ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Նախարարն էլ վստահ չէ իր ասածին

Նախարարն էլ վստահ չէ իր ասածին
27.06.2017 | 10:03

Հայաստանի արտաքին պարտքը շուտով կգերազանցի 6 մլրդ դոլարի շեմը։ Երեկ խորհրդարանը սկսեց 2016 թ. պետբյուջեի կատարողականի քննարկումները, և ֆինանսների նախարար Վարդան Արամյանը փաստեց, որ 5,9 մլրդ դոլարով 2016-ը փակել ենք։ Բայց հոգ չէ, դա վտանգավոր չէ։ Ավելին, ըստ նախարարի, Հայաստանի կառավարությունը շարունակելու է արտաքին պարտքը մեծացնել։ «Մենք պետք է որոշակի պարտք վերցնենք, որ տնտեսությունն աճի։ Եթե մի կետի հասնենք, որ տնտեսությունն արագ աճի, քան պարտքը, նշանակում է, ցանկալի արդյունքի ենք հասել։ Պարտք, այո, պետք է վերցնենք, բայց միաժամանակ ջանքեր պետք է գործադրել, որ ընթացիկ ծախսերը ճիշտ լինեն, դա կբերի տնտեսության արտադրողականության բարձրացմանը»,- փաստեց նախարարը։


Իհարկե, նախարարը կարող էր երկար խոսել և տնտեսագիտական բառ ու բանով համոզել, որ արտաքին պարտքը դեռ վտանգավոր չէ, բայց նույն ջանասիրությամբ ու եռանդով նա չի կարող հասարակությանը համոզել, որ այդ վարկերով տնտեսությունը հաստատ զարգանալու է։ Նախ` մեծ հարց է` Հայաստան եկած միլիարդավոր դոլարի վարկերից քանի՞սն են ցանկալի արդյունք ապահովել ու տնտեսություն զարգացրել։ Այս հարցի պատասխանն ակնհայտ է` Հայաստանի տնտեսության ծանր վիճակը լավագույն պատասխանն է։ Ասել է` վարկերը չեն հասել իրենց նպատակին, չեն տրվել տնտեսության համապատասխան ճյուղերին ու առաջընթաց չեն արձանագրել։ ՈՒրեմն, որտե՞ղ են այդ գումարները։


Վարկերը, իսկապես, աճ են ապահովել, սակայն այլ ուղղությամբ։ Ովքեր իշխանություն են ունեցել, բարգավաճել են ու միլիոններ դիզել, ինչի՞ արդյունքում` աշխատավարձի՞։ Հազիվ թե (հանուն արդարության նշենք` միայն վարկերով չէ, որ հարստացել են)։ Նախարարն ասում է, որ պարտքը վտանգավոր չէ, եթե...


Եթե երկրի ֆինանսների պատասխանատուն «եթե»-ներով է խոսում, ուրեմն ո՞վ կարող է դրսից եկած գումարների նպատակային ծախսման համար երաշխավոր լինել։ Տպավորությունն այնպիսին է, թե նախարարն էլ վստահ չէ, որ այդ գումարները ճիշտ են ծախսվում, և ավելի անկեղծ կլիներ, եթե ուղիղ ասեր, որ երբ վարկերի առյուծի բաժինը հայտնվում է ոմանց գրպանում, վարկը դառնում է չարիք պետության գլխին։
Հայաստանի արտաքին պարտքը, եթե անգամ 5,9 միլիարդից էլ չավելանա, չափազանց վտանգավոր է, քանի որ վարկերը փոշիացվել են, տնտեսությունը չի զարգացել, իսկ հարկատուներս շարունակում ենք արդեն վերցրած վարկերը սպասարկել։ Մինչդեռ այդ գումարներով ոմանք կապիտալ են կուտակել, որը շատ հաճախ երկրից դուրս է հոսել։
Հիմա լա՞վ է, թե՞ վատ վարկ վերցնելը։ Նայած թե` ում աչքով ես խնդրին նայում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7319

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ