- Հարևան, օղորմածիկ հերս քանի գնում՝ աչքիս ավելի ա բարձրանում։
- Ինչի՞ ա էդքան շատ բարձրանում, Վաղո։
- Ախր կյանքի մեծ փորձ ուներ, միշտ ասում էր՝ քաչալը ճար ունենա՝ իրա գլխին կանի։
- Բա ինչի՞ ես էդ խոսքը հիշել։
- Ուրեմն ավտոբուսի մեջ խցկված գալիս էի տուն, մի մազոտ կնիկ փնչալով նայում էր աջուձախ ու քթի տակ անեծքներ գռմռում, վերջը չդիմացավ ու պայթեց․․․
- Ի՞նչ ասեց որ։
- Ասեց՝ ժողովուրդ, խաբա՞ր եք՝ էս թալանչի ռսաստրուկները ինչ նոր օյին են ուզում բերեն գլխներիս, հաստատ դրանց Պուտինն ա սովորացրել։ Էդտեղ բոլորը խառնվեցին իրար ու պահանջեցին, որ պատմի, թե ինչ ա եղել։ Սա էլ պատմեց, որ ռսաստրուկները ուզում են հունվարի 1-ից տրանսպորտի վարձը սարքեն 300 դրամ, որ իրանք ընտրություններին չկարողանան հասնեն տեղամաս ու գերագույն հզորագույնին ընտրեն։
- Բա ժողովուրդն ի՞նչ ասեց։
- Բոլորը կատաղեցին, քֆուրներ տվեցին ու որոշեցին, որ անպայման էդ օրը ճարելու են 300 դրամները ու գնան գերագույնին ընտրեն, որ ռսաստրուկները հանկարծ հետ չգան։ Էդտեղ որոշեցի դրանց խելք սովորացնեմ, բայց ամեն ինչ թարս գնաց։
- Ի՞նչ արեցիր։
- Ասեցի՝ ժողովուրդ, ախր էդ գործը 300 դրամով գլուխ չի գա, մի մոռացեք, որ 300 էլ պետք ա, որ տուն հասնեք։ Հեծանիվ էլ չունեք, որ գոնե դրանով հասնեք։ Բա արժի՞ մի ղժղժան հեծանիվ քշողի համար էդքան ծախս անեք։ Ու էդտեղ էր, որ համը դուրս էկավ։
- Ի՞նչ եղավ։
- Շան լափը լցրին գլխիս, ասին՝ խառնակիչ-անտեր, գերագույնը 600 էլ արժի, հլը 700 էլ։ Ամենաագրեսիվը մի քաչալ ու քաֆթառ կնիկ էր, որ քիչ էր մնում ծվատի ինձ։ Սպառնաց, որ անձամբ գալու ա ստուգի՝ ընտրել եմ, թե չէ։ Ու մինչև երդում չարի, դոշս չթողեց։ Ու չես պատկերացնի՝ դրանք ինչքան նվիրված են ու կազմակերպված։
- Ինչո՞վ են նվիրված։
- Երդումիս չհավատացին, ամբողջ ավտոբուսով մարդա 20-30 դրամ հավաքեցին, սարքեցին 600, տվին ինձ, որ հանկարծ ընտրությունների օրը մահանա չբերեմ։
- Շատ հետաքրքիր բան պատմեցիր, Վաղո, բայց հորդ ասած քաչալն ու գլխի ճարը կապ ունեի՞ն դրա հետ։
- Ուշադիր չես, հարևան։ Բա չասեցի՞, որ վրես հարձակված կնիկը քաչալ էր։
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ