Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Քանի դեռ կենդանի է հիշողությունը

Քանի դեռ կենդանի է հիշողությունը
24.09.2024 | 09:54

Ջնջել, այսինքն, վերացնել, այսինքն, սրբել հետքերը, այսինքն, չունենալ մի բան, ինչը եղել է, այսինքն, վտանգ զգալ դրա գոյությունից և կամ անկարևորությունից, այսինքն, կարծել, որ դրա չգոյությունն ազատում է նրա համար ունեցած պարտքի զգացումից: Հրճվել այն մտքից, որ ամեն բան կարելի է ջնջել, հետո տխրել միևնույն մտքից, հետո դառնալ անտարբեր, երբ ձեռքիդ համար սովորական պիտի դառնա ոչնչացման շարժումը, հետո նույնացնել ջնջելն ու սրբագրելը և բավականություն ստանալ այդ խորամանկ նմանեցումից:

Ջնջվածը լրացնել մեկ այլ բանով, լրացվածը ջնջել, լրացնել ջնջված լրացումը, դա էլ անհետացնել, փոփոխել, նորացնել, թարմացնել, չթողնել անհաստատ ոչինչ, կասկածել ցանկացածի լինելու իրավունքին, ցանկացածի համար ջնջոց դառնալ ու մեծահոգի լինել` չջնջելով: Եվ այդպես ապրել երջանիկ ու գոհունակ, մինչև այն պահը, երբ վրա կհասնի ինքնաջնջումի անխուսափելի վայրկյանը:

Ջնջվել` այդպես էլ չհասկացած, որ ամեն ինչ կարել է ջնջել, բացի մի բանից` ջնջվածի մասին հիշողությունից: Եվ քանի դեռ կենդանի է այդ հիշողությունը, յուրաքանչյուր ջնջում կորցնում է իր իմաստը:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 16151

Մեկնաբանություններ