Այն պնդումը, որ դեմոկրատիա ասվածը ի սկզբանե կապիտալի կողմից առավելագույն շահ գեներացնելու հիմնական տեխնոլոգիաներից մեկն է եղել, որի նպատակն էլ այնպիսի իշխանությունների ձևավորումն է եղել ու կա, որոնք կնպաստեն փողով փող շինելու պրոցեսին, հետագա պարզաբանումների կարիք ունի։
Բանն այն է, որ կան երկրներ, իրենց բավականին թվով ազդեցիկ օլիգարխներով, որոնցից դեմոկրատիայի հոտ անգամ չի գալիս, որը կասկածի տակ է դնում վերևում արված պնդումը, թե դեմոկրատիան փող շինելու պրոցեսի ծնունդ է։
Կապիտալի տեր ցանկացած օլիգարխատ ինքը դինամիկ օրգանիզմ է, որի կազմակերպական կառուցվածքը ժամանակի մեջ զգալի փոփոխություններ է կրում, և ամեն մի ժամանակաշրջան ծնում է տվյալ պայմաններում ունեցած կապիտալից ավելի մեծ շահ գեներացնելու իր ալգորիթմը։
Օրինակ, քաղաքակրթական ցածր մակարդակ ունեցող հասարակություններում այդ ալգորիթմն ունի պարզունակ տեսք և հանգում է մարդկանց առավելագույնս շահագործելուն։
Այսինքն, այդ շրջանում կապիտալը գտնվում է փող շինելու պարզագույն պարադիգմի սահմաններում։
Զարգացման այդ փուլը արևմտյան կապիտալը վաղուց է անցել, բայց ներկայում կան երկրներ, որոնցում օլիգարխները ժամանակի ու հատկապես մենթալիտետի առումով գտնվում են պարզունակ ֆիզիկական մեթոդներով մարդկանց շահագործելու պարադիգմի շրջանակներում։
Այս հարցի մենթալիտետային կողմն էլ վերաբերում է նրան, որ տարբեր պայմաններում ու տեղերում մասնավոր սեփականության նկատմամբ կա տարբեր վերաբերմունք՝ դրա անձեռնմխելիությունն անվերապահորեն ընդունելուց մինչև իշխանությունների կողմից այն որպես գործիք օգտագործելը։
Ըստ էության, վերջին հաշվով, այս հարցը վերաբերում է իշխանության և կապիտալի հիմնարար բնույթի դինամիկ հարաբերություններին՝ մեկը մյուսի նկատմամբ դոմինանտ դիրք գրավելու իմաստով։
Բայց ցանկացած պարադիգմ, այդ թվում նաև կապիտալի կուտակման պարզունակ ֆիզիկական փուլը, ունի իր պոտենցիալը, որը վաղ թե ուշ սպառվում է, և հին մեթոդներով աշխատելը այլևս բավարար շահ չի բերում։
Այդ իսկ պատճառով հին պարադիգմի ընդերքում կամաց-կամաց ձևավորվում են նոր պարադիգմի սաղմերը, որոնք զարգանալով, ստեղծում են նոր պարադիգմի գաղափարախոսությունը։
Տվյալ դեպքում կապիտալը, պայմանների թելադրանքով ստեղծվող նոր գաղափարախոսության միջոցով, հասկացավ, որ կրթված ու տեխնոլոգիաներով զինված աշխատավորը շատ ավելի բարձր արտադրողականություն կունենա, քան՝ զուտ ֆիզիկապես չափից դուրս շահագործվողը։
Դրա հետևանքով, իր իսկ շահից ելնելով, կապիտալը իր վրա վերցրեց մարդկանց կրթելու և նոր տեխնոլոգիաների մշակման գործի կազմակերպումը։
Բայց այստեղ պարզվեց նաև մի ուրիշ հանգամանք, այն է, որ ուսյալ և գիտելիքով զինված մարդը այլևս անազատ ու անիրավունք մնալ չի կարող, այսինքն, ուսյալ հասարակությունը հարմոնիկ ու կայուն կյանքով ապրելու համար պետք է ունենա ազատության ու իրավունքի համապատասխան մակարդակ։
Դա ունենալուց հետո էլ պարզվեց, որ մարդկանց ախորժակը ուտելիս է բացվում, և ինչպես կապիտալն էր խառնվում իշխանության ձևավորման ու երկրների կառավարման գործին, հասարակ մարդիկ էլ ուզեցին խառնվել այդ գործին։
Եվ այստեղ կապիտալը այս մարտահրավերի մեջ տեսավ մի նոր ու շատ մեծ հնարավորություն իր ազդեցությունը պետական կյանքի վրա ավելի մեծացնելու գործում, որը կարող էր դառնալ իր շահույթը մեծացնող կարևոր գործոն ևս։
Այս պայմաններում կապիտալի գաղափարախոսները առաջ քաշեցին փողի կողմից փող սարքելու մի հանճարեղ տեխնոլոգիա, որը տարբեր առումներով ձեռնտու էր կապիտալին, քանի որ և՛ ընդլայնում էր պետական կյանքին խառնվելու հնարավորությունները, և՛, միաժամանակ, ուժեղացնում էր իր հսկողությունը աշխատավոր մասսաների վրա։
Խոսքը դեմոկրատիա կոչված հասարակական քաղաքական նոր տեխնոլոգիայի մասին է, որի օգնությամբ կարելի էր ձևավորել կապիտալին ձեռնտու իշխանություններ, իսկ իշխանություն ձևավորող նոր տեխնոլոգիայի մաս կազմող ընտրական համակարգն էլ հասարակ մարդկանց մոտ կարող էր այն տպավորությունն ու համոզումը ստեղծել, որ հենց իրենք ընտրեցին իշխանություններին։
Այնինչ, կուսակցությունների գաղափարի վրա հիմնված ընտրական պրոցեսի ընթացքն այնպիսին էր, որ իշխանական պոստերի համար թեկնածուների առաջ քաշումն ինքը լիովին վերահսկելի էր, որին հասարակ մարդիկ խառնվել չէին կարող։
Այս ամենի նպատակն էլ այն էր, որ կապիտալին ոչ ձեռնտու թեկնածուների մասնակցությունը ընտրության պրոցեսին հնարավորինս բացառվի։
Դեմոկրատիա կոչեցյալով պայմանավորված հարաբերությանների պարադիգմը կապիտալի, իշխանությունների ու ընտրազանգվածի միջև, ինչպես բոլոր պարադիգմերը, ունի իր հնարավորությունների վերին սահմանը, որին մոտենալով, այս տեխնոլոգիան, իր կյանքը երկարացնելու նպատակով դիմում է զանազան մեթոդների՝ դրանով իսկ մտնելով իր յուրատեսակ դեկադանսի փուլը։
Մյուս կողմից էլ, մտնելով միցակցության մեջ ավտորիտար բնույթի փսևդոդեմոկրատիաների հետ, նախկինում իրապես դեմոկրատական որոշ գծեր ունեցող հասարակության կառավարման այս տեխնոլոգիան նոր ու ռադիկալ բնույթի փոփոխությունների առաջ է կանգնած՝ ներկա պայմաններում իր ոչ էֆեկտիվության պատճառով։
Պավել Բարսեղյան