Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հարամ-հարամ-հարամի

Հարամ-հարամ-հարամի
20.03.2018 | 00:20

Պուտինն ընտրվեց: Իհարկե, կարելի է հարցադրել` Արևմուտքն ուզու՞մ էր հիմնովին հարամել այդ ընտրությունները` սկսած հաքերային հարձակումներից, վերջացրած քաղաքական ամենակեղտոտ տեխնոլոգիաներով: Մասամբ: Ոչ միայն, որ «Ռուսաստանը խելքով չես հասկանա», այլև որ Նապոլեոնի, Հիտլերի փորձից Արևմուտքը գիտեր` Սիբիր «չի հասնի», իսկ Ռուսաստանը նախ և առաջ «այնտեղ» է: ՈՒ շատ «չառաջացավ», չջանաց խանգարել ընտրություններն այնպես, ինչպես Ռուսաստանն էր կարողացել «առաջանալ-միջամտել» ամերիկյան ընտրություններին` պարտության տանելով Հիլարի Քլինթոնին: Ըստ ամերիկացիների:


Մնացածն առջևում է. բանն այն է, որ եթե ԱՄՆ-ը որոշի քիմիական զենքի պատրվակով հարվածել Սիրիային, ապա երկրորդ անգամ սիրիական թնջուկի մեջ հայտնվող, պատժամիջոցների տակ կքած, Սկրիպալի «գործով», ռուսական գազից հրաժարվելու հարցերով ԵՄ-ի հետ թանձր «բացատրությունների» մեջ հայտնված Ռուսաստանը նոր մարտահրավերների պակաս չի ունենա, մանավանդ Սիրիային զուգահեռ, նրա «տակից» քաշում են նաև Հյուսիսային Կորեան, իսկ իսրայելա-ամերիկյան «ռմբակոծության» տակ հայտնված Իրանը նոր իրավիճակ կառաջացնի նույն Մերձավոր Արևելքում:
Բոլոր դեպքերում, գոնե այս փուլում Պուտինի գործերը վատ չեն, նա ընտրվեց խիստ սահուն, գրեթե «ֆանֆարներով», մասնակցության ահավոր բարձր «դոզայով». ասել է` շեշտադրումը ոչ անքան «տոկոսներ, որքան մասնակցություն» ֆորմատի վրա էր, «հայր-Պուտինի» նկատմամբ ռուս ժողովրդի «անսահմանափակ սիրո»:
Թողնենք Ռուսաստանը վայելի յուր հերթական «հոր» աննահանջ սերը, դառնանք մեզ` նույն հարցադրումով՝ կհարամվի՞ Սերժ Սարգսյանի սպասվող վարչապետությունը, թե՞ այն նույնպես կանցնի «սահուն, աննշմար, որպես քնքուշ մութի թև»:


Կարծում ենք` երկրորդը: Նախ` փողոցային պայքարի մասով. գրեթե զրոյական է հնարավորությունը, որ ընդդիմությանը կհաջողվի գեներացնել կրիտիկական զանգված Ազատության հրապարակում, ուր նրանց սպասում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը: «Սպասողները» ոչ մի կերպ չեն կարողանալու որևէ բանի հասնել, եթե անգամ այդ գեներացիան տեղի ունենա. շահերը, պատկերացումները, սպասումները անչափ տարբեր են: Հետո էլ՝ իշխանությունները «բորդյուրին» քնած չեն: Եթե չասենք` հատկապես այդ «գործով» արթուն պահակ են` ոչ միայն համապատասխան օբյեկտների նկատմամբ վերահսկողության ուժեղացման, համապատասխան մարմինների հատուկ «ռեժիմային» օրակարգի, այլև նույն քաղաքական տեխնոլոգիաների առումով:


Նախ՝ իշխանությունները կհոգան, որ փողոց դուրս եկած «գեներացվածների» մեջ անտիգեներացվածները արագ պառակտեն շարժումը: Եվ հետո, դեռ պարզ չէ, ինչ «գեներացիայով» են այնտեղ նրանք հայտնվելու, երբ արդեն իսկ հայտնի է` Նիկոլի և «Ելքի» հետ խնդիր կա` էս գլխից: Չնայած, եթե մեզ հարցնեք, կասենք` չկա. «Ելքը» գրագետ, հավասարակշիռ կհայտարարի, որ իր մի մասին «պահակ է կարգում» խորհրդարանում, մյուս մասը գնում է փողոց` պայքարելու: ՈՒ պահպանելու իր ամբողջականությունը` խիստ գրագետ ձևով: Սա, կարծում ենք, գիտակցում են նաև «Ելքում»: Այնպես որ, խոսելը «Ելքի» պառակտման մասին ոչ միայն վաղաժամ, այլև պարզունակ մոտեցման արդյունք է:
Հաջորդ քաղտեխնոլոգիան էլ այն է, որ նույն «գեներացվող» ընդդիմությանը իշխանությունը պահում է եզրագծի վրա` անորոշության մեջ ու դեռ կպահի: Քանի որ Սերժ Սարգսյանը քանիցս է ապացուցել իր անսպասելի խաղացող լինելու «եզրույթը», ըստ այդմ էլ, վարչապետի թեկնածությունը կհայտարարվի ապրիլի 14-16-ի մերձակայքում: Այդ ժամանակահատվածում անգամ ամենագերակտիվ «գեներացվածները» չեն կարող վերակազմավորվել, էլ ուր մնաց` գրագետ պայքար տանել: Իսկ եթե մինչ այդ սկսեն պայքարել վարչապետի թեկնածության դեմ, Դյուրենմաթը ևս մեկ անգամ շուռ կգա գերեզմանում ու կարտաբերի. «Քաղաքական թատրոնն այս անգամ ևս գերազանցեց իմ թատրոնին»:


Մնում է «Հիտլեր-2» տարբերակը. ոմանք արդեն իսկ հայտարարել են, չէ՞, «վենդետա, ահաբեկչություն, անհրաժեշտ դեպքում` զենք»: Ինչը կունենա ¥եթե` «ունենա»¤ լոկալ դրսևորում, որը կճնշվի տոտալ կոմբինացիայով:
Տե՛ս ՊՊԾ գրավումը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3490

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ