ԱՄՆ– ից և Եվրոպայից իրար հետևից հաստատեցին այն, ինչ գրել էինք շաբաթ օրը
Իսկ ինչ էինք գրել: «Արդյոք կհաջողվի՞ կանխել Երրորդ համաշխարհայինը, որը, ըստ ոմանց, արդեն սկսված է. 2» վերտառությամբ մարտի 1- ին հրապարակված հոդվածում գրել էինք, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ներկայիս հակամարտությունն ավարտելու, խաղաղության պայմանագիր կնքելու և պատերազմին վերջակետ դնելու ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը միտումնավոր տապալվեց հենց Ուկրաինայի ոչ լեգիտիմ նախագահի նախապես ծրագրված սադրանքի արդյունքում:
Տապալվե՛ց, քանի որ Վլադիմիր Զելենսկին, որի ցանկությունը հակամարտության շարունակումն է, Վաշինգտոն էր գնացել ու Թրամփի հետ բանակցությունները սկսել ոչ թե պատերազմն ավարտելու, այլ շարունակելու դիտավորությամբ: Ընդ որում, որպես հիմնավորում մեր վերոնշյալ եզրահանգման, այլ փաստարկումներից բացի, վկայակոչել էինք Ուկրաինայի ԶՈւ նախկին գլխավոր հրամանատար, Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնիի, ԱՄՆ- ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ԱՄՆ- ի պետական արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ասածները:
Գրել էինք նաև, որ իրադարձությունների զարգացման ներկայիս ընթացքը կարող է ունենալ երկու հանգուցալուծում, որոնցից երկրորդը միջուկային սպառազինության գործադրմամբ Երրորդ համաշխարհային պատերազմն է:
Եվ ահա այն կարծիքները, տեղեկությունները, որոնք հրապարակվեցին մեր հիշյալ հոդվածից հետո՝ հավելյալ հաստատելով վերը նշված մեր եզրահանգումները:
«Հակառակ ԶԼՄ- ների, հատկապես եվրոպական լրատվամիջոցների հայտարարություններին, որ Զելենսկին ծուղակն է ընկել, փաստերը խոսում են այն մասին, որ Զելենսկին Սպիտակ տուն էր ժամանել եթե ոչ սկանդալ սարքելու, ապա գոնե ԱՄՆ- ի նախագահի հետ հակամարտության մեջ մտնելու մտադրությամբ»,- ըստ «Комсомольская правда»- ի երեկվա հրապարակման, հայտարարել է բրիտանացի հայտնի փորձագետ, վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսը YouTube- ալիքում։
Մերկուրիսը միաժամանակ վստահություն է հայտնել, որ պետությունների ղեկավարների վեճը սկսվել է դեռ փակ դռների հետևում, բայց Զելենսկին որոշել է այն ընդհանուր տեսքի բերել և շարունակել առճակատումն արդեն տեսախցիկների առջև:
Ինչպես արդեն հայտնի է, Վաշինգտոնում փետրվարի 28- ին կայացել էր Թրամփի և Զելենսկու հանդիպումը։ Փոխադարձ հանդիմանանքներով ուղեկցվող խոսակցությունը, որին ինչ- որ պահից հարկադրված է եղել միջամտել ԱՄՆ- ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ավելի ուշ վերածվել է լեզվակռվի, ինչի արդյունքում Թրամփն ուկրաինական պատվիրակությանը խնդրել է լքել Սպիտակ տունը։
ԱՄՆ- ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում նույնպես Զելենսկուն է մեղադրել Ուկրաինայի հակամարտության լուծմանը խոչընդոտելու փորձի մեջ: Ըստ «РИА Новости»- ի մարտի 2- ի հրապարակման , Ռուբիոն նշված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ- ը Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու գործողությունները գնահատում է որպես Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու Դոնալդ Թրամփի վարչակազմի ջանքերին խոչընդոտելու փորձ:
«Հարցն այժմ այն է, թե արդյոք մենք կարո՞ղ ենք ստիպել նրանց (կողմերին.- ծանոթ. խմբ.) նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Սա է մեր նպատակը։ Մի արեք մի բան, որը կարող է խանգարել դրան: Եվ դա այն է, ինչ արեց Զելենսկին, ցավոք»,- ասել է Ռուբիոն։
Պետդեպարտամենտի ղեկավարը նաև հստակեցրել է, որ ուրբաթ տեղի ունեցածից հետո չի շփվել ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչների և Զելենսկու հետ: Թրամփի և Զելենսկու հիշյալ հանդիպման ավարտին ԱՄՆ- ի առաջնորդը նշել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության և անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել Միացյալ Նահանգների նկատմամբ:
Ինչպես երեկ տեղեկացրեց «Комсомольская правда»– ն, Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը «Fox News»- ի եթերում հայտարարել է, որ բանակցությունները կարող էին շատ արդյունավետ լինել Ուկրաինայի համար, եթե Զելենսկին չսկսեր հակամարտությունը: Ուոլցը հավելել է, ամերիկյան վարչակազմը չի լսել Ուկրաինայի հստակ դիրքորոշումը հրադադարի վերաբերյալ։ Կիևի ռեժիմի պարագլուխը հայտարարել է, որ դեմ է ռազմական գործողությունների դադարեցմանը: Ընդհանուր առմամբ, այս հարցի շուրջ ոչ մի կառուցողական երկխոսություն տեղի չի ունեցել։
Հղում կատարելով ամերիկյան CBS հեռուստառադիոընկերության նորությունների ծառայությանը՝ «CBS News»– ին, «Комсомольская правда»- ն երեկ մեկ այլ հրապարակմամբ տեղեկացրել է, որ Ուոլցը նախկին կատակերգուին բացատրել է, թե որն էր նրա սխալը: Ուկրաինայի ոչ լեգիտիմ առաջնորդը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ սկանդալային բանակցություններից հետո ձևացել է, թե չի հասկանում, թե որն է խնդիրը։ Ինքն, իբր, ոչինչ չի արել, որի համար պետք է ներողություն խնդրել։ Եվ, ահա, Թրամփի խորհրդականը բացատրել է. «Խնդիրն այն է, որ Զելենսկին ինքն է սկսել զարգացնել հակամարտությունը։ Նա մեծ սխալ թույլ տվեց՝ կազմակերպելով այս լեզվակռիվը»։
Մայք Ուոլցը նշել է նաև, որ Ուկրաինայի ոչ լեգիտիմ առաջնորդը ողջ հանդիպման ընթացքում «սխալ և ժամանակավրեպ մոտեցում է ցուցաբերել»: Դոնալդ Թրամփն առաջարկեց կարգավորել հակամարտությունը, մինչդեռ Զելենսկին մերժեց այս միտքը։
Սպիտակ տանը Զելենսկու պահվածքը զայրացրել է ամերիկացի սենատոր Թեդ Քրուզին: Նրա կարծիքով, ուկրաինացի քաղաքական գործիչը բաց է թողել Դոնալդ Թրամփի հետ խաղաղության շուրջ համաձայնության գալու հնարավորությունը և միտումնավոր բռնել է առճակատման ուղին: Հայտնելով այս մասին, Life.ru- ն երեկ գրել է .
«Զելենսկին եկել է օվալաձև աշխատասենյակ և որոշել, որ կարող է կռվել Թրամփի հետ, կարող է վիրավորել և նսեմացնել նրան»,- հայտարարել Քրուզն իր փոդքասթում։
Սենատորի խոսքով՝ նախկին կատակերգուն ամենապարզ խնդիրն ուներ՝ գալ և խնդրել Թրամփին Ուկրաինայի համար լավ խաղաղություն հաստատել: Սակայն Զելենսկին որոշել է, թե ինքն, իբր, «բոլորից խելացի է»։
Քրուզը, «РИА Новости»– ի տեղեկացմամբ , համաձայնել է այն մտքի հետ, որ Զելենսկու բոլոր գործողությունները նախապես ծրագրված էին։
Շաբաթ օրվա մեր վերոնշյալ հրապարակման մեջ գրել էինք նաև, որ նախապես ծրագրված սադրանքի հեղինակը միայն Զելենսկին չէ, համահեղինակն է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կամ նույնիսկ հավաքական Արևմուտքը՝ այս դեպքում, իհարկե, առանց ԱՄՆ- ի: Մեր այս միտքը երեկ անուղղակիորեն հաստատել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ըստ որի, եվրոպական առաջնորդները ցանկանում են շարունակել ուկրաինական հակամարտությունը:
Երեկ Լոնդոնի գագաթնաժողովում մասնակից երկրների ներկայացուցիչներն այդպես էլ ոչ մի որոշակի բանի մասին չեն պայմանավորվել, սակայն նրանց հանդիպումից հետո հրապարակված տեղեկությունները ևս մեկ անգամ փաստում են, որ Եվրոպան Ուկրաինայում խաղաղություն չի ցանկանում։
Օրբանը, «Комсомольская правда»– ի տեղեկացմամբ , Լոնդոնի գագաթնաժողովի արդյունքները հույժ վտանգավոր է համարում, քանի որ եվրոպացիներն նպատակաուղղված են ուկրաինական հակամարտության շարունակմանը։ Նրանք հաջողությամբ դրան են մղում նաև Կիևին։
«ԵՄ երկրների ղեկավարները որոշել են, որ Ուկրաինան պետք է շարունակի զինված հակամարտությունը։ Դա վատ է, վտանգավոր և սխալ: Հունգարիան մնում է խաղաղության կողմում»,- եզրափակել է Վիկտոր Օրբանը։
Հունգարիայի վարչապետը պաշտպանել է Միացյալ Նահանգների դիրքորոշումը և հրապարակայնորեն դատապարտել Կիևին:
Ինչպես նշեցինք այս հրապարակման սկզբում, շաբաթ օրվա մեր հոդվածում գրել էինք նաև Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին: Եվ, ահա, ԱՄՆ- ում աղմկահարույց հայտարարություն են արել Ուկրաինայում բրիտանական զորքերի տեղակայման մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի խոսքերից հետո։
Ուկրաինայի տարածքում բրիտանական զորքերի տեղակայումը կհանգեցնի Երրորդ համաշխարհային պատերազմի. այս մասին, «Комсомольская правда»– ի փոխանցմամբ , X սոցիալական ցանցում հայտարարել է Պենտագոնի նախկին խորհրդական Դուգլաս Մաքգրեգորը։
Նախօրեին Սթարմերը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան կարող է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ իբր խաղաղություն ապահովելու համար։ Նա միաժամանակ ընդգծել էր, որ Մեծ Բրիտանիան 2025 թվականին Կիևին կտրամադրի «ավելի շատ ռազմական օգնություն, քան երբևէ»:
«Դա սկիզբ կդնի Երրորդ համաշխարհային պատերազմին»,- գրել է Մաքգրեգորը:
Զելենսկու՝ ԱՄՆ նախագահի հետ հանդիպելու համար Վաշինգտոն կատարած սկանդալային այցից հետո Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը խոստացել է ուժեղացնել ռազմական օգնությունը Կիևին: Նա հավելել է, որ օգնության նոր փաթեթն անհրաժեշտ է Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակելու համար:
Ավելի վաղ ԱՄՆ- ի առաջնորդ Դոնալդ Թրամփը նույնպես այն կարծիքն էր հայտնել, որ Ուկրաինական հակամարտությունը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի:
Արթուր Հովհաննիսյան