«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

«Այս ինչ զորավոր, այս ինչ գեղեցիկ ժողովուրդ եք»

«Այս ինչ զորավոր, այս ինչ գեղեցիկ ժողովուրդ եք»
29.03.2025 | 08:41

Ուջանում՝ Անդրանիկի արձանի շուրջը, ծերունիներ էին նստած։ Մոտեցավ որպես հին ծանոթների, հին բարեկամների: Շուտով համարյա ամբողջ գյուղը շրջապատեց նրան, ու ամբողջ գյուղի հետ զրույցի բռնվեց։ Մարդկանց հետ իսկույն մտերմանալու, նրանց առաջ ինքն իրեն բացելու և դրանով իսկ նրանց բացելու զարմանալի ձիրք ունի։ Ու միշտ բնական էր լինում երկխոսությունը, բնական, ինչպես իր գրքերում:

Արձանից քիչ հեռու գյուղական խանութ տեսավ ու մտավ ներս։

Ի՞նչ պիտի գնի Սարոյանը գյուղական խանութից։

Սկսեց ամեն ինչ ուշադրությամբ զննել ու հանկարծ բացականչեց.

- Գտա՜… Աշխըրքի մէջ ամեն տեղ կը փնտրէի ու չէի գտներ: Հոս գտա։

Ու ցույց տվեց այգեգործի կեռ դանակը․

- Ֆրեզնո պզտիկ այգի մը ունիմ, ինքս կը մշակեմ։ Այս դանակ ինձի շատ պետք էր: Գիտէ՞ք, ձմերուկ հայեր բերին Ֆրեզնո, մեր հին հայրենիքեն բերին, հիմա Ֆրեզնո շատ աղեկ ձմերուկ կըլլա։ Գառնի Սերո Խանզադյան ծառեն ընկույզ պոկեց, տվավ ինձի, ըսավ՝ տար, Ֆրեզնո տնկե: Այդ ընկույզներ պիտի տանիմ տնկեմ իմ պարտեզ, թող Ֆրեզնո Հայաստանի ընկույզ ալ բուսնի:

Շուռ եկավ վաճառողուհուն .

-Շատ պատվական խանութ ունիք, աշխարքի ամենալավ խանութը, քանի որ իմ փնտրած հոս գտա։ Ամեն անգամ, որ այս դանակ ձեռքս առնիմ, Ուջան պիտի հիշեմ։

Մի խումբ երիտասարդներ, որ շրջապատած կրնկակոխ հետևում էին մեզ, խնդրեցին իրենց տուն գնալ։

- Երթանք,- ասաց Սարոյանը։

Տան շեմքին աղ ու հացով նրան ընդառաջ ելավ տանտիրուհին ու հրավիրեց ներս։

Դա ցնցեց Սարոյանին։

- Այս ի՞նչ զարմանալի, այս ի՞նչ հրաշալի ժողովուրդ եք։

Ներսում մի հսկայական սեղան էր բացված, որ տնքում էր աշնանային գյուղի բարիքներով ծանրաբեռ։

Դարձավ մեզ.

-Դո՞ւք եք ըսեր, որ պատրաստեն այս…

-Ոչ,- ասացինք,- չենք ճանաչում այս մարդկանց։

-Հապա ինչպե՞ս…

Բացատրեցի։

-Հիշո՞ւմ եք, գնացինք համալսարան:

-Այո:

-Այս երիտասարդները այնտեղ էին:

-Իրա՞վ…

-Հետո գնացինք Սարդարապատ:

-Այո…

-Այս երիտասարդներն այնտեղ էին… Մեր ետևից եկել էին ու ինձ հարցրեցին, թէ կարո՞ղ է պատահել, որ այցելենք Ուջան, ասացի՝ կարող է ու օրն էլ հայտնեցի:

-Հասկըցա, հասկըցա… Գեղեցիկ է, հիանալի, զարմանալի…

Եվ պարեցին գյուղի տղաները, աղջիկները, կանայք… Ու նրանց հետ պարեց Սարոյանը։ Պարեց, իր խոսքով ասած, «վայրենի ձևով»… Երգեցին գյուղի տղաները, աղջիկները, կանայք, ու նրանց հետ որոտաց Սարոյանը, որոտաց «վայրենի ձայնով»…

-Այս տղաները,-ասացի,- բանասերներ, ֆիլոլոգներ չեն, ֆիզիկոսներ են:

-Իրա՞վ… Ու գրականություն, գրող կը սիրե՞ն… Զարմանալի է, հիանալի…

Ու մինչև ուշ գիշեր գյուղական այդ հարկի տակ, Հունան Գևորգյանի տանը, կենաց խմեց, պարեց, երգեց Սարոյանը ու, իբրև եզրակացություն, որոտաց.

- Այսօր իմ կյանքիս ամենալավ օրն է։ Այս ինչ զորավոր, այս ինչ գեղեցիկ ժողովուրդ եք…

Վահագն Դավթյան. «Բարի Հսկան» գրքից․

Սիլվա Յուզբաշյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 7555

Մեկնաբանություններ