«Իրանը կասկածամտությամբ է վերաբերվում ԱՄՆ-ի մտադրություններին, որն աշխարհի տարբեր տարածաշրջաններում չարագործությունների և ագրեսիայի պատմություն ունի: Վաշինգտոնի միջամտությունը Կովկասի գործերին լուրջ սպառնալիք է տարածաշրջանային պետությունների կայունության համար»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:               
 

Խոզահոտ «վոդևիլի» երկգույն պալիտրան

Խոզահոտ «վոդևիլի» երկգույն պալիտրան
01.06.2026 | 19:49

(կամ՝ արթնացում «թուրքական ժամանակից»)

2018-ի ապրիլյան քաոսում «խելագարված ամբոխները» հավատում էին, թե Հայաստանում ամեն ինչ կոռումպացված է, քայքայված, լարից ընկած ջութակի նման ֆալշ:

Ինչու՞։

Որովհետև տարիներ շարունակ «հայկական» կոչվող, բայց իրականում «թուրքական ժամանակով» նրանց ներշնչել ու շարունակում էին համոզել, թե Հայաստանի Հանրապետությունում, ինչպես գրել էի իմ՝ «Made in Turkey» շարքում ․

«Սև էին ամենքն ու ամեն բան:

Բայց և ո՛չ մեկը, մինչ «բոլոր ժամանակների ու ժողովուրդների հայհոյաբանության հոր» ի հայտ գալը, չէր զգում-գիտակցում իր սևությունը:

Սև էին երկրի նախկին նախագահները, վարչապետերը, պաշտոնյաները:

Սև էին ազգային հերոսներն ու բանակի ճանաչված գեներալները:

Սև էին առաջատար գիտնականներն ու արվեստագետները:

Սև էին արցախցիներն ու, հատկապես, «դժգույն և գորշ» Շուշին:

Ինչպես պարզվեց հետագայում՝ սև էին անգամ հայոց «ջրերն» ու ձյունածածկ գագաթները:

Սև էր նույնիսկ 1725-ամյա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։

Արդարության դեմ չմեղանչելու համար խոստովանենք, սակայն, որ երկրում սպիտակ «բաներ» էլ կային:

Սպիտակ էին, օրինակ, Մեծ Բրիտանիայի Միացյալ թագավորության MI6-ի ու Թուրքիայի MIT գաղտնի հետախուզական ծառայությունների բովով անցած կրկնակի գործակալները, Սորոսի «դոնոր»-ական «ասեղի վրա նստած» մշտական հաճախորդները, արևմտյան ինչ-ինչ կենտրոններում կասկածելի բովանդակությամբ սեմինարների մասնակցածները:

Սպիտակ էին նաև ԼԳԲՏ-ականները, բոլոր այլասերվածներն ու թմրամոլները, տգետները, զանազան ու այլազան գործ տվողները:

Հայաստանում, սակայն, ոչ ոք (հատուկ գործակալներից բացի) չէր կռահում, որ հայ հանրությունը ներկայացնող պալիտրան երկգույն է, բաղկացած սևերից ու սպիտակներից»:

Երբ բազմագույն աշխարհն իր վառ երանգներով բաժանվում է միայն սևի ու սպիտակի, մարդու ուղեղն իսկույն ազատվում է բարդ վերլուծություններ անելու պարտականությունից։ Պետք չէ քննել փաստերը, համեմատել թվերը կամ խորանալ պատճառահետևանքային կապերի մեջ։

Կա «բացարձակ չարիք»՝ սևեր, և «բացարձակ բարիք»՝ սպիտակներ։

Վերջ։

Իսկ «սևերին» պետք է «չոքըցնել», «կզըցնել», «սատկըցնել», «ասֆալտ ուտըցնելով ԱԱԾ պադվալները լցնել», «գլուխները պատերին տալով» վնասազերծել՝ հանելով քարոզարշավից։

Այսպիսի պարզունակ, կույր ընկալումը հնարավորություն է ընձեռում ցանկացած ձախողում կամ ողբերգություն հեշտությամբ բարդել հակառակորդի վրա՝ սեփական կողմին պահելով անմեղության պատվանդանին՝ կեղծ փրկչի լուսապսակը գլխին քաշած։

Փաստորեն, ութ տարի անց ոչինչ չի փոխվել։ Քաղաքական երկգույն պալիտրան ոչ միայն չի անհետացել, այլև առավել խորն է մխրճվել հանրային գիտակցության մեջ։

Որպեսզի «սպիտակների» լեգիտիմությունը չսպառվի, նրանց օդ ու ջրի պես անվերջ պետք է ներքին, հզոր «սև թշնամի», դիցուք, «եռագլուխ պատերազմի կուսակցություն» հորջորջվող սարսափազդու կերպարով։

«Սպիտակձեռիկների» համար ամենավտանգավորն այդ «թշնամու» բացակայությունն է։

Որովհետև հենց դադարում է ներքին թշնամու փնտրտուքը, հանրությունը սկսում է սթափվել ու հարցեր տալ տապալված խոստումների, քայքայված տնտեսության, անվտանգության կորստի և կառավարման աղետալի որակի մասին։

Հետևաբար, սև ու սպիտակի կործանարար դիսկուրսը արհեստականորեն պահվում է թեժ վիճակում, որպեսզի մարդիկ մշտապես զբաղված լինեն միմյանց դեմ պայքարելով, այլ ոչ թե իշխանությունից իրական խնդիրների լուծումներ ու պատասխանատվություն պահանջելով։

Եվ եթե ութ տարի առաջ այս երկգույն հարթակի ստեղծումը շատերին թվում էր ընդամենը հեղափոխական էյֆորիայի ու էմոցիոնալ տգիտության արդյունք, ապա այսօր այն դարձել է քարոզարշավային պիկապ-ամբիոն, որը ցինիկաբար շրջում է հայրենիքի փլատակների ու թարմ գերեզմանների վրայով՝ անդամահատված երկրի ներկա ողբերգությունն արդարացնելու նպատակով։

Այդ ամբիոնից այլևս ապագա չեն խոստանում․ այնտեղից հիմա ընդամենը կենդանական վախ են ներարկում, թե «սևերի» վերադարձն ավելի սարսափելի կլինի, քան սեփական ձեռքերով պետականությունն ու սրբությունները կտոր-կտոր թշնամու առաջ փռելը։

Նախընտրական շրջիկ կրկեսի պիկապն աղետաբեր բեմահարթակ է, որի ժամացույցը վաղու՜ց լարված է «թուրքական ժամանակով»։

Այնտեղ, ուր Անկարան ու Բաքուն պահանջում են պատմության մոխրացում, հայկական պիկապի բարձրախոսները հռչակում են «խաղաղության դարաշրջան»։

Այնտեղ, ուր թշնամին ջնջում է մեր ներկան, այս ամբիոնը սևացնում ու ոչնչացնում է մեր անցյալը։

Այնտեղ, ուր վտանգված է երկրի լինելությունը, սրանք արհեստականորեն հրահրում են ներքին թշնամանք՝ մարդկանց զբաղեցնելով «սև ու սպիտակի» կույր կռվով, որպեսզի ոչ ոք չնկատի սեփական հայրենիքի անդամահատումը։

Սողացող կապիտուլյացիայի քարոզչություն է սա, որը սեփական ազգային նվաստացումն ու կորուստները հանրությանը հրամցնում է որպես ինքնիշխանության բարձրակետ՝ ստիպելով մի ամբողջ ժողովրդի ապրել, մտածել և հանձնվել բացառապես թշնամու օրակարգի սահմանած ռիթմով։

Այս երկգույն պալիտրան չփոխվեց, որովհետև ութ տարի շարունակ անխափան կյանքի էր կոչվում դրա գլխավոր, կործանարար գործառույթը՝ կաթվածահար անել հանրային բանականությունն ու սպանել սթափ դատելու ունակությունը։

Երբ մարդուն զրկում ես կիսատոններն ու իրական գույները տեսնելու ունակությունից, նրանից խլում ես նաև պատասխանատվության զգացումը: Այդ պատճառով է, որ այսօր՝ Արցախի կորստից, հազարավոր զոհերից և Հայաստանի սահմանների մշտական կրճատումից հետո, «սպիտակների» ճամբարում դեռ հնչում են նույն աբսուրդային կլիշեները: Սեփական սխալն ու կուրությունը խոստովանելու փոխարեն, նրանց համար շատ ավելի հարմարավետ է հավատալ, թե իրենց «Աշոտ Երկաթը» դեռ պայքարում է «սևերի» մտացածին ուրվականների դեմ:

Ահա, թե ինչ է ասում (հղումը՝ Հ․Գ․-ում) տավուշցին, շրջապատված գլուխները տմբտմբացնողների կույր ու հլու ժպտացող «դիմակներով»․

«Մեր Նիկոլ Փաշինյանը Աշոտ Երկաթն ա, մեր թագավորն ա Հայաստանի։ Մեր պարծանքն ա, ոչ մեկը չի կարող հաղթել Նիկոլ Փաշինյանին։

Ոսկի հետնորդ ա։ Մեր ազգի պարծանքն ա։

Ի՞նչ էր նախկինում։ Քոչարյանը բոլորին խփըմ էր ճանապարհներին։ Հիմա ազատ անկախ Հայաստան ա։

Դոդի Գագոն էլ ա դուռակ, որ դուրս ա էկել։ Մեկ ա ձայն չի հավաքելու։ Մենք հաղթելու ենք։

Մի ոչխար էլ Սամվել Կարապետյանն ա։ Չեմ ուզում նրան լսել։ Հայերեն խոսալ չգիտի, նրան ի՞նչ լսենք։

Մենք հաղթելու ենք՝ Աշոտ Երկաթը մեզ հետ ա»։

Սահմռկեցուցիչ է՝ «ոսկի հետնորդին» օդա ձոնող տարեց տղամարդը կանգնած է հայրենիքի կորսված սահմանների եզրին, սեփական տան շեմին, բայց նրա հայացքն ուղղված է ոչ թե թշնամուն, այլ սեփական հայրենակցին, որի կերպարում տարիներ շարունակ սովորեցրել են տեսնել «հավերժական սևերին»։

Նա պատրաստ է ատել, մերժել ու պիտակավորել ցանկացածին, միայն թե ստիպված չլինի բացել աչքերը և նայել իրական աղետի դեմքին։

Ներկայացված դրվագը սովորական քաղաքական կուրություն չէ, այլ հանրային հոգեբանական ինքնասպանություն՝ սինքրոնացված «թուրքական ժամանակով»։

Իրականություն, որտեղ սեփական պետության հիմքերը քանդող «շրջիկ կրկեսի» աղմուկն ավելի հարազատ է, քան հայրենի հողի կորստի ցավը։

Անհավատալի է, բայց փաստ՝ թշնամին արդեն կանգնած է դռանը, իսկ ներսում՝ խանձած խոզի կաշին քերթող ու ախորժակով խժռող, նորօրյա «Աշոտ Երկաթի» կեղծ միֆով սնվողները դեռևս զբաղված են «սև-սպիտակ» ջոկջկելով:

Ծափահարողների քսու ժպիտներին հընթացս, այդ ճենճոտ «վոդևիլի» մասնակիցների բանականության վերջին մնացորդներն անվերադարձ տարրալուծվում են խոզի չալաղաջով ու գառան խաշլամայով ծանրաբեռնված սեղանների շուրջ՝ նախընտրական շրջիկ կրկեսի բարձրախոսների ցինիկ աղմուկի տակ, երկիրը թողնելով «թուրքական ժամանակի» անողոք հաշվարկին։

Եվ այդժամ ապագան դադարում է լինել մերը՝ վերածվելով օտար ու թշնամական կենտրոններում գրված անողոք սցենարի։

Բայց կրկեսային և ոչ մի ներկայացում, որքան էլ ցինիկ ու երկարատև լինի, չի կարող հավերժ փոխարինել իրականությանը։ Պալիտրայի սև ու սպիտակ կեղծ դիմակները վաղ թե ուշ պաթելու են, որովհետև հայի հավաքական գիտակցության խորքում դեռ ապրում է սթափ բանականությունը, պատասխանատվության զգացումն ու սեփական հողին տեր կանգնելու բնազդը։

Արթնացումը լինելու է ցավոտ, բայց անխուսափելի։

Բազմագույն, իրական ու կենսունակ Հայաստանը վերագտնելու ճանապարհը սկսվում է «զրոյական» հենց այն կետից՝ երբ մենք մերժում ենք բարձրախոսների պառակտող ղժղժոցը, կանգնեցնում «թուրքական ժամանակի» անողոք հոսքն ու սկսում ապրել, արարել և պայքարել մեր սեփական՝ հայկական ժամանակով։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ․Գ․

Հղումը՝ https://www.youtube.com/watch?v=OrjqtOkv5Vc

Դիտվել է՝ 209

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ