Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Եվրոպական ֆուտբոլ

Եվրոպական ֆուտբոլ
11.05.2018 | 02:03

Եվրոպական ֆուտբոլային գերտերություններից քանի դեռ Գերմանիայում հանգստյան օրեր էին, Ֆրանսիայում ու Իտալիայում թիմերը վիճարկում էին երկրների գավաթները, իսկ Անգլիայում ու Իսպանիայում առաջնության խաղեր էին:

ՖՐԱՆՍԻԱ
Գավաթի եզրափակչում հանդիպել են «Լե-Էրբիեն» ու «Պարի Սեն Ժերմենը»: Շտապենք ասել, որ եզրափակիչ հասնելով` երրորդ դիվիզոնը ներկայացնող «Լե-Էրբիեն» արդեն իսկ գլխից վեր էր թռել ու ավելին անելը կլիներ անհավանականությունների շարքից: «Պարի Սեն Ժերմենը» վստահաբար հաշվի առել էր գավաթի խաղարկության ընթացքում իր օրվա մրցակցի մրցակիցների թույլ տված սխալն ու հանդիպմանը պատրաստվել ամենայն լրջությամբ: Ողջ դիմակայության ընթացքում միանշանակ զգացվում էր թիմերի կշռում եղած տարբերությունը: Չնայած պարտությանը` «Լե-Էրբիեն» կարողացել է դիմադրել այնքան, որքան կարողացել է ու պարտություն է կրել իր համար միանգամայն պատվաբեր 0:2 հաշվով:
Խաղից հետո ահա թե ինչպիսի գնահատական է տվել եղածին թիմի ավագ Սեբաստիան Ֆլոշոնը. «Ափսոսանքի ոչ մի զգացողություն էլ չկա: Արժե շնորհավորել թիմին: Մենք գիտեինք, որ ՊՍԺ-ն սար է, մենք մարտնչում էինք, ինչպես կարողանում էինք: Խաղացողները տվել են ունեցած ողջ ուժը: Հպարտանում ենք մեզնով: Եզրափակիչն արդեն իսկ խիզախություն էր: Եթե մենք հաղթեինք այդ խաղում, լեգենդ էինք դառնալու: Երջանիկ ենք, որ մեծ ուրախություն ենք պատճառել ողջ Վենդային»:

ԻՏԱԼԻԱ
Երկրի գավաթի խաղարկության եզրափակիչը «Յուվենտուսի» համար նշանավորվեց մի շարք ցուցանիշների թարմացումով: Իտալական ֆուտբոլի պատմության մեջ «ծեր սինյորան» դարձավ երկրի գավաթին չորս անգամ անընդմեջ տիրացած առաջին թիմը, իսկ ընդհանուր հաշվարկով սա «բիանկոներիների» տասներեքերորդ տիտղոսն էր գավաթի խաղարկությունում: Ոչ պակաս ուշադրության արժանի ևս մեկ փաստ` դարձյալ իտալական ֆուտբոլի պատմության մեջ «Յուվենտուսը» դարձավ առաջին թիմը, որը ողջ խաղարկության ընթացքում այդպես էլ գնդակ չընդունեց սեփական դարպասը: Ինչ վերաբերում է մրցակցին, այն իտալական ֆուտբոլի ոչ պակաս հեղինակավոր թիմերից էր, և այդուհանդերձ դա չխանգարեց թուրինցիներին նրան ջախջախելու 4:0 անպատվաբեր հաշվով: Նկատենք, որ բացառիկ անհաջող խաղ է ցուցադրել «Միլանի» երիտասարդ դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման:

ԱՆԳԼԻԱ
«Լեստեր»-«Արսենալ» դիմակայության արդեն 15-րդ րոպեից հյուրերը մնացին տասը հոգով, ինչը, կարելի է ասել, կապիտուլյացիայի ակտի ստորագրում էր: Զարգացումները հենց դա էլ վկայեցին: Տանտերերը հաղթեցին 3:1 հաշվով:
72 միավորով աղյուսակի չորրորդ հորիզոնականը զբաղեցնող «Չելսիի» համար տնային խաղը հաջողությամբ չպսակվեց: Տանտերերից կորզած միավորը (1:1) «Հադերսֆիլդի» համար հիրավի ոսկու գին ուներ: Առաջնության ավարտից մեկ տուր առաջ թիմը հաջողությամբ պոկվեց առաջին լիգա տանող վտանգավոր գոտուց:
«Մանչեստր Սիթի»-«Բրայտոն» մրցակցությունում երկրի չեմպիոնությունը վաղօրոք նվաճած «քաղաքաբնակները» վստահ հաղթանակ տոնեցին 3:1 հաշվով: Եվս նման մի հանդիպում, ու Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարած թիմի առաջ կշողշողա բաղձալի 100 թիվը` վկայելով թիմի նվաճած միավորների գրոսմայստերական քանակը:
«Նյուքասլի» նկատմամբ հաղթանակը «Տոտենհեմի» համար թեև նվազագույն հաշվով էր, սակայն ավելի քան տեղին էր: Մոուրիսիո Պոչետինոյի սաները մրցաշարային աղյուսակում երկու միավորով շրջանցեցին «Լիվերպուլին»` բարձրանալով երրորդ հորիզոնական:

ԻՍՊԱՆԻԱ
«Բարսելոն»-«Վիլյառեալ» դիմակայությունն արդեն առաջին կեսից կորցրեց մարզական հետաքրքրությունը, քանզի կատալոնյան ակումբի հետ մրցակցությունում նման փոսից դուրս գալը քչերին տրված երանություն է: Երկրորդում մի փոքր իրավիճակ փոխվեց, բայց այնպես չէ, թե հյուրերն ինչ-որ հերոսական բան արեցին: Ոչ: Երկրորդ խաղակեսն էլ նրանք տանուլ տվեցին, միայն թե այս անգամ ավելի տանելի հաշվով` 1։2: Բնականաբար, կատալոնյան ակումբի կողմից արձանագրված դարպասի գրավում եղել է նաև Մեսիի անմիջական մասնակցությամբ, որն այս մրցաշրջանում խփեց Լալիգայի իր 34-րդ գոլն ու շարունակում է մնալ լավագույն ռմբարկուի համար սահմանված «Ոսկե խաղակոշիկի» թիվ մեկ թեկնածու:
Անդալուզիայում ծանր հանդիպում ունեցավ Մադրիդի «Ռեալը», որը վերջին տարիներին չի կարողանում «Սևիլիայի» հետ մրցակցությունում իր համար շահավետ կողմերից ներկայանալ: Բացառություն չեղավ և այս մեկը: Սկզբունքորեն ամեն ինչ որոշվեց առաջին խաղակեսում, որտեղ անդալուզցիներն առաջ էին երկու անպատասխան գնդակի առավելությամբ: Եթե երկրորդ խաղակեսի սկզբնամասում Ռամոսը հաջող իրացներ 11-մետրանոցը, մարզասերը սկզբունքորեն որակապես այլ խաղի ականատես կլիներ, ինչը շատ ավելի ուշացումով եղավ, երբ «Սևիլիան» խաղը շահում էր արդեն 3:0 հաշվով: «Արքայականին» վերջին տասը րոպեում հաջողվեց երկու գոլ հեղինակել (ի դեպ, դրանցից մեկը 11-մետրանոցից էր ու դարձյալ Ռամոսի կատարմամբ), սակայն այդպես էլ թիմը չկարողացավ փրկվել պարտությունից, ինչը արծաթե մեդալների համար պայքարում անգնահատելի նվեր էր «Աթլետիկոյին», որը վերջին երկու խաղից առաջ «Ռեալից» առաջ է երեք միավորով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2963

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ