«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Շնորհավոր տարեդարձդ, մեր հավերժ ներկա հերոս, կապիտան ԳԵՂԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Շնորհավոր տարեդարձդ, մեր հավերժ ներկա հերոս, կապիտան ԳԵՂԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
22.03.2025 | 16:43

Անմահների գնդում դարձյալ ծնունդ են տոնում։ Թշնամու զինտեխնիկան անվրեպ խոցող, կապիտան Գեղամ Մարտիրոսյանի ծննդյան օրն է այսօր. զինվոր ու սպա, ով իր կյանքի ուղին տեսավ Հայրենիքի սահմանները պահելու առաքելության մեջ:

Իսկ նրա համար Հայրենիքն ու իր զինվորը գերակա արժեքներ էին:

Գեղամ Մարտիրոսյանի անունը լսվեց դեռ պատերազմի ծանրագույն օրերին, երբ լրատվության դաշտում հայտնվեց իր գործած սխրանքներից ընդամենը մի դրվագ` Հայոց բանակի կապիտան Գեղամ Մարտիրոսյանը միայնակ խոցել է թշնամու յոթ տանկ:

Մի՞թե սա ապրեցնող լուր չէր պատերազմող ազգի համար, որ թշնամու սանձազերծած պատերազմում հաղթողը Հայ զինվորի տեսակը պիտի լինի:

Եվ այդ տեսակները սերունդների ազգային դիմագիծն են կերտելու:

Իսկ Գեղամ Մարտիրոսյանը հայ զինվորի իր տեսակը հաստատել էր նաև Ապրիլյան պատերազմում:

Հերոս կապիտանը ծնվել է 1992 թվականի մարտի

22-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայքում։

1999 -2009 թթ. սովորել է Ճամբարակի թիվ 4 միջնակարգ դպրոցում։

2009 թ․ ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ։

2013թ․ ծառայության է անցել Արա Լեռան զորամասում։ Ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, վայելել հրամանատարության, մարտական ընկերների անսահման հարգանքը։

Գեղամ Մարտիրոսյանը մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին` մինչև վերջ պատվով կատարելով Հայրենիքի պաշտպանի իր գործը:

Գեղամ Մարտիրոսյանը ծառայության ամբողջ ընթացքում դրսևորել է սպային բնորոշ բարձր հատկանիշներ` բնավ չվախենալով ամենաբարդ մարտական առաջադրանքներից:

Այդպիսին էր կապիտան Գեղամ Մարտիրոսյանը: Այդպիսին էլ մնաց Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ: Նա կատարելով մի շարք սխրանքներ` իրավամբ վաստակեց Անվրեպ Գեղամ անվանումը։

Ճամբարակում ծնված հայորդին պաշտում էր մեր Հայրենիքի ամեն մի սրբազան բեկորը և իր համար որևէ նշանակություն չուներ, թե որտե՞ղ է իր բաժին կռիվը մղում անտոհմ ու անանցյալ թշնամու դե՞մ, որի «պատմությունը» սկսվում է ընդամենը հարյուր տարի առաջ աշխարհի քարտեզին մի արհեստածին միավորի հայտնվելուց: Իսկ Գեղամ Մարտիրոսյանի նման ազգանվեր սպան մեր ազգի հազարամյակների պատմությունն իր սրտով էր զգում` որպես իրեն ապավեն։

Նա մարտական ուղի է անցել ամբողջ հարավով՝ Արա Լեռից մինչև Հորադիզ, եղել է ամենաթեժ կետերում։

Անմահացել է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին` հատուկ առաջադրանք կատարելիս` իր չորս զինվորների հետ միասին։

Գեղամ Մարտիրոսյանին համարում էին լեգենդ, Կոռնետի արքա։

Նա «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի արժանացավ պատերազմի հենց երրորդ օրը, իսկ հետմահու արժանացել է «Մարտական Ծառայություն» մեդալին:

Գեղամ Մարտիրոսյան-հերոսը հասցրեց կռվել ընդամենը տասն օր։ Եվ այդ տասն օրվա ընթացքում հասցրել էր խոցել թշնամու 7 տանկ և 30 զինտեխնիկա:

Անմահացավ Արցախում` իր սրտում մեր Հայրենիքի ամբողջական պատկերը կրելով։

Եվ այսօր, երբ անհայրենիքների մի խմբակ` մեր ազգի գոյության հիմքերին հարվածելու համար երկի թիվ մեկ ամբիոնից «հակասություններ» է փորձում փնտրել Պատմական Հայաստանի և այսօրվա մեր փոքրիկ սրբազան բոկոր Հայաստանի հետ (առայժ` փոքրիկ), թող հիշեն , որ Գեղամ Մարտիրոսյանի պես զինվորներն ու սպաներն են կռվել թշնամու, նրա դաշնակից երկրների ու տարածաշրջան բերված ահաբեկչական խմբավորումների դեմ։ Կռվել են անձնվիրաբար` առանց մեկ քայլ նահանջի:

Որքան էլ այսօր գրենք մեր հերոսի մասին (իսկ ապագայում ևս գրվելու է) , ո՞վ կարող է ասել այն ամենակարևոր, ամենաբնորոշ խոսքերը, եթե ոչ հերոս ծնած մայրը։

Եվ հերոս կապիտան, հրամանատար Գեղամ Մարտիրոսյանի մայրիկի` տիկին Սիրուհու այս խոսքերը նրա կերպարի, միաժամանակ անչափելի ցավի խտացումն են.

«Ծնունդդ երկնի անհաս բարձունքներում։

Շնորհավոր Հերոսական ծնունդդ, իմ պանծալի զավակ։

Դու ապրում ես կաս, իմ սրտում ես, քանի ես կամ։

Ծնունդդ շնորհավոր իմ թանկ ջան։ Մեռնեմ ծնվածդ օրվան իմ անթերի, կատարյալ զավակ»:

Այսօր ա'յն օրն է, երբ հերոսի հայրենի եզերքում` Ճամբարակում պիտի իսկական տոն լիներ, պիտի մարդիկ նշեին իրենց բնաշխարհում ծնված հերոսի ծննդյան օրը, նրա հետ խոսեին Ազգի ու Հայրենիքի մասին, լսեին նրա խոսքը, որպիսին հատուկ է լինում հայրենանվեր հրամանատարին: Երանի՜ այդպես լիներ:

Այսօր Գեղամ Մարտիրոսյանի ծննդյան օրն է։ Եվ մենք այն նշում ենք իր հավերժական ներկայությամբ, քանզի հերոսները երբեք բացակա չեն լինում...

Նրանց անունը երկնահաս բարձունքում է, իսկ անունը` Ազգի ու սերունդների սրտում:

Խոնարհումս, սիրելի հերոսամայր։ Մեր հերոսի, մեր բոլոր անմահացած եղբայրների պահած Հողը դեռ վերաազատագրելու ենք։

Միշտ և բոլոր առիթներով ասելու եմ` Հողը Հիշողություն ունի և սպասում է իր բնիկ ազգի վերադարձին։ Թշնամին կարող է մեր Հայրենիքի սահմանները փոքրացնել` ժամանակավորապես... Բայց մեր գենետիկ կոդից, Հիշողությունից ջնջել մեր Հայրենիքի իրական պատկերը իր սահմաններով` երբեք:

Եվ մեր պայքարն անվախճան է։

ՈՒզում եմ Ձեր թույլտվությամբ տեղադրել ու ընթերցողներին հիշեցնել իմ գործընկերների պատրաստած այս հաղորդումը, որը պատմում է ա'յն ընտանիքի կերպարի մասին, որտեղ ծնվեց ու իր ազգային դաստիարակությունը ստացավ կապիտան Գեղամ Մարտիրոսյանը ` մեր բոլորի եղբայրը:

Շնորհավոր տարեդարձդ, մեր հավերժ ներկա հերոս...

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6558

Մեկնաբանություններ