ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Բաց նամակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Բաց նամակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին
13.10.2015 | 11:36

Հարգելի պարոն Մարգարյան:
Զարմանալի է, սակայն փաստ է` Ձեզ հասցեագրած նամակներն անցնում են քաղաքապետարանի մեկ պատուհանից, բայց համառորեն Ձեզ չեն հասնում: Ինձ պետք է ստանալ Ձեր պատասխանը, Ձեր որոշումները, բայց ի վերջո մեր հարցի պատասխանները ստացվում են իրավաբանական կամ այլ բաժիններից: Կասկած կա, որ մեր խնդրի մասին Դուք տեղեկացված չեք: Մեր հարցը կենցաղային, նաև սկզբունքային է: Քաղաքապետարան-«Կենտրոն» թաղապետարանի տված թույլտվությունների ու որոշումների հիման վրա իմ բնակարանի գլխին կառուցվել են բազմաթիվ կցակառույց պատշգամբներ, որոնք խանգարում են ինձ, իմ ընտանիքի անդամներին՝ երեխաներով ու թոռներով հանդերձ: Խաթարված են մեր խոհանոցի լուսավորությունն ու օդափոխությունը: Մի խոսքով, ապրելու համար պիտանի չէ: Նման իրադրությունը մեր քաղաքում առաջանում է երկու տարբերակով: Կամ կցակառույցները կառուցվում են պաշտոնական թույլտվությունների հիման վրա՝ կաշառքով, կամ ինքնակամ կառուցվում են բնակիչների կողմից՝ հողի վերահսկողության տեսուչների անգործության պատճառով: Այդ հանելուկը միայն Դուք կարող եք գուշակել, մեզ բացատրել ու, ամենակարևորը, իմ ընտանիքի հանդեպ կատարված անհարգալիր վերաբերմունքի հետևանքները վերացնել: Առայժմ Ձեր պաշտոնատար անձինք ու վարչական դատարանները մեր գործն իրար վրա են գցում՝ փորձելով կոծկել այն ու թաքցնել ծառայողական հանցագործությունների հետքերը: Ինչը բնավ ինձ չի բավարարում: Ինձ պետք է, որ իմ երեխաներն ապրեն բնակարանային այն պայմաններում, որոնք նախագծել է շենքի ճարտարապետը:
Վստահաբար կարող եմ փաստել, որ ապօրինի պատշգամբաշինությունը Երևան քաղաքում սկսվել է Մոսկովյան 21 շենքի անկյունային հատվածից 1979 թվականին՝ այդ ժամանակվա Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետ Մուրադ Մուրադյանի գիտությամբ: Քրոնոլոգիան հետևյալն է: 1978 թվականից Երևան քաղաքում սկսվեց կենտրոնի բազմաբնակարանային շենքերի փայտաշեն տնտեսական պատշգամբների փոխարինումը երկաթբետոնյա ու ավելի ընդարձակ շինություններով: Դա լավ էր: Նոր պատշգամբները, համաձայն բնակիչներին ներկայացված պաշտոնական նախագծերի, պետք է կառուցվեին բոլոր բնակարանների, այդ թվում՝ Մոսկովյան 21-ի մեր թիվ 9 բնակարանի համար: Բայց, այն ժամանակ մեզ համար անհայտ պատճառներով, մեր փայտաշեն պատշգամբը քանդեցին, սակայն փոխարենն այդպես էլ չկառուցեցին: Ավելին, մեր պատշգամբի տարածքում հարևան թիվ 8 բնակարանի համար կառուցվեց երկրորդ լրացուցիչ պատշգամբը, ինչը բողոքարկեցին մեր շարքի բնակիչները: Այն չկար նախագծում ու փակում էր թիվ 9 բնակարանի լույսը, բնակարանը զրկում էր բակ դուրս գալու եղած հնարավորությունից: Թե ինչո՞ւ քաղաքի գլխավոր ճարտարապետը ¥նաև պատշգամբների վերակառուցման համար ստեղծված հատուկ ճարտարապետական խմբի ղեկավար Ջիմ Պետրովիչը¤ գնաց սեփական ճարտարապետական նախագիծը շրջանցելու ճանապարհով, մեզ պարզ դարձավ շատ շուտ: Տեղի էր ունեցել մի պարզ գործարք Մոսկովյան 21, թիվ 8 բնակարանի բնակիչ, «Երևան» վավերագրական ստուդիայի օպերատոր Օլեգ Բաղդասարյանի ու ճարտարապետ Ջիմ Թորոսյանի միջև «ես քեզ, դու ինձ» սկզբունքով: Հարևանների հաշվին մեկ լրացուցիչ պատշգամբ՝ Օլեգ Բաղդասարյանի համար, փոխարենը՝ գլխավոր ճարտարապետի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը փառաբանող վավերագրական ֆիլմ «Ջիմ Թորոսյանի ճարտարապետական հուշարձանները» խորագրով: 1979 թվականին, երբ բնակիչներս բողոքում էինք այդօրինակ ապօրինությունների դեմ, այդ ֆիլմը ՀՀ կենտրոնական հեռուստատեսությամբ ցուցադրվել էր 11 անգամ, այն պարագայում, երբ այլ վավերագրական ֆիլմեր նույն թվականներին միջինը տարվա մեջ ցուցադրվել են 1-2 անգամ: Ինչևիցե, բնակիչների բողոքներն ուղղվեցին տարբեր ատյաններ, մինչև Մոսկվա: Բնակիչների բողոքների հիման վրա Երևանի քաղսովետը որոշում ընդունեց թիվ 8 բնակարանի համար կառուցված այդ լրացուցիչ պատշգամբը քանդելու վերաբերյալ: Այդ փաստաթուղթը մենք ունենք: Բայց այն, ինչպես ժամանակը ցույց տվեց, քանդվեց մասամբ, մինչ օրս կանգուն է ու ծառայում է կինոօպերատորի իրավահաջորդներին, որոնք, ի միջի այլոց, ջանք ու եռանդ չեն խնայում այն դարձյալ ընդարձակելու համար: Նոր լրացուցիչ տարածքներ ստանալու իրենց գործընթացը հաջող ավարտին հասցնելու բաղձանքով թիվ 8 բնակարանի սեփականատերերն օգտագործում են բոլոր հնարավոր ու անհարկի միջոցները՝ նաև Ձեր մասնակցությամբ, հարգելի պարոն Մարգարյան: Մեր հիշողության մեջ միշտ կմնան մեր նկատմամբ վարչական տուգանք սահմանելու Ձեր կողմից 2012 թ. սեպտեմբերի 13-ին հաստատված անօրինական Վ-29/9 որոշումը ¥չնայած Ձեր ցուցաբերած անձնական ջանքերին, այդ որոշումը անվավեր ճանաչվեց ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 2014 թ. հունվարի 8-ի որոշմամբ¤, այն երկու ցրտաշունչ ձմեռը, որ իմ ընտանիքը ստիպված եղավ անցկացնել խոհանոցի բաց պատուհանով, որովհետև, մինչև դատարանի որոշմամբ Ձեր որոշումը չբեկանվեր, մեզ արգելված էր շարունակել մեր խոհանոցի դռան բացվածքի սկսված վերանորոգման աշխատանքները, որովհետև Ձեր իրավաբան Հրանտ Մարգարյանը դիտավորյալ ձգձգում, բոյկոտում ու անընդհատ, առանց հիմնավոր պատճառների, չէր ներկայանում ՎԴ/6414/05/12 վարչական գործով մեր դատական նիստերին, հողի վերահսկողության Ձեր վարչության աշխատակիցների կողմից իմ ընտանիքի նկատմամբ կազմակերպված ու մեր կողմից փաստագրված սադրանքները՝ քաղաքապետարանի ոմն Համոյի գլխավորությամբ, տևական ու մինչ օրս շարունակվող դատական քաշքշուկները: Երկու դատարան մենք արդեն անցել ենք, մեր խնդիրն արդար է. այն պետք է լուծվի Ձեր կառույցի կողմից, Դուք ստիպված եք բավարարել մեր սահմանադրորեն ճիշտ պահանջը: Շուտով նույն գործով, ընտանյոք հանդերձ, հրավիրված ենք արդեն երրորդ դատական փորձաքննությանը: Եթե 1979 թվականին իմ ընտանիքի կենսական շահերը զոհ գնացին Ջիմ Թորոսյանի փառասիրական ձգտումներին, ապա Ձեր օրոք իմ ընտանիքի դեմ կատարվող ապօրինի ու անմարդկային գործողությունների համար կա այլ բացատրություն: Հողի վերահսկողության տեսուչները, որոնք ինձնից պահանջված կաշառքը չստացան բացվածքի վերանորոգման մեր լիակատար օրինական աշխատանքները կատարելու դիմաց, պայքարում են, որ ոչ ոք այս քաղաքում առանց կաշառք տալու որևէ շինարարական գործ չձեռնարկի, կաշառք չտալու նախադեպ չստեղծի մյուս քաղաքացիների համար: Այդ վայ-հսկիչները իմ բնակարանում այդպես էլ հայտարարեցին, որ իրենց գործում դոկտոր-մոկտորները հաշիվ չեն, բոլորը հավասար են, գործ եք անում, պետք է մուծվեք, թե չէ ակտ կգրենք: Մեր բնակարան մուտք գործած այդ վայ-հսկիչների տրիոյին ես դուրս վռնդեցի իմ բնակարանից ու... ընկա դատական քաշքշուկների մեջ: Դատարանները այստեղ կապ չունեն: Դուք ստեղծել եք այս իրավիճակը, դուք էլ լուծեք մեր կենսական խնդիրները, հեռու տարեք այդ ապօրինի կցակառույցները, վերադարձրեք շորթած կաշառքները: Հիմա, երբ իմ երեխաները ստանում են դատարաններ ներկայանալու ծանուցումների իրենց հերթական խուրձը, ես հասկանում եմ, որ մենք դեռևս ապրում ենք ազատ-անկախ Հայաստանի առայժմ գաղջ մթնոլորտում: Իշխանական մարմիններն առանց վախենալու կարող են իրենց թույլ տալ ինձ նման օրինապաշտ քաղաքացու և ընտանիքի անդամների սահմանադրական իրավունքները խախտել 14 կետով ու, ավելին, վրեժխնդիր լինել՝ փորձելով սաստել ու լռեցնել ճշմարտության ձայնը: Իմ լավ ընկեր Անդրանիկ Մարգարյանը արդար մարդկանցից էր, որը երբեք իրեն թույլ չէր տա վրեժխնդիր լինել հայ մարդուց ու նրա ընտանիքից՝ երեխաներով հանդերձ: Ձեզ էլ դա չի կարելի, պարոն Տարոն Մարգարյան: Մեր խնդիրը երկար տարիների պատմություն է: Խնդրում եմ՝ մեկ անգամ անձամբ այցելեք ու անձամբ գնահատեք իրադրությունը:


1979 թվականին, երբ Ջիմ Թորոսյանը քաղաքաշինության մեջ իր ապօրինություններն էր ներդնում, ես կարևոր պետական առաջադրանք էի կատարում` Աբովյան քաղաքի իմ գիտական լաբորատորիան նախապատրաստում էի ԽՍՀՄ վարչապետ Ա. Ն. Կոսիգինի այցին: Այն ժամանակ Հայաստանի համար դա շատ կարևոր նշանակություն ուներ: 1979 թ. սեպտեմբերի 11-ին Կոսիգինը եղավ իմ լաբորատորիայում: Հանդիպումը տևեց 35 րոպե, ներկաների թվում էին ԽՍՀՄ քաղբյուրոյի անդամներ Հեյդար Ալիևն ու Էդուարդ Շևարդնաձեն, ՀՀ ղեկավարներից Կարեն Դեմիրճյանը, Ֆադեյ Սարգսյանը, Ալեքսան Կիրակոսյանը, նաև Երևանի քաղաքապետ Մուրադ Մուրադյանը: Կոսիգինը գոհ գնաց իմ լաբորատորիայից: Արդյունքում, միայն իմ գիտական աշխատանքները զարգացնելու համար, որոշում ընդունվեց Հայաստանում կազմակերպել մեկ ԳՀԻ ու գործարան Աբովյանում և մեկ ԳՀԻ ու գործարան Արտաշատում: Նույն այդ ժամանակահատվածում քաղաքի ղեկավար այրերն իմ բնակարանի գլխին մեծ խաղեր էին խաղում: Այդ խաղերը հիմա էլ են շարունակվում՝ Ձեր քաղաքապետության օրոք: Այնպիսի կախովի կցակառույցներ եք Դուք անձամբ թույլ տվել, որ Աստված կզարմանար, թե ինչ չինովնիկների հետ գործ ունեն մեր շարքային քաղաքացիները: Հարց է առաջանում, թե ես ինչո՞ւ չօգտագործեցի իմ ստացած դիրքային հնարավորություններն ու կապերը, որ ժամանակին կասեցնեի երեխաներիս բնակարանի հարցում իշխանությունների կատարած չարաշահումներն ու ակնհայտ ծառայողական հանցագործությունները, չփորձեցի պաշտպանել իմ ընտանիքի անդամների կենսական շահերը: Չօգտագործեցի, որովհետև ես չէի կարող մի կողմ դնել երկրի պետական շահերն ու ժամանակ կորցնել անձնական խնդիրների վրա: Այն ժամանակ ես ճիշտ էի: Դուք էլ պետք է Ձեր մեջ ուժ գտնեք ու վեր կանգնեք Ձեր ամբիցիաներից: Ինչ մնում է հողի վերահսկիչների կաշառքին, պետք է Ձեզ տեղեկացնեմ. նրանք ինձնից սիմվոլիկ կաշառք անգամ չեն ստանա, թող հույսները կտրեն ու ձեռք քաշեն: Մեղքս ինչ թաքցնեմ, իմ բեղմնավոր կյանքի ընթացքում ես երբեք կաշառք չեմ վերցրել ու կաշառք չեմ տվել: Այդ կրեդոն ես պահպանելու եմ մինչև վերջ, եթե անգամ կորցնեմ իմ բնակարանը կամ Հայաստանի քաղաքացի լինելու պատիվը:
2008 թվականի հունվարի 19-ին Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում տեղի ունեցավ իմ անդրանիկ հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այդ օրը ես նախագահին ներկայացրի Հայաստանի տնտեսության վերականգնման իմ հակաճգնաժամային ծրագիրը, որը հասարակությանը առավել հայտնի է «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագիր» անվամբ: Ծրագիրը նախագահին դուր եկավ: Ռեզյումեն այսպիսին էր: Եթե դու իրականություն դարձնես այդ ծրագրի միայն 50 տոկոսը, ապա դա մեծ բան կլինի Հայաստանի համար: ՀՀ հարգելի նախագահին ասել եմ, որ ես պատրաստ եմ իմ ծրագիրն իրականացնելու 100 տոկոսով, պատրաստ եմ Հայաստանի տնտեսությունը դուրս բերելու ճգնաժամից, բայց հիմա մտածում եմ. պե՞տք է արդյոք մեր գիտնականների արգասաբեր աշխատանքով երկիրը դուրս բերել տնտեսական ճգնաժամից, ջուր լցնել մեր իշխանավորների ջրաղացին, որոնք օրեցօր ավելի լկտի ու անտանելի են դառնում, ոտնահարում են մեր քաղաքացիների, մեր երեխաների մարդկային արժանապատվությունը: Ինչո՞ւ պետք է իմ երեխաները տուժեն քաղաքային պաշտոնյաների ու դատավորների ագահության ու անմարդկային վերաբերմունքի պատճառով: Այդ որտե՞ղ է գրված, որ տարրական սահմանադրական նորմերը պետք է շրջանցեն իմ երեխաներին, նրանք չպետք է ապրեն առողջության համար բարենպաստ բնակարաններում, իսկ ես իմ թանկագին ժամանակը պետք է ծախսեմ անիմաստ դատական ու բյուրոկրատական քաշքշուկների պատճառով իմ երեխաների խաթարված սահմանադրական իրավունքները պաշտպանելու վրա: Մեկ անգամ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյային ասացի, որ մեր հարցով ես ցանկանում եմ հանդիպել անձամբ Տարոն Անդրանիկի Մարգարյանի հետ, համոզված եմ որ նա նույնիսկ ծանոթ չէ մեր խնդրին: «Վստահ եղեք, որ նա կուրսի մեջ է ու մինչև վերջ գնալու է»,- եղավ պատասխանը: Ո՞Ւր եք գնալու, պարոն Մարգարյան... Հույսս չեմ ուզում կորցնել ու հավատում եմ, որ մեր քաղաքում Դուք կարգ ու կանոն կհաստատեք, կպայքարեք Ձեր հաստատությունում թափ հավաքող կաշառակերության դեմ: Իմ դեմ պայքարել պետք չէ, Աստված չի ների:

Հարգանքով՝

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր
Երևան, 08 հոկտեմբերի, 2015 թ.


Հ. Գ.- Հարգելի պարոն Մարգարյան, մեր պատշգամբային մարաթոնը շատ հասարակ ու պարզ լուծում ունի: Հանձնարարեք, որ արխիվներից դուրս բերվեն Մոսկովյան 21 շենքի նախագիծը (ճարտարապետ՝ Ավագյան,1936 թ.) ու պատշգամբների վերակառուցման նախագծերը (ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան, 1978 թ.): Նախագծերն ու միայն նախագծերը կարող են հիմք հանդիսանալ բոլոր տեսակի դատողությունների համար: Մյուս բոլոր լուծումները կրելու են միայն սուբյեկտիվ, օրենքները շրջանցող, որոշ մարդկանց շահերից բխող, որոշ մարդկանց շահերը ոտնահարող բնույթ: Նոր սահմանադրության մեջ պետք է առավել խստացված պատիժ սահմանվի պետական պաշտոնյաների նկատմամբ, որոնք շահադիտական կամ ոչ շահադիտական նպատակներով ոտնահարում են մեր քաղաքացիների սահմանադրական իրավունքները:

Դիտվել է՝ 1731

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ