ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն լարվածության թուլացման և ուղիղ երկխոսության կոչ է արել Հնդկաստանի արտգործնախարարի և Պակիստանի վարչապետի հետ հինգշաբթի ունեցած առանձին հեռախոսազրույցների ժամանակ։ Նա ցավակցություն է հայտնել երկու հարևան երկրների միջև շարունակվող հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ։               
 

Ինչ է եղել եկեղեցապատկան տարածքի հետ (բաց նամակ Տարոն Մարգարյանին)

Ինչ է եղել եկեղեցապատկան տարածքի հետ (բաց նամակ Տարոն Մարգարյանին)
27.01.2017 | 10:52

Հարգարժան տիար Մարգարյան, գալիք նոյեմբերին կլրանա Աջափնյակ վարչական շրջանի եկեղեցու հիմնադրման և մոռացության մատնելու 10-րդ հոբելյանական տարեդարձը։ Կարևորելով աջափնյակցիներիս համար այս «նշանավոր» իրադարձությունը, Ձեզ եմ հղում այս բաց նամակը, որը Աջափնյակի բնակչության խնդրանքն է` հասկանալ, թե ինչ է կատարվել Սուրբ Խաչ եկեղեցու հետ։

Այն վաղո՜ւց, շա՜տ վաղուց պետք է իր վեհասքանչ դռները բացեր հավատավոր հոտի առաջ։ Այսօր մեր աչքի առաջ չափազանց տխուր տեսարան է բացվում իր ողջ ամոթալի շքեղությամբ... Եկեղեցու կառուցման համար նախատեսված շուրջ 1 հա տարածքի մի հատվածում կառուցվել է քոթեջային մի համալիր, մեկ այլ մասում գալիք գարնանը կավարտվի դղյականման ինչ-որ շինության կառուցումը, իսկ գովազդային վահանակները ծանուցում են, որ վերոնշյալ տարածքը վաճառվում է։

Սուրբ Խաչ եկեղեցու հիմնարկեքին մասնակցում էին երկրի հոգևոր և աշխարհիկ վերնադասը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Աջափնյակ համայնքի ղեկավար Ռուբեն Հովսեփյանը և այլք։ Աջափնյակի թաղապետարանում ձևավորվեց հիմնադրամ, որը պետք է զբաղվեր Սուրբ Խաչի կառուցմամբ։ Հիմնադրամի գործունեությունը ցայսօր անհայտ է մեզ։ Մեր ջանքերը` մեր միջոցներով, այն է` հանգանակությամբ, նպաստել համայնքի եկեղեցու կառուցմանը, ի դերև եղան։ Արդեն 2010-ից եկեղեցու կառուցման հետ կապված բնակիչներիս տագնապները սաստկացան, զի ակնհայտ էր, որ ինչ-ինչ պատճառներով վտանգված է դրա կառուցումը։ Տողերիս հեղինակը, մի շարք հրապարակումների անարդյունավետությունից հոգնած, 2012-ին դիմեց Վեհափառ հայրապետին։


Աջափնյակ վարչական շրջանը մայրաքաղաքի անեկեղեցի միակ համայնքն է։ Աջափնյակն այսօր այլ հարմար վայր չունի եկեղեցու կառուցման համար։ Սուրբ Խաչը 4-րդ դարում կերտված Մաստարայի կենտրոնագմբեթ տաճարի նմանօրինակն է, ճարտարապետը բազմափորձ եկեղեցաշինարար Ռուբեն Ազարյանն է։ Սուրբ Խաչի բարձրությունը` խաչով, 37 մետր պիտի լիներ։ Այժմ առկա է եկեղեցու բետոնե հիմքը, որի խորքերում է պատսպարվել եկեղեցու կառուցմանը նվիրված վեհաշունչ գիրը` պահպանված հատուկ պարկուճի նվիրում գալիք սերունդներին։


Հարգարժան տիար Մարգարյան, խնդրում եմ պարզաբանել` արդյոք Սուրբ Խաչ եկեցեղու կառուցման համար հատկացված տարածքն օրինականորե՞ն է տրամադրվել այլ կառուցապատողների։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1489

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ