Վազգեն Սարգսյանի եղբոր կուսակցությունն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջով տարածում է կուսակցության քաղխորհրդի անդամի նյութ, թե Ղարաբաղյան շարժումն ավարտված է ու պետք է համակերպվել դրա հետ:
Եթե այդպես է, այսինքն՝ եթե Ղարաբաղյան շարժումը, Արցախի համար պայքարը պետք է այս վերջակետն ունենա և Ղարաբաղյան շարժումը սկսած հայ ժողովուրդը պետք է համակերպվի այս վերջակետի հետ, ուրեմն շատ պարզ, բայց և շատ ֆունդամենտալ հարց է առաջանում՝ ընդհանրապես ո՞վ է և ինչի՞ մասին է Վազգեն Սարգսյանը:
Անշուշտ, հասկանալի է, որ հեռու չէ այն օրը, որ Ալիևի վեցնոցի մոտ բռիլոկ աշխատող Վազգենի կրտսեր եղբայրը հայտարարելու է, թե Վազգենի կռիվը երբեք Ղարաբաղի համար չի եղել, այլ եղել է Մեղրիի համար կամ գուցե Արարատի ցեմենտի գործարանի ու Սևանի «Լաստչկա» հանգստյան տան համար, բայց տրամաբանությունը միշտ հարցը բաց է պահելու՝ եթե չկա Ղարաբաղի գաղափարը, ապա ո՞վ է և ինչի՞ մասին է ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը: Ավելին՝ եթե չկա Ղարաբաղի գաղափարը, ի՞նչ է արել Վազգենը, որ ուրիշ մարդ չասենք, տանեցիքով հռչակել եք սպարապետ, այն էլ՝ վերջին սպարապետ:
Վերջիվերջո, ինչ-որ մեկը մի օր հարց է տալու՝ եթե չկա Ղարաբաղ գաղափարը, որի համար Վազգենը պայքարել է, ինչու Վազգենի անվան փողոց, մարզադաշտ ու ռազմական ինստիտուտ պետք է լինի, իսկ օրինակ՝ Սարդարապատի ճակատամարտում հայկական զորքերի շտաբի պետ Ալեքսանդր Շնեուրի անվամբ ոչինչ, կրկնում եմ՝ ոչինչ չպետք է լինի: Չէ որ ինչի համար պայքարել է ռուս Շնեուրը, այսօր թե ֆիզիկապես և թե գաղափարապես կա՝ Հայաստանն է, իսկ ինչի համար պայքարել է հայ Վազգենը, ֆիզիկապես չկա՝ Ալիևի վեցնոցի ու նրա բռիլոկների պատճառով, իսկ գաղափարապես Արցախը թաղել առաջարկում է Վազգենի եղբայրը:
Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ.
Բորջիաների, Մեդիչիների, Ռոմանովների և այլ հայտնի ընտանիքների պատմությունը սովորեցնում է, որ եթե ընտանիքում կան առանձնաշնորհ մարդիկ, դա դեռ չի նշանակում, որ այդ ընտանիքում բոլորն են այդպիսին:
Որևէ ընտանիք բարոյական «ուռոդներից» ապահովագրված չէ: