ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Իմ օրը պիտի անկանխատեսելի լինի, ինչպես՝ կյանքը

Իմ օրը պիտի անկանխատեսելի լինի, ինչպես՝ կյանքը
12.01.2025 | 09:38

Երբ Հայաստանում շուկայական հարաբերությունները փոխարինեցին սոցիալիստական ռեալիզմին, մարդու նոր տեսակ առաջացավ՝ գործարար մարդ (հոմո վաճառիկուս)։ Ու եղավ մի ժամանակ, երբ հոմո վաճառիկուսը միակ մարդն էր, որին հաջողվում էր ոչ միայն աշխատել, այլ նաև մի քիչ փող աշխատել։ Դրա համար էլ, ով ասես՝ դարձավ գործարար։ Նորաթուխ գործարարների ծագումն իրենից խայտաբղետ մի պատկեր էր ներկայացնում՝ նախկին ինժեներներ, գիտությունների թեկնածուներ, թատրոնի դերասաններ, բեռնատարի վարորդներ, մարքսիզմ-լենինիզմի դասախոսներ, բանաստեղծներ, անգամ՝ նախկին պորտաբույծներ։

Ու ստեղծվեցին գործարար մարդու ատրիբուտներ, որոնցով նա տարբերվում էր սովորական մահկանացուներից՝ հոմո սովածիկուսներից։ Դրանցից մեկը թանկարժեք օրագիր-նոթատետրն էր, որին փաղաքշական կոչում էին «օրգանիզատոր»։ Դա ոսկեզօծ կամ արծաթազօծ տառերով, փափուկ կաշվե կազմով նոթատետր էր, որի վրա նշված էր տարին, իսկ մեջը՝ տարվա ամեն օրը՝ առանձին-առանձին: Էդ նոթատետրերը դարձան գործարար մարդու երկրորդական սեռական հատկանիշ։ Առաջնայինը, իհարկե, դիպլոմատն էր, որի մեջ դնում էին էդ նոթատետրը. դիպլոմատը դիվանագետը չէր, այլ քառանկյունի պայուսակ էր։

Զարմանալի ա, թե ինչ բարձունքների կարող ա հասնել մարդու երևակայությունը՝ սովորական նոթատետրը զարդարելիս։ Կային նոթատետրեր, որ իսկական արվեստի ստեղծագործություններ էին։ Հատուկ ֆիրմաներ կային, որոնց նոթատետրերը շատ թանկ էին։ Դա համարյա նույնն ա, ինչ BMW ունիտազ ունենաս։ Դնում ես չորրորդի վրա ու նստում ես, իսկ հետո հետադարձի վրա ես դնում, ջուրը քաշում ա ու կանաչ լույսի տակ քեզ զուգարանից տշում միջանցք։

Հայաստանում շուկայական հարաբերությունների բողբոջները հենց էդ նոթատետրերով գլուխները դուրս հանեցին սոցիալիզմի չորացած ճյուղերի վրա։ Դրանք օգնում էին օրը կազմակերպել՝ ժամ առ ժամ գրում էիր, թե ինչ ես անելու, ում ես զանգելու, ուր ես գնալու։ Ասենք՝ երկու ամիս հետո՝ կոնկրետ ամսաթվին, կոնկրետ ժամի, պիտի մեկին տեսնեիր։ Գրում էիր էդ օրվա էջին։ Հետո էդ օրը գալիս էր, հիշում էիր։ Սևակյան բառերով ասած՝ իսկական կյանքն ափի մեջ։

Իմ բոլոր ընկերները, որոնց հաջողվել էր էդ նոթատետրերի օգնությամբ իրենց բրոունյան ապրելակերպը զինվորական շքերթի նման դասավորել, ինձ ամեն Նոր տարի էդ նոթատետրերից էին նվիրում։ Էնքան էր հավաքվել, որ կարելի էր խանութ բացել։ Իսկ ես ամեն տարի որոշում էի՝ վե՛րջ, հունվարի 1-ից կյանքս կազմակերպելու եմ նոթատետրով։

Գալիս էր դեկտեմբերի 31-ը։ Բացում էի թանկարժեք, կաշվե նոթատետրի առաջին էջը։ Ի՞նչ գրես։ Հո չես գրի՝ 12։00-վեր կենալ, 12։05-հորանջել, 12։30-սալաթ ուտել, 16։00-տոլմա ուտել, 18։00-զանգել, Վահանի Նոր տարին շնորհավորել։ Խոշոր տառերով գրում էի «ՏՈՆ» ու որոշում տոներից հետո սկսել։ Տոներն անցնում էին, էդ անտերն ինչ-որ հեռու տեղ էի դրած լինում, չէի գտնում։ Հաջորդ գրառումը նոյեմբերի 18-ին էր՝ 8։00-վեր կենալ, 80։30-գնալ աշխատանքի, 18։00-աշխատանքից տուն գալ, 24։30-գնալ քնել։ Հետո էլի կորում էր, ու վերջին գրառումը դեկտեմբերի 31-ին էր՝ 22։00-նոր նոթատետր սկսել։ Նայում էի ոսկեզօծ տառերով, թանկարժեք, կաշվե նոթատետերին... Էս սիրուն գիրքը փչացրեցի, հիմա պիտի դեն նետեմ։

Մյուս տարի՝ էլի նույնը։ Ոչ մի անգամ ինձ չհաջողվեց էդ նոթատետրով կազմակերպել կյանքս, ոչ մի անգամ։

Չէ՛, բնությունն ինձ անկազմակերպ ա ստեղծել։ Ի՜նչ անեմ, էդ էլ իմ ճակատագիրն ա։ Երբ ես արթնանում եմ, չպիտի իմանամ, թե էդ օրն ինչ եմ անելու։ Հենց օրվա ծրագիր եմ կազմում, միանգամից քունս տանում ա, որովհետև թվում ա, թե օրը վերջացավ։

Ախր, ամեն օր կարող ա հրաշք կատարվել, իսկ հրաշքը հո չես պլանավորի, հո չես գրի նոթատետրի մեջ։ Օրինակ՝ ես ի՜նչ իմանամ, թե էսօր փողոցում ում եմ տեսնելու, կարող ա մի չքնաղ գեղեցկուհի տեսնեմ, սիրահարվեմ, իսկ սիրահարվածին՝ ի՜նչ պլան, ի՜նչ բան...

Հա՛, իմ օրը պիտի անկանխատեսելի լինի, ինչպես կյանքը, ինչպես տիեզերքը։ Ես ինձ լավ եմ զգում իմ հետաքրքիր ու անկազմակերպ քաոսի մեջ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9829

Մեկնաբանություններ