Առաջ երկինքն էր հոգիների զբոսավայրը,
հիմա հոգիներն են երկնքին հյուրընկալում,
առաջ հարցերն ուղղում էի մորս՝
Աստվածն էր պատասխանում,
հիմա Աստծուն եմ ուղղում լռությունս՝
Մայրս է պատասխանում...
Անհայտություն,
տար ինձ անապատներդ,
որտեղից բուրգերը չեն հեռանում՝
իբրև զառամյալներ,
ուր ստվերներ չկան ժանեկազարդ,
և չկան միջանցիկ քամիներ՝
արծաթե բուրվառները հագած:
Ի՞նչ ենք թողնելու մեր զավակներին․
անդամահատված մի նոր պատմությու՞ն,
թե՞ հին պատմության նոր կրկնություն,
թե՞ օտարների գրպանում դրված՝
մաս-մաս վաճառվող մի նոր խեղճություն,
նոր անտերությու՞ն․․․
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...