Թույլ պետականությունների մոտ լայն տարածում գտած փոխլրացման (complementary, комплементарный) քաղաքականությունը հզորների հետ ունեցած հարաբերություններում, գավառական պարզունակ մեկնաբանությամբ, հնչում է որպես միաժամանակ երկու մոր կաթ ծծելու և դեպի երաշխավորված հաջողություն տանող մոտեցում:
Այնինչ, մարդկային համակարգերի մաթեմատիկական տեսությունն ասում է, որ նման մոտեցումը, կախված կոնկրետ պայմաններից, կարող է բերել հաջողության կամ էլ տանել դեպի անհաջողություն:
Առանց այս հարցը խորապես հասկանալու և ինքնագոհ կիսաժպիտը դեմքին ու փոխլրացում բառն էլ ծամոն դարձրած, կարելի է անմեղսունակ տեսքով սեփական ժողովրդին դեպի կանխատեսելի ու անկանխատեսելի վտանգները տանել և վերջում էլ ասել՝ դե ի՞նչ կարող էինք անել, մենք հնարավոր ամեն ինչ արեցինք, բայց դե այսպես ստացվեց:
Այնինչ, նման ողբալի արդյունքը պատահական չի կարող ստացվել և հնարավոր է միայն այն դեպքում, երբ գավառական բնույթի սահմանափակ մտահորիզոնով և մինչև մարագը վազելու ունակ ղեկավարությունը իր համար վերլուծաբան է կնքում հերթական աչքից սուրմա փախցնող կիսագրագետ դեմագոգին, որի միակ առավելությունը այնպիսի կիսահասկանալի բառերի տեղի-անտեղի օգտագործումն է, ինչպիսիք են տակտիկան, ստրատեգիան, ռիսկերը և գավառական ուղեղին հրաշք թվացող այլ բառեր, որոնց իմաստն էլ ձև ես անում, իբր հասկացար:
Այսօրվա մեր վիճակի բուն պատճառը մեր իսկ մտավոր կյանքի ողորմելիությունն է և ղեկավարության ու վերնախավ կոչեցյալի աչքածակ ու չտես լինելը:
Մարդիկ, որոնց շահերի ու գաղափարների ծանրության կենտրոնները շատ հեռու են ազգային ու պետական կյանքի կրիտիկական բնույթի առաջնահերթությունները հասկանալուց:
Իսկ այս ամենի ավելի խորքային պատճառների մասին, որոնց հիմքում ընկած է մեր խեղճության ու անչափելի ամբիցիաների միջև սկզբունքային հակասությունը, կարելի է խոսել մի այլ անգամ:
Պավել Բարսեղյան