Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Փաշինյան, վեր կաց ու քայլիր

Փաշինյան, վեր կաց ու քայլիր
26.02.2019 | 01:36

Հայաստանյան զարգացումներն այս պահին ունեն երկու ուղղություն` մարտի մեկ և Արցախ` մեկը մյուսին փոխլրացնելու բավականին հզոր ներուժով:
Սկսենք մարտի մեկին սպասվող «հուժկու» հանրահավաքից, որը, քափ ու քրտինք մտած, նախապատրաստում են իշխանությունները` գումարած ՀԱԿ: Իհարկե, կարելի էր ոտքը մի քիչ կախ գցել և անդրադառնալ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին բարձրաձայնումներին, որոնցով նա փորձեց նախ «տարանջատվել» Փաշինյանից, հետո էլ` նախորդ ռեժիմի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքը լիաթոք դրսևորեց: Ինչ վերաբերում է Նիկոլին ուղղված «ժպիտին», ապա առաջին նախագահը, ներքաղաքական դաշտում` Մարտի մեկի առնչությամբ սկսված «գործերի» մասով «համաձայն» լինելով Փաշինյանի հետ, չերկնչեց նաև արձանագրելուց «նոր իշխանությունների թույլ տված սխալները»:


Ի դեպ, մարտի 1-ին սպասվող միտինգը, այսպես ասած, Փաշինյանի «կյանքի իրավունքն» է, և իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի այն խիստ մասշտաբային լինի: «Ազդարարում» են, որ Փաշինյանը ոչ թե քաղաքական հաշվեհարդար է տեսնում երկրորդ նախագահ Քոչարյանի նկատմամբ, այլ «զոհված» ժողովուրդը նույնպես կամակից է վարվող «արդար» քաղաքականությանը և, չմոռանալով ոչինչ, պահանջատեր է:
Փաշինյանը «հուժկու» հանրահավաքով ուղերձ է հղելու Ռուսաստանին, որ «արդար» չէր պարոն Լավրովը, երբ Զոհրապ Մնացականյանի հետ մյունխենյան հանդիպման ժամանակ պահանջում էր ազատ արձակել երկրորդ նախագահին, ակնարկելով, թե այլապես Ռուսաստանը կհամարի, որ Քոչարյանը քաղբանտարկյալ է (ինչն էլ, ի դեպ, արվեց ռուսական հեռուստաընկերություններից մեկով):


Ասել է` հզոր հանրահավաքը նաև արտքաղաքական «կիրառման» է:
«Հուժկու» հանրահավաքը ուրույն ուղերձ պետք է լինի նաև Արևմուտքին: Այն է` «հեղափոխական» Փաշինյանը պինդ է կանգնած իր ոտքերի վրա, և չի ենթակվի որևէ ճնշման` Իրանի, Արցախի, Ռուսաստանի, Սիրիա ուղարկված հայաստանյան առաքելության և մնացյալ հարցերի մասով:


Հիշենք, որ վաղը Փաշինյանը կլինի Իրանում, ինչը գրեթե «պատմական» այց է ոչ միայն այն առումով, որ երկու անգամ Փաշինյանը մերժել է այն, այլև ուրույն նշանակություն ունի հայաստանյան արտաքին քաղաքականության տեսանկյունից:
Չմոռանանք նաև, որ իրանյան այցից, մարտիմեկյան հանրահավաքից հետո Փաշինյանը պատրաստվում է մեկնելու Բրյուսել: Մեր աղբյուրների փոխանցմամբ` այցը հայկական կողմի նախաձեռնությամբ է. ԵՄ-ն առանձնապես նրան չի սպասում, ավելին, անգամ դժկամությամբ է արձագանքել այդ այցին. ԵՄ-ում ընտրություններ են` գլուխները խառն է, բացի այդ, հասկանում են, որ Փաշինյանը փորձում է իրանյան այցից վայրկյաններ անց ցույց տալ, որ հավատարիմ է նաև արևմտյան «վեկտորին»:


Արձանագրենք նաև, որ ակնհայտորեն ընդերքային լուրջ գործընթացներ են տեղի ունենում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները շատ արագ եկան-գնացին, ասելով` առաքելություն ունենք նախապատրաստելու երկու երկրների նախագահների առաջիկա հանդիպումը: Նիկոլի բրյուսելյան այցից հետո Հայաստանում կլինի ԵԱՀԿ-ն նախագահող երկրի` Սլովակիայի ԱԳ նախարար Ս. Լայչակը, որը, հիշենք, ասել էր` Փաշինյանն արդեն «ուժեղ» մանդատ ունի. հասկանալիորեն նկատի ունենալով նաև «ուժեղ» բանակցություններ արցախյան հարցում: Հաջորդիվ Հայաստանում կլինի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, հաստատ` ոչ Փաշինյանի «սիրուն աչքերի», այլ նույն «ուժեղ» մանդատի, արցախյան խնդրում միջազգային հանրության սպասումների, ստատուս քվոյի փոփոխության նկատառումներով:
Այնպես որ, այս օրերին Փաշինյանն ինքն էլ պետք է «վեր կենա ու քայլի»` արձանագրելով, թե ինչ է անելու «իր» ու Հայաստանի, ոչ միայն ստեղծված տնտեսական կոլապսի, վրեժխնդրության տարրեր ունեցող Մարտի 1-ի, այլև հրատապ դարձող` արցախյան խնդրի «համար»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2968

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ