Այսօր դերասան, բեմադրիչ, արվեստի վաստակավոր գործիչ ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հիշատակի օրն է:
2021 թվականի հունվարի 19-ին կյանքից հեռացավ դերասան, բեմադրիչ, արվեստի վաստակավոր գործիչ , իսկ ուսանողների համար պարզապես սիրելի վարպետ Վիգեն Ստեփանյանը:
Արվեստագետ, որն իր կոչումը վաստակել էր սեփական կյանքով՝ ինքն իր հետ մինչև վերջ ազնիվ մնալով:
Նա թողեց ավելին, քան հասցրել ենք տեսնել` բազմաթիվ դերեր թատրոնում, ֆիլմերում, ինչպես նաև` իր իսկ բեմադրությունները:
Վիգեն Ստեփանյանը բազմաթիվ դերեր է խաղացել ինչպես մի շարք թատրոններում, այնպես էլ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
1989-ին հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան, որը 1991 թվականին հիմք է դարձել «Մետրո» թատրոնի համար:
Մինչև 1994 թվականը եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը:
1994-2003 թթ. աշխատել է Լիբանանում:
2003 -ին վերադառնալով Հայաստան, նորից ստանձնել է «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։
Վիգեն Ստեփանյան-արտիստը հայտնություն էր նաև հեռուստաթատրոնի և ռադիոյի համար` իր կերտած կերպարներով, գլխավոր ու էպիզոդիկ դերերով, որոնց մասին քիչ է խոսվել:
Դրանցից մեկը գրող, դրամատուրգ, ազգային հիշողության պահապան Հովհաննես Մելքոնյանի սցենարով գրված «Հրաչյա Քոչարը ներկայանում է» հեռուստաներկայացումն էր, որտեղ Վիգեն Ստեփանյանը մարմնավորել է գրող Հրաչյա Քոչարին:
Ներկայացման այս ձևով պատմվում է գրողի, լրագրողի մասնակցությունը Մեծ Հայրենականին:
Իսկ Վիգեն Ստեփանյան-Հրաչյա Քոչարը խաղացել է անկրնկնելի:
Հաջորդ աշխատանքներից մեկն էլ Ագաթա Քրիստիի «Էնդհաուզի առեղծվածը» ստեղծագործության հիման վրա բեմադրված գործն էր, որտեղ Վիգեն Ստեփանյանը խաղացել է Հաստինքսի կերպարը:
Ավագ սերունդը չի մոռացել «Համեցեք Հակոբ Նշանիչի ծննդին» հեռուստաներկայացումը, որտեղ Վիգեն Ստեփանյանը հրաշալի է մարմնավորել իր հերոսին:
Եվ ո՞րն է գաղտնիքը, որ Վիգեն Ստեփանյան-արտիստը այդքան առինքնող ու կոլորիտային էր իր խաղացած դերերում:
Թերևս այն, որ նա նաև ինքն էր հրաշալի բեմադրիչ, գրում էր սցենարներ, որոնցից ծնվել են նաև մանկական մյուզիքլներ:
Վիգեն Ստեփանյանը հրաշալի արտիստ լինելուց բացի նաև ճշմարիտ մտավորական էր, ում կարելի էր տեսնել պայքարի առաջին շարքերում, որովհետև նրան բնորոշ էր հայրենատեր լինելու զգացումը, ինչն այսօր բացակայող հատկանիշ է շատերի մոտ:
Վիգեն Ստեփանյանն այն մարդն էր, ում համար կարևոր էր բոլոր տիտղոսներից առաջ լինել Հայրենիքի զավակ, ով ունակ է զգալ ազգի ցավը և պայքարել ցանկացած վարչակարգի դեմ: Եվ իր վերջին շրջանի հարցազրույցները բացառապես Արցախի կորստյան ցավի ու պայքարի մասին էին:
Նրա համար հայրենասիրությունը կենսակերպ էր:
Պայքարում էր մեր ազգի ընթացքին խանգարող ամեն բացասական երևույթի դեմ՝ միաժամանակ քաջ իմանալով , թե ո՛րն է հայ լինելու տառապանքն ու երջանկությունը.
-Երբ քո մեջ մտնի հայ լինելու երջանկությունը և պատասխանատվությունը, բոլոր բացասական երևույթներն ինքնին արմատախիլ կլինեն,- սա էր իր մարդկային տեսակը:
Միշտ հիշելու ենք Ձեզ սիրելի արտիստ:
Դուք չտեսաք, թե ինչպես շրջափակվեց ու հայաթափվեց Արցախը:
Մեր ու Ձեր պայքարը ոչ թե ավարտված չէ, այլ նոր է սկսվում: Մենք սերունդների առաջ պարտք ունենք՝ վերականգնել մեր Հայրենիքի իրակա՛ն սահմանները:
Եվ այդ պայքարի ընթացքին միշտ հիշելու ենք Ձեր խոսքը.
-Մի մատը լոկ մի մատ է, 5 մատը բռունցք է, ուրեմն բռունցք՝ մեր հայրենիքի համար…
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ