Օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ մեծ արձագանք ունեցավ Հայաստանում։ Մեր արտգործնախարարությունը չէր շտապում արձագանքել դրան։ Սակայն այսօր խորհրդարանում Զոհրաբ Մնացականյանը, այդուհանդերձ, ստիպված եղավ խոսել այդ թեմայից։ Պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի այդ հանդիպմանն առնչվող հարցին, Մնացականյանը վստահեցրեց, որ Հայաստանն այս առումով որևէ մտահոգություն չունի:
«Այս առումով որևէ արտառոց բան չկա; Սա առաջին հանդիպումը չէ, սրանից առաջ եղել են հանդիպումներ մի շարք այլ երկրների հետ, ծրագրված են այլ հանդիպումներ: Սա նորմալ բնականոն աշխատանք է, մենք որևէ մտահոգություն չունենք այն մասով, ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահներին: Գուցե տարբերությունը նրանումն է, որ եղավ Թուրքիայի կողմից մեկնաբանություն: Ի դեպ, եթե անկեղծ լինենք. այդ մեկնաբանությունում չկար որևէ բան, որ մենք նախկինում չէինք լսել: Եվ մենք այդ առումով հանդես եկանք մեր հայտարարությամբ: Այդ մոտեցումը բոլորին ծանոթ է, որ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը ԼՂՀ-ի հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ Թուրքիան չի կարող ուղիղ ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ»,-ասաց ատգործնախարարը:
Այն, որ Թուրքիան մշտապես մեծ ցանկություն ունի ուղիղ մասնակցություն ունենալ հակամարտության կարգավորման գործընթացում, նորություն չէ, սակայն դժվար է հիշել, թե նախկինում երբևէ Մինսկի խմբի համանախագահները հանդիպե՞լ Թուրքիայի արտգործնախարարի հետ։ Շատ մեծ հարց է նաև, թե համանախագահներն ինչ են փոխանցել թուրք արտգործնախարարին ու ինչ ուղղորդումներ են նրանից ստացել։ Սա արդյոք մտահոգիչ չէ, Զոհրապ Մնացականյանը վստահեցնում է՝ ոչ։ Մնում է հասկանալ, թե սա մեր արտգործնախարարի կողմից դիվանագիտական խուսանավում է, թե իսկապես հեչ իրենց չի անհանգստացնում այդ հանդիպման փաստը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ