Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ծննդյան թխվածքն ու «Հայֆիլմը» վերականգնելու ծրագրային փաթեթը

Ծննդյան թխվածքն ու «Հայֆիլմը» վերականգնելու ծրագրային փաթեթը
26.10.2018 | 02:28

«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը երկու տարեկան է: Նախաձեռնության անդամները` ի դեմս հիմնադիր ՀԱՅԿ ԲԱԲԱՅԱՆԻ, պետական գույքի կառավարման վարչություն էին տարել տոնական թխվածքն ու «Հայֆիլմը» վերականգնելու ծրագրային փաթեթը:


-Հայկ, ծրագիրը պետք է ներկայացնեիք մշակույթի նախարարությանը, բայց ուղղությունը փոխեցիք դեպի պետական գույքի կառավարման վարչություն: Ինչու՞:
-Պետք է ներկայացնեինք, բայց նախարարի խորհրդականները մեզ ասացին, որ դրա համար կա պետգույք, դիմեք իրենց: Ես տպավորություն ունեմ, որ Նարեկ Բաբայանի հետ համագործակցությունը ավելի արդյունավետ կարող է լինել, իր կողմից ոգևորությունն ու հետաքրքրությունն ավելի ակնհայտ է: «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության երկամյակին նվիրված թխվածքը` վրան գրված մեր ծրագրի հիմնական կետերը, տվեցինք պետական գույքի կառավարման վարչությանը, որ և կարդան, և վայելեն տոնական թխվածքը:
-Վարչության պետ Նարեկ Բաբայանն ինչպե՞ս ընդունեց փաթեթն ու նվերը:
-Շատ դրական, ուրախ, զարմացած, անկեղծ ժպիտով: Նաև ասաց, որ եթե նախօրոք տեղեկացնեինք մեր այցի մասին, կգնայինք վարչություն ու կքննարկեինք ծրագրերը: Ես ասացի, որ եթե նախօրոք ասեինք, անակնկալ չէր լինի:
-Հայկ, ձեր առաջարկած ծրագրերն ու տեսլականը գուցե չե՞ն համընկնում «Հայֆիլմի» տնօրենության քաղաքականությանն ու գործելաոճին: Այդ դեպքում ո՞րն է լինելու ձեր առաջին քայլը:
-Մենք առաջարկում ենք կադրերի վերանայում, որովհետև ովքեր ստուդիան ղեկավարում են, ամեն ինչ անում են փակ պատերի հետևում: Ոչ ոք ոչնչից տեղյակ չէ: Հաջորդ քայլը «Հայֆիլմը» ազգայնացնելն ու մասնավորեցման ծրագրից հանելն է, ինչին, որքան գիտեմ, կողմ է նաև Նարեկ Բաբայանը, և արդեն կանցնենք մեր հիմնական ծրագրային կետերին:
-Դա նշանակում է, որ ստուդիան պետք է «վերածնվի» պետությա՞ն միջոցներով:
-Ոչ, մենք առաջին օրվանից ասել ենք, որ պետության վրա ամեն ինչ պետք չէ բարդել: Մեր ծրագրի մեջ կան այն մարդկանց անունները, ովքեր մեր կողքին են, պատրաստ են աջակցելու, հովանավորելու, համագործակցելու: Երբ մենք բոլոր քայլերն անենք, դրանից հետո պետությունը հաստատապես իր մեծ քայլը կանի: Մեր երկրում հազար ու մի խնդիրներ կան լուծելու մինչև «Հայֆիլմը»:
-Կինոոլորտում քանի՞սն են հավատում ձեր գաղափարներին, քանի՞սն են համոզված, որ «Հայֆիլմն» իսպառ կորցրել ենք:
-Մեր կինոգործիչների 90 տոկոսը մտածում է, որ «Հայֆիլմը» կորցրել ենք: Մի քանիսն են մեր կողքին: Բայց մեզ նաև հաճախ ասում են` այդքան որ խոսում եք, ինչու՞ չեք նշում այն մարդկանց անունները, ովքեր ստորագրել են «Հայֆիլմը» մասնավորեցնելու պայմանագրի տակ: Եթե նշենք, հայ կինոյում մի վառ անուն չի մնա:
-Պետգույքի վարչության պաշտոնական պատասխանը ե՞րբ կլինի:
-Մենք առաջիկայում հստակեցնելու ենք մեր աջակիցների տվյալները, նրանց մոտեցումները, քայլերը, որից հետո կհանդիպենք Նարեկ Բաբայանի հետ ու, դրական պատասխանի դեպքում, կանցնենք հստակ քայլերի:
-Հայկ, հասարական հարցերը չե՞ն խանգարում ռեժիսորական աշխատանքիդ:
-Ոչ այնքան: Այս տարի հերթական կարճամետրաժ ֆիլմն եմ ներկայացնելու հայ հանդիսատեսի դատին: Ֆիլմը ազգային հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին է: Ռոբերտ Աբաջյանը նաև իմ մանկության ընկերն է, նրա հետ նույն բակում եմ մեծացել: Ֆիլմը շատ կարճ է, եթե նրան չճանաչեի, գուցե երկար լիներ:


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 3847

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ