Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Տուժածը կարող էր մահանալ. «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի բախտը բերել է, բայց վերջինիս բժիշկը պետք է անպայման պատժվի

Տուժածը կարող էր մահանալ. «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի  բախտը բերել է, բայց վերջինիս բժիշկը պետք է անպայման պատժվի
11.09.2025 | 11:45

Կարելի է ասել, որ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանի բախտը նույնպես բերել է

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ 2025թ. սեպտեմբերի 9-ին, ժամը 17- ի սահմաններում: Երևանի բնակչուհի Ս. Հովհաննիսյանը դրսում, մայրաքաղաքի տարածքում ոտքով մետաղյա արգելապատնեշին դիպչելու հետևանքով դեմքով դեպի առաջ ընկել է ներքև, գլուխը դիպչել է քարի սուր եզրին, պատռվել ձախ հոնքի վերևի մասում, դեպի քունքը հատվածում, որին հաջորդել է առատ արյունահոսությունը: Վնասվել են նախ ձախ ձեռքը և ոտքը, ուժեղ ցավ է զգացել նաև մարմնի նշված հատվածներում:

Դեպքի մասին մեկ- երկու րոպեից, ավելի որոշակի ժամը 17:04- ին ահազանգվել է «Շտապբուժօգնություն» ծառայությունը, ներկայացվել է վնասվածքի պատճառը, բնույթը, ինչպես նաև այն, որ տուժածը նախկինում երեք անգամ սրտամկանի ինֆարկտ է ստացել (ի դեպ, վերջինն այս տարվա ամռանը), և վերոնշյալ դեպքից հետո, ահազանգի պահին գտնվում է սթրեսի մեջ: Այս հանգամանքները նշելով, ընդգծվել է արագ տեղ հասնելու և շտապ բուժօգնության հրատապ անհրաժեշտությունը:

«Շտապբուժօգնության» 126 CQ 61 համարանիշի մեքենան դեպքի վայր է հասել որոշակի ուշացումով, բայց ոչ վարորդի և անձնակազմի մեղքով: Ահազանգում որպես դեպքի վայր նշվել է Կորեայի ձոր, կամրջի վրա, վարորդին դժվար է եղել գտնել դեպքի վայրը, որովհետև փողոց, շենքի համար չի նշվել, և չէր էլ կարող նշվել, որովհետև տվյալ վայրում այդպիսիք պարզապես չկան:

Վերոնշյալի առումով խնդիրը բոլորովին այլ է. արտերկրում շտապբուժօգնության կամ 911 ծառայությունները վաղուց հագեցած են գեոլոկացիայի համակարգով, համապատասխան սարքավորումներով, և հենց ահազանգի պահին միանգամից տեղեկանում են, թե զանգահարողը որոշակի որտեղից է զանգահարել, եթե նա գտնվում է նույնիսկ օվկիանոսում կամ ջունգլիում:

Ի գիտություն «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գրիգորյանին և, հատկապես, Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանին, մենք հիմա 21- րդ դարում ենք ապրում, 21- րդ դարի առաջին քառորդի վերջում, և խայտառակություն է, որ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ- ն չունի վերոնշյալ համակարգը, այն բացակայում է Հայաստանի նույնիսկ մայրաքաղաքում: Առանձին ու մանրակրկիտ հետաքննության խնդիր է, թե Հայաստանի առողջապահության նախարարությունը մինչ այժմ ի՞նչ անհրաժեշտությունների վրա է ծախսել պետբյուջեից ստացված գումարները, ո՞ր կարիքների բավարարումն է համարել ավելի առաջնահերթ վերոնշյալ անվիճարկելի անհրաժեշտության համեմատ:

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տվյալ կանչը սպասարկող բրիգադը իր իսկ նախաձեռնությամբ տուժածին տեղափոխել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ, որտեղ տուժածը հարկադրված է եղել երկար- երկար սպասել մեքենայի մեջ: Ընդունարանի հերթապահը հրաժարվել է ընդունել՝ պատճառաբանությամբ, որ տվյալ պահին հիվանդանոցում նյարդավիրաբույժ չունեն, նա աշխատում է մինչև ժամը 17:00- ն:

Տուժածին ուղեկցողի կողմից հերթապահին քանիցս բացատրվել է, որ Ս. Հովհաննիսյանի հավաստմամբ, վերջինս գլխապտույտ, սրտխառնոց չունի, ուղեղի ցնցում չի ստացել, չունի նյարդավիրաբույժի օգնության կարիք, կտրականապես հրաժարվում է գանգուղեղի ռենտգենյան հետազոտությունից, ինչն իր իրավունքն է, բուժհաստատության կողմից այն չի կարող պարտադրվել, պատրաստ է իր հրաժարումը հաստատել ստորագրությամբ, ողջ պատասխանատվությունը վերցնել իր վրա, և անհրաժեշտությունները, որոնց հրատապ կարիքն ունի, վիրաբույժի կամ վնասվածքաբանի կողմից վերքի եզրերի կարումն է, արյունահոսության դադարեցումը, ինչպես նաև ձեռքի և ոտքի ռենտգենյան հետազոտությունը, որպեսզի եթե ոսկրի կոտրվածք կամ ճաք կա, դրա համար ստանա համապատասխան բուժօգնություն:

Հերթապահն այս անգամ էլ պատճառաբանել է, թե հիվանդանոց ընդունվելու և առանց նյարդավիրաբույժի հետազոտության, վերքի եզրերը կարելու, ձեռքի և ոտքի ռենտգենյան հետազոտության դիմաց պետք է վճարել 50 000 դրամ: Վերջինիս չի սթափեցրել տուժածին ուղեկցողի նույնիսկ այն զգուշացումը, որ ինքը լրագրող է, տվյալ պահանջն անօրինական է, ինչի վերջնական հաստատման դեպքում հերթապահը պատասխանատվության կենթարկվի:

«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ- ն տուժածին այդպես էլ չի ընդունել, ինչից հետո շտապբուժօգնության բրիգադը հարկադրված է եղել նրան տեղափոխել «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Շտապօգնության մեքենան այստեղ է հասել ժամը 18:11-ին, ուշադրություն դարձրեք՝ ժամը 17:04- ին տրված կանչից 1 ժամ 7 րոպե հետո (դարձյալ ոչ վարորդի մեղքով):

Ի հակադրություն «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ- ի, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի թե հերթապահը, թե բժիշկը և այլ բուժաշխատողներ գործել են արագորեն, բարեկիրթ ու բարեհամբույր կերպով, ոչինչ տեղյակ չլինելով նախորդ բուժհաստատությունում կատարվածի մասին, տուժածից կամ նրան ուղեկցողից անգամ 10 դրամ չեն պահանջել, որևէ գումար վճարելու նույնիսկ ակնարկ չի եղել, վերքի եզրերը կարել են, արյունահոսությունը դադարեցրել, վիրակապ դրել, ձեռքի ռենտգեն հետազոտություն կատարել, ինչի արդյունքում պարզվել է ոչ մեծ կոտրվածքի առկայությունը:

Կարծում ենք, ընթերցողին արդեն լիովին պարզ է, որ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ- ի հերթապահի կողմից վճարի պահանջն ապօրինի է եղել, ինչի կապակցությամբ տուժածը և մենք ակնկալում ենք նրա խիստ պատասխանատվությունը տվյալ ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Բարսեղյանի կողմից: Տուժածը միաժամանակ խնդրել է սույն հրապարակմամբ իր շնորհակալությունը փոխանցել «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բուժանձնակազմին:

Ի պատասխան տուժածին ուղեկցողի հարցի, որ եթե նյարդավիրաբույժը «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ- ում մինչև ժամը 17:00-ն է աշխատում, որի բացակայության պատճառաբանությամբ մերժվել է տուժածին հիվանդանոց ընդունելը, ապա շտապօգնության բրիգադն ինչո՞ւ է Ս. Հովհաննիսյանին տեղափոխել այնտեղ նշված ժամից հետո, հիշյալ բրիգադի բժիշկը պատասխանել է, որ առողջապահության նախարարի ինչ- որ հրաման թե կարգադրություն կա, որն իրենց պարտավորեցնում է տուժածին տեղափոխել այն պետական բուժհաստատություն, որը դեպքի վայրի տարածքին ամենամոտն է:

Բնականաբար, հարց է առաջանում՝ նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը տեղյակ չէ՞, որ նյարդավիրաբույժը, օրինակ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ- ում մինչև ժամը 17:00- ն է աշխատում, բա որ տուժածն ուղեղի ցնցում ստացած լիներ և իսկապես կարիք լիներ նյարդավիրաբույժի օգնության և գլխուղեղի ռենտգեն հետազոտության: Մինչդեռ, շտապօգնության բրիգադն ստիպված լինելով նախարարի պաշտոնը զբաղեցնողի պահանջը կատարել, տուժածին տեղափոխել է այնտեղ: Չէ՞ որ ճակատագրական կարող են լինել բաց թողնված ամեն րոպեն ու վայրկյանը: Այս ի՞նչ «բարդակ» է այս համակարգում…

Ինչպես վերը նշեցինք, Ս. Հովհաննիսյանը նախկինում երեք անգամ սրտամկանի ինֆարկտ է ստացել, վերջինը՝ այս տարվա ամռանը, ցավի, սթրեսի, հուզական ու նյարդային վիճակի հետևանքով (մարմինը և հագուստեղենն ամբողջովին արյունոտված ու փոշոտված, արնածոր վերքով և ավելի քան 1 ժամ առանց համապատասխան բուժօգնության) երեկ կարող էր ստանալ չորրորդը և ճակատագրականը: Այս դեպքում ի՞նչ պատասխան էին տալու «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ- ի հերթապահը և առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը…

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 286

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ