են մի ամբողջ շաբաթ։ Երկար հանգստյան օրերը և հոկտեմբերի սկզբի սովորաբար հիանալի եղանակն այդ տոնը «ոսկե շաբաթ» են դարձնում չինացի ճանապարհորդների համար։ Ընդ որում՝ տրանսպորտի բոլոր տեսակների տոմսերն արագ ու նախապես են գնվում, ավիաթռիչքներն ու հյուրանոցները թանկանում են։ Տեսարժան վայրեր այցելությունները բազմապատկվում են։ Այսպես, անցյալ տարի տոնական արձակուրդներին միայն մեկ օրում Պեկինի «Արգելված քաղաք» էր այցելել ավելի քան 100 հազար մարդ, իսկ իմ ընտանիքը ստիպված եղավ առնվազն 1,5 ժամ ավտոբուսի սպասել Թրծակավե ռազմիկների թանգարան ուղևորվելու համար, ընդ որում, հավատացեք, բազմատեղ ավտոբուսները մոտենում էին բառացիորեն մեկը մյուսի հետևից։
Հաջորդ տոները փոխառյալներն են։ Դա, նախ, Գրիգորյան տոմարով Նոր տարին է՝ պետականորեն սահմանված տոն (մեկ հանգստյան օր), և եվրոպական Սուրբ ծնունդը։ Այն նշվում է քրիստոնեական եկեղեցիներում, բազմամարդ ու զարմանալի գեղեցիկ ժամերգությամբ, իսկ ստվարաթիվ օտարերկրացիներն ու եվրոպականացած չինացիները ուրախանում են ակումբներում։ Ճիշտ է, թեկուզ քաղաքներում ու առևտրի կենտրոններում տոնածառեր են դրվում, ձմեռպապեր և այլն, սակայն այդ տոնի օրերին Չինաստանում ճոխ հանդիսություններ, տոնական առատ սեղաններ չես տեսնի։ Բացի այդ, վերջին ժամանակներս երիտասարդությունն սկսել է նշել նաև Սուրբ Վալենտինի օրը և հելոուինը, բայց, իհարկե, ոչ զանգվածային կարգով։
Եվ, իհարկե, չինացիների համար ամենասրտամոտն ու զբոսաշրջիկների համար ամենահետաքրքրականը մնում են ավանդական տոները։ Դրանք սովորաբար կապված են կրոնական սրբությունների, սնահավատության ու առասպելների հետ, ինչպես նաև աստղագիտության, մաթեմատիկայի ասպարեզում չինացիների հին իմացությունների և թվականության հնամյա եղանակների հետ։ Շատ տոների ձևավորման վրա ազդեցություն է գործել ըստ լուսնային օրացույցի սեզոնների փոփոխությունը։ Համաձայն չինական ավանդական օրացույցի, տարին բաժանվում է 24 սեզոնի։ Տոների մեծ մասի ծիսակարգերը ծնունդ են առել դեռ մեր թվարկությունից առաջ։ Երկար տարիների ընթացքում չին ականավոր պոետներն ու գրողները ստեղծել են տոնահանդեսների նկարագրության գլուխգործոցներ, և այդ գրքերը մինչ օրս ժողովրդականություն են վայելում երկրում։ Իհարկե, հոդվածի շրջանակները մեզ հնարավորություն չեն տալիս ներկայացնելու չինական ավանդական տոների ամբողջ պատմությունն ու բոլոր նրբությունները, առավել ևս, որ չինացիները տոներ ունեն, ինչպես ասում են, «կյանքի բոլոր դեպքերի համար», բայց կանգ առնենք գլխավորների վրա։
Չինական Լուսնի Նոր տարի կամ Չունձիե։ Բառացի նշանակում է Գարնան տոն։ Դա ամենատևական և ամենահանդիսավոր տոնն է Չինաստանում։ Օրերը շարժական են լուսնային օրացույցին համապատասխան, սակայն սովորաբար այն լինում է հունվար-փետրվարին։ Պաշտոնապես դրանք երեք ոչ աշխատանքային օրեր են, գումարած հանգստյան օրերը, ընդամենը հինգ օր, սակայն բոլոր ընկերությունները հանգստանում են առնվազն մեկ շաբաթ, հաճախ տոնը կարող է ձգվել երկու շաբաթ և ավելի։ Շատ գործարարներ առհասարակ համարյա մեկ ամսով փակում են իրենց ձեռնարկությունները։ Սա հիշեցում է մեր գործարարների համար։ Իսկ չինական Նոր տարվա, դրա հետ կապված լեգենդների, առանձնահատկությունների, ավանդույթների ու ծեսերի մասին կպատմենք առանձին հոդվածով։ Հիմա սոսկ հիշեցնենք, որ այս անգամ այն նշվելու է առաջիկա փետրվարի 19-ին՝ փայտե Կապույտ այծի նշանի ներքո։
Լապտերների տոն՝ Յուանսյաո։ Նշվում է առաջին լիալուսնի օրը՝ լուսնային օրացույցի առաջին ամսվա մոտավորապես 15-ին, համարվում է գարնան տոնի կամ նոր տարվա ավարտ։ Տոնին նախորդող երեկոյան ամբողջ Չինաստանը ողողվում է մեծ ու փոքր լապտերների լույսով։ Գունավոր լապտերները սարքվում են կարմիր թղթից, որոնց վրա պատկերվում են սարեր, գետեր, մարդիկ, ծաղիկներ, թռչուններ, գազաններ... Լապտերների ամենատարածված տեսակը կոչվում է «ցզոմադեն»։ Դրանք գոյություն ունեն արդեն մոտ երկու հազար տարի, ունեն բոլորաձև ատամնանվակ, որը շարժվում է, երբ լապտերի մեջ վառվող մոմ է դրվում, ահա այդ ժամանակ լապտերների ներսի թղթե ձիուկներն սկսում են պտտվել։ Տոներին կազմակերպվում են լավագույն լապտերների ցուցահանդեսներ և մրցույթներ։ Բացի այդ, այդ տոնի օրերին անցկացվում են տարատեսակ խաղեր, հրավառություններ, պարեր, ակրոբատների և կրկեսի արտիստների ելույթներ։ Երեկոյան մարդիկ բրնձալյուրի կարկանդակներ՝ «յուանսյաո» են ուտում, որոնք վաղեմի ժամանակներից համարվում են ընտանեկան բարօրության, սիրո և երջանկության խորհրդանիշ։ Իսկ ինչո՞ւ են մարդիկ Յուանսյաոյի տոնին լապտերներ կախում։ Ասում են, թե մ.թ.ա. 180 թվականի այդ օրը կայսր է հռչակվել, որ կարգադրել է տոնակատարության համար ամենուրեք կարմիր լապտերներ կախել։ Այսպես էլ դարձել է ավանդույթ. կայսրն ամեն տարի դուրս է եկել պալատից, որ հասարակ մարդկանց հետ մասնակցի տոնախմբությանը և հիանա բազմերանգ լապտերներով։ Մեր թվարկությունից առաջ 140 թվականից Յուանսյաոյի տոնը դարձել է պետական տոն։
Հանգուցյալների հիշատակի օր (մեռելոց) կամ Ցինմին։ Ապրիլի 4-ին, 5-ին կամ 6-ին, մեկ ոչ աշխատանքային օր, սակայն ընկերությունները սովորաբար հանգստանում են երեք օր։ Այդ օրը մարդիկ այցելում են իրենց հանգուցյալների շիրիմներին, կարգի բերում գերեզմանները, ծաղիկներ են դնում, մոմեր են վառում, թղթե «զոհաբերության փողեր» են այրում, հարգում անցավորաց հիշատակը՝ խոնարհվելով շիրմաքարերի առջև։ Ցինմինն առաջացել է Հան դինաստիայի օրոք (մ.թ.ա. 206 թ.- մ.թ. 220 թ.), հետագայում այդ ավանդույթը խորացել է, և մարդիկ ոչ միայն «զոհաբերության փողեր» են այրել շիրիմների վրա, այլև 10 բաժին ուտելիք են դրել։ Մի շարք արարողություններ, ինչպես, օրինակ, խարույկ վառելը, այսօր էլ պահպանվում է, սակայն ծիսակատարությունները, այնուամենայնիվ, դարձել են ավելի պարզ, քան եղել են հնում։ Նկատեմ, այս տոնի ժամանակ հատկապես երևում է չինացիների վերաբերմունքը կյանքի ու մահվան նկատմամբ։ Պատահական չէ, որ «ցինմին» բառը թարգմանաբար նշանակում է «պարզ, մաքուր եղանակ», այն համարում են նաև թե՛ պարզության, թե՛ մաքրության տոն։ Տոնն ունի նաև այլ անվանում. «Առաջին խոտի վրա զբոսնելու օր», քանի որ հնում ընդունված է եղել զբոսանքի գնալ քաղաքից դուրս և դաշտային ծաղիկներ փնջել։ Այդ ավանդույթը մինչ օրս էլ պահպանվում է. կանայք և աղջիկները դաշտերում բանջար են քաղում և դրանով պելմենի լցոն են պատրաստում։ Այդ տոնին չինացիների շրջանում ընդունված է թղթե օդապարուկներ արձակել, ճոպան ձգել և ճոճվել ճոճանակների վրա։ Այսինքն, ըստ էության, Ցինմինի տոնն արցունք թափելու օր չէ, այն կապված է վերածնությանը չինացիների հավատի հետ։
Վիշապանավակի տոն կամ Դուանյու. ամսաթիվը շարժական է, սակայն տոնը նշվում է լուսնային օրացույցի հինգերորդ ամսվա հինգերորդ օրը, այսինքն՝ հունիսին։ Պաշտոնապես ոչ աշխատանքային է մեկ օր, սակայն հիմնականում բոլոր ընկերությունները հանգստանում են երեք օր։ Գոյություն ունի այդ տոնի առաջացման մի քանի ավանդություն, բայց ամենատարածվածը կապված է ժողովրդական հերոս և պոետ Ցյույ Յուանի անվան հետ, ով գերադասել է վերջ տալ կյանքին, քան դավաճանել թշնամու կողմից զավթված իր հայրենիքին։ Թշնամական իշխանության տերը նրան առաջարկում է ծառայության անցնել իր մոտ, բայց պոետը նետվում է գետը։ Տեղի գյուղացիները երկար ժամանակ որոնում են Ցյույ Յուանի մարմինը՝ գետում լողալով նավակներով, բայց այդպես էլ չեն գտնում։ Այդ ժամանակից ի վեր ամեն տարի, ի պատիվ Ցյույ Յուանի, անցկացվում են վիշապանավակների մրցումներ։ Մրցումները տեղի են ունենում Չինաստանի բոլոր քաղաքներում։ Մարդիկ նաև բամբուկի տերևներով փաթաթված բրինձ են նետում գետ, ասես կերակրելով ձկներին, որ սրանք չդիպչեն լեգենդար հերոս պոետի մարմնին։ Սա շատ հուզիչ, գեղեցիկ տեսարան է։ Այդ օրվա ավանդական հյուրասիրությունը ձունձի է՝ բամբուկի տերևներով բրգաձև փաթաթված դյուրամած բրինձ՝ ավելացրած բակլա կամ լոբի, միս և չիր։ Տոն օրերին ընդունված է ուտել աղով ձու, խմել բրնձի գինի։ Համարվում է, որ այդ մթերքները քշում են չար ոգիներին։
Զույգ յոթի տոն՝ Ցիսիցզե (լուսնային յոթերորդ ամսվա յոթերորդ օրը)՝ Չինաստանում սիրված տոներից մեկն է։ Համարվում է, որ այդ օրը, տարին մեկ անգամ միայն, Երկնային գետի (Ծիր կաթին) կախարդական կամրջով թույլատրված է անցնել և հանդիպել երկու սիրահար աստղերի՝ Հովվին ու Ջուլհակուհուն։ Մնացած ժամանակ Երկնային կայսեր հրամանով նրանք բաժանված են։ Հովիվն Արծվի համաստեղության աստղ է, Ջուլհակուհին՝ Քնար համաստեղության աստղ, և հենց այդ օրն են Քնար ու Արծիվ համաստեղություններն իրոք մոտենում իրար՝ Ծիր կաթինի ֆոնին։ Այդ օրը երիտասարդ չինուհիները բախտ են գցում՝ խորհուրդ հարցնելով Ջուլհակուհուց։ Նրանք վերցնում են գունավոր թելեր և յոթ ասեղ, և ով կարողանում է թելել այդ յոթ ասեղները, նրա բախտն անպայման կբացվի։ Սիրահարվածների այս տոնին մարդիկ աղոթում են նաև հմուտ արհեստավոր դառնալու համար։
Լուսնի աստվածուհու տոն, աշնան կեսերի և բերքի տոն՝ Չժունցյուցզե։ Նշվում է 8-րդ ամսվա 15-ին և ոչ աշխատանքային օր է։ Լիալուսինը Չինաստանում խորհրդանշում է ընտանեկան բարօրություն ու հարստություն. հավաքվում են ընտանիքի բոլոր անդամները և տոնը նշում ճոխ ճաշկերույթով ու խմիչքով։ Հնում տոնախմբությունը միշտ անցել է բացօթյա, ամենուր այդ երեկո կարելի էր «լուսնային նպատակի» պատկեր տեսնել։ Անբաժանելի մաս է նաև «լուսնային կարկանդակը»՝ «Յուեբինը»։ Թխում են ցորենի ալյուրով, տարբեր խորիզներով և փաթաթում գրառված թղթերի մեջ։ Կարկանդակը հաճելի է նվիրել ընկեր-բարեկամներին, հարազատներին։ Գնահատելի է ոչ միայն համը, այլև արտաքին տեսքը, ընդ որում, երբեմն փաթեթավորումը շատ ավելի թանկ է լինում, քան բուն պարունակությունը։
Զույգ իննի տոն՝ Չունյացզե։ Նշվում է 9-րդ ամսվա 9-րդ օրը, սովորաբար հոկտեմբերին։ Հին ու առեղծվածային «Իցզին» փիլիսոփայական համակարգում 6 թվանշանը «բացասական» իմաստ ունի, իսկ 9-ը՝ «դրական»։ Երկու ինը երկու դրական թիվ է։ Բացի այդ, չինարենում «ինը» համահունչ է «հավերժություն» բառին, ուստի հնում այդ օրը համարում էին երջանկաբեր և արժանահիշատակ։ Չինաստանում Չունյանցզեի տոնը նշվում է անհիշելի ժամանակներից։ Եվ էլի։ Հին ժամանակներից չինացիները սիրում են քրիզանթեմը, այստեղ այդ ծաղկի բազում-բազմաթիվ տեսակներ կարելի է տեսնել։ Տոնը զուգադիպում է աշնան այն շրջանին, երբ ամենուր փարթամորեն բացվում են քրիզանթեմները։ Տոնի կարևոր ավանդույթներից մեկն էլ քրիզանթեմներով հիանալն է։ Հաճելի է նաև խմել այդ ծաղկի թերթիկներով թրմած գինի, քրիզանթեմներ կախել դռնից ու պատուհաններից. սա չար ոգիները քշելու ավանդանշան է։
Մեր «տոնացույցն» ավարտենք ձմեռային արևադարձի տոնի՝ Դունչժիցզեի մասին պատմությամբ: 2500 տարի առաջ չինացիներն արդեն Արևի դիտարկումներ էին կատարում և կարող էին ճշգրիտ ասել ձմեռային արևադարձի օրը։ Դունչժիցզեի տոնը սկսել է նշվել Հան դինաստիայի կառավարման օրոք (մ.թ.ա. 206 թ. - մ.թ. 220 թ.)։ Հին Չինաստանում մեծ նշանակություն է տրվել ձմեռային արևադարձի օրվան։ Համարում էին, որ այդ օրվանից բարձրանում է բնության առնական ուժը և նոր շրջափուլ է սկսվում։ ՈՒստի այն համարվել է երջանիկ օր և արժանի է տոնակատարության։ Պատմական գրառումներում կա այսպիսի մի հիշատակություն. «Ձմեռային արևադարձի օրը նույնքան կարևոր է, որքան նոր տարին», ու մինչ օրս ձմեռային արևադարձի օրը համարվում է չինական ավանդական տոներից մեկը։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից