«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

«Ճակատիս հզոր մեռոն կա, կնքահայրս Կոմիտասն է»

«Ճակատիս հզոր մեռոն կա, կնքահայրս Կոմիտասն է»
27.04.2025 | 11:45

Հատված Ռուբեն Սևակի դստեր՝ Շամիրամ Սևակի հարցազրույցից

Զրույցը կայացել է Փարիզի AYP FM ռադիոյում, 2008 թ. ապրիլի 25-ին, երբ Շամիրամը 92 տարեկան էր: Նա իր մահկանացուն կնքեց 102 տարեկանում:

Երբ հարցնում էին՝ ո՞րն է իր երկարակեցության գաղտնիքը, պատասխանում էր.

-Ճակատիս հզոր մեռոն կա, կնքահայրս Կոմիտասն է:

«Մի օր մայրս լսեց, որ Կոմիտասը ծանր հիվանդ է, թեև երբեմն նրան Փարիզի հայկական մայր եկեղեցի էին բերում, երբ մի քիչ լավ էր զգում: Բնականաբար, մայրս ուզեց տեսնել նրան (ասել էին, որ Կոմիտասը այսինչ կիրակի, այսինչ ժամին եկեղեցի է գալու):

Գնացինք նրան տեսնելու: Հանդիպումը եկեղեցու գրասենյակում էր:

-Հա՛յր Կոմիտաս, ահավասիկ Ռուբենի զավակները, Ռուբեն Սևակի զավակները, որոնց Դուք մկրտեցիք:

Երբեք չեմ մոռանա այդ պահը, քանի որ շատ տպավորիչ էր: Ես 10 տարեկան էի:

Կոմիտասը նայեց մեզ, շուրթերը դողացին, բայց ոչ մի բառ չարտասանեց, միայն արցունքներ հոսեցին դեմքին:

Անչափ հուզիչ էր:

Չգիտեմ, հասկացավ, թե ոչ, բայց ոչինչ չխոսեց, ո՛չ մի բառ: Նա իսկապես հիվանդ էր, չկարողացավ խոսել: Ոչ մայրիկիս բան ասաց, ոչ՝ մեզ: Մայրս փորձեց խոսեցնել նրան, բայց իզուր...

Այս պատմությունը շատ է ճնշում ինձ, մինչև հոգուս խորքը: Դրա մեջ մեր անցյալն է:

Մենք բոլորս, թեև ապրում ենք, բայց զոհեր ենք, սգի մեջ ենք: Անհնարին է դուրս գալ այս վիճակից:

Քանի դեռ չեն ճանաչել ցեղասպանությունը, մենք այս վիճակից դուրս գալ չենք կարող»:

Շամիրամ ՍԵՎԱԿ

ՀԱՆԵԼՈՒԿ, ՇՈՒՏԱՍԵԼՈՒԿ, ԵՒ ԱՅԼ ԳՐԱԿԱՆ ՃՈԽՈՒԹԻՒՆՆԵՐ-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 1664

Մեկնաբանություններ