«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Պահպանենք մեր «չնվաճված աշխարհամասը», որ հարատևենք

Պահպանենք մեր «չնվաճված աշխարհամասը», որ հարատևենք
24.04.2025 | 13:21

1960-ական թվականների ազգային զարթոնքը ձևավորեց Հայոց պահանջատիրությունը, որը պիտի արտացոլվեր նաև գրականության և մշակույթի մեջ։

Իր պատմական իրավունքների համար ոտքի ելած հայ ժողովուրդը աշխարհին ցույց տվեց, որ ոչ մի ուժ, ոչ մի վարչակարգ չի կարող լռեցնել Ճշմարտության ձայնը և ազգի չբուժված ցավը, քանի դեռ չի եղել հատուցում։ Մեր գրականության երևելի դեմքերը պատմական հիշողության ջահը սերունդներին փոխանցողներն էին։ Նրանց արժանի հետնորդը ժամանակակից հայ գրականության ազնվական խենթ մշեցին էր` ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ։

Նրա գրականությունը եկավ շարունակելու Խաչիկ Դաշտենցի, Գուրգեն Մահարու, Կոստան Զարյանի, Մնձուրու, Մուշեղ Գալշոյանի գրական ավանդույթները: Նա Էրգրի մասին պատմելու էր նոր շնչով, որտեղ Էրգիրը՝ մեր «Չնվաճված աշխարհամասը» ոչ թե պատմական հիշողություն է, այլ ապրող ու շնչող էակ:

Վրեժ Իսրայելյանը զինվորական էր՝ գնդապետի կոչումով: Բայց հայ գրականության մեջ մնաց որպես իսկական գեներալ՝ մեր նյութական ու հոգևոր հայրենիքի հզոր պահապան:

Վրեժ Իսրայելյանը ժամանակակից հայ գրականության ասպարեզում ասես իր պիեսի գլխավոր հերոս Արշակ պապն է, ով Հայկական բարձրավանդակից ըմբոստ նայում է աշխարհին ու իր սերունդներին պատգամում է.

-Ո՜նց թե սարը չկա: Ես կա՛մ, դու՛ կաս ու սարը չկա՞: Անդոկասարը չկա՞…Աշխարհի վե՞րջն է, ջրհեղե՞ղ է… Հակոբիկ, սարերը չեն մեռնում: Մահն էլ, ջրհեղեղն էլ մարդու համար են: Սարերը փրկում են, մի ափաչափ հող են բացում ու ասում են. «Ոտքդ դի՛ր, մարդ»:

Չի կարող չլինել Անդոկասարը, որովհետև Հիշողություն կոչվող սրբազան տիրույթում ամեն հայ իր Անդոկասարն ունի, իր տոհմի կանչը, ուրեմն, կա Հայրենիք վերադառնալու անժամանցելի իրավունքն իրացնելու գաղափարով ապրող Հայը: Իսկ այդ գաղափարի փոխանցողներից մեկը Վրեժ Իսրայելյանն է՝ մեր ազգային էպոսի կենսափիլիսոփայությունը կրող, սասունցիների հետնորդ Ազգային մտավորականը:

…1983 թվականին բեմադրող ռեժիսոր Հերբերտ Գասպարյանը` Վրեժ Իսրայելյանի «Չնվաճված աշխարհամաս» պիեսի հիման վրա բեմադրեց «Յոթերորդ աշխարհամաս» հեռուստատեսային ներկայացումը՝ ազգային, գաղափարական բոլոր շեշտադրումներով ու ինքնատիպ գեղագիտական լուծումներով: Այսպիսի ներկայացում կարող էին ստեղծել ազգային Հիշողության, մեր Պատմական Հայրենիքի պատկերն իրենց գենետիկ կոդում կրող արվեստագետները: Մեր տաղանդավոր արվեստագետներն ու արտիստները ստեղծեցին այս` արդեն սերունդներ դաստիարակող հեռուստաներկայացումը՝ Արշակ պապի պես հավատալով, որ «Արևը մանուկ է ծնելու»…

Ներկայացումը ստեղծել են`

Պիեսի հեղինակ ` Վրեժ Իսրայելյանը,

Բեմադրող ռեժիսոր՝ Հերբերտ Գասպարյանը ,

Բեմադրող օպերատոր՝ Բորիս Պետրոսյանը ,

Բեմադրող նկարիչ՝ Գրիշա Սահակյանը,

Օպերատորներ` Պողոս Սիմիթյանը և Վոլոդյա Մկրտչյանը,

Հնչյունային ռեժիսոր՝ Արեգ Գրիգորյանը,

Երաժշտական ձևավորող՝ Հայկ Ներսիսյանը,

Ռեժիսորի ասիստենտ՝ Արա Մովսիսյանը,

Ռեժիսորի օգնական՝ Տիգրան Ղևոնդյանը

Դիմահարդարներ՝ Աղավնի Խաչատրյանը և Գրետա Սմբատյանը,

Մոտնաժը՝ Անդրանիկ Աբաջյանի

Խմբագիր՝ Մանուկ Մնացականյան

Գլխավոր դերակատարներ` Կարեն Ջանիբեկյան, Միքայել Ջանիբեկյան։

ԴԵՐԵՐՈՒՄ`

Արմեն Մարության, Աշոտ Բաբայան, Արմեն Սանթրոսյան, Վահրամ Նազարեթյան , Թագուհի Եղիկյան, Լյուդա Բաբայան, Սուսաննա Ալեքսանյան, Նվարդ Աբազյան, Ժենյա Ներսիսյան, Զարեհ Տեր-Կարապետյան, Ալլա Մարության, Նորայր Գևորգյան:

...« Յոթերորդ աշխարհամաս» հեռուստաներկայացման ստեղծումից անցել է չորս տասնամյակ։ Տարիների հեռվից վստահ կարող ենք ասել, որ սա եղել է ա'յն արժեքներից մեկը, որը պիտի իր ազդեցությունն ունենար նաև 1988-ի մեր Ազգային զարթոնքի վրա և 1990-ականներին Արցախը ազատագրած հերոսների հոգիներում...

-Մենք մեր հայրենիքը, մեր Չնվաճված աշխարհամասը բոլո'րս պիտի կառուցենք` առանց իրարից տարանջատվելու, առանց մեր ակունքներից հեռանալու։ Պետք է զարգացնենք ազգայինը։ Վրեժ Իսրայելյանի գրիչը շատ հզոր է։ Այդ ներկայացման հաջողությունը նաև Վրեժ Իսրայելյանի շնորհիվ էր։ Հեռուստաներկայացումը բեմադրելիս մենք որոշ դետալներ էինք ավելացրել իր գրած սցենարին։ Նա ընկերաբար աջակցում էր մեզ։ Սա է մարդու մեծությունը, -ասում է բեմադրող ռեժիսոր Հերբերտ Գասպարյանը։

...Բեմադրող ռեժիսոր Հերբերտ Գասպարյանն իր ստեղծագործական կյանքի և մանկավարժական գործունեության ընթացքում միշտ հետամուտ է եղել ազգային թեմաներին։

Եվ ահա, 2015 թվականին, երբ ոգեկոչվում էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, և համայն հայությունն իր խոնարհումն էր բերում մեր սրբադասված նահատակներին, Հերբերտ Գասպարյանը Մանկավարժական համալսարանի` իր ղեկավարած ՈՒսանողական թատրոնում բեմադրեց

Ռիչարդ Կալինոյսկու «Հրեշը լուսնի վրա» պիեսը։

Հերբերտ Գասպարյանի հայացքը այս պարագայում էլ տարբերվեց։ Եվ ստեղծվեց բոլորովին ա'յլ բեմադրություն` բառացիորեն հայացնելով ու ազգայնացնելով այդ ստեղծագործությունը։

...Այսօր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի օրն է։ Մեր պայքարը ավարտված չէ այնքան ժամանակ, քանի դեռ ցեղասպանությունը վերապրածների հետնորդները շարունակում են մնալ աշխարհասփյուռ ու չեն վերադարձել մեր Պատմական բնօրրանը, որի պատկերը և քարտեզը մեր գենետիկ Կոդի մեջ է։

Մեկ անգամ ևս դիտենք Հեռուստաթատրոնի գանձարանում մնայուն արժեք դարձած Վրեժ Իսրայելյանի պիեսի հիման վրա ստեղծված «Յոթերորդ աշխարհամաս» հեռուստատեսային ներկայացումը։ Դիտենք ու հավատարիմ մնանք մեր ազգային Հիշողությանը մեր «Չնվաճված աշխարհամասին»։

Խոնարհում մեր ժամանակների լավագույն դրամատուրգներից մեկին` Վրեժ Իսրայելյանին։

Շնորհակալ ենք, պարոն գնդապետ` մեզ մեր պայքարի բանաձևն ու ճանապարհը ցույց տալու համար։ Պատիվ ունենք...

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Տեսանյութը`

«7-րդ Աշխարհամաս»

Տեսանյութ

7-րդ Աշխարհամաս
Դիտվել է՝ 1367

Մեկնաբանություններ