ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Մենք գոյաբանական ռիսկեր ենք գտնում ու խելահեղորեն նետվում դրանց մեջ՝ առանց հաջողության որևէ շանսի

Մենք գոյաբանական ռիսկեր ենք գտնում ու խելահեղորեն նետվում դրանց մեջ՝ առանց հաջողության որևէ շանսի
30.12.2024 | 09:43

Մեր էության ամենամեծ գաղտնիքներից ու պարադոքսներից մեկն այն է, որ պատմության մութ ու խառը ժամանակներում մենք մահացու կամ դրան մոտ գոյաբանական ռիսկեր ենք գտնում ու խելահեղորեն նետվում դրանց մեջ՝ առանց հաջողության որևէ շանսի։

Արդեն սկսած 19-րդ դարի կեսերից՝ այդ զարմանալի քյալլագյոզական ջիղը, ուժեղացված օտարների դրդմամբ ու նրանց շահերով և առանց հաշվի նստելու թուրքերի վայրագ բնույթի հետ, մեզ մղեց դուրս գալու նրանց հետ անհավասար պայքարի։

Դրան զուգահեռ, մի կողմից մեր առևտրական ու բուրժուական դասի հաջողությունները Կովկասում և Օսմանյան կայսրության մեջ ու մյուս կողմից էլ Եվրոպայում ու Ռուսաստանում կրթված մեծաթիվ խավը նպաստավոր պայմաններ ստեղծեցին նաև քաղաքական բնույթի շարժումների աշխուժացման համար։

Վերջինս էլ արտահայտվեց ազգային կուսակցությունների հիմնադրմամբ, որոնք էլ, այլոց նմանությամբ, որոշեցին գլխավորել վերը նշված անհավասար պայքարը։

Այդ պայմաններում թուրքերի ծայրահեղ վայրագ ու գազանային էությունը իրեն երկար սպասել չտվեց, որին հետևեցին 19-րդ դարի 90-ականների կեսերի հայկական կոտորածները, որոնք իրենց մասշտաբներով պետք է շատ բան հուշեին մերոնց, քանի որ հարյուրհազարներով մարդ մորթոտելը դա անողի ծայրահեղ վճռականության մասին էր խոսում։

Նման արյունռուշտ ու մարդակերական վարքը խոսում էր նաև այն մասին, որ թուրքերը մեր մեջ էկզիստենցիալ վտանգ էին տեսնում իրենց պետականության համար։

Այս իրավիճակում մեր վարքի ու պահվածքի երկու տարբերակ կար՝ կամ բռնել բացարձակ չեզոքության ու լոյալության ուղին երկու կայսրությունների նկատմամբ, կամ էլ ուժեղացնել ազատագրական պայքարը, մանավանդ, որ ականջիդ ասում էին՝ չվախենաս, ես այստեղ եմ։

Այս իրավիճակում ո՛չ ցարական իշխանությունների հակահայկական քաղաքականությունը Կովկասում, և ո՛չ էլ Օսմանյան իշխանությունների շարունակվող հակահայկական քաղաքականությունը ոչինչ չհուշեցին իրենց կարևորության զգացումով առաջնորդվող ու ծայրահեղ գոյաբանական ռիսկերի նկատմամբ անտարբեր մեր քաղաքական առաջնորդներին։

Դրան հետևեցին Թիֆլիսում փոխարքայության խաղերը հայ վերնախավի հետ, իսկ սահմանի մյուս կողմում կասկածելի ծագումով հեղափոխական երիտթուրքերի խաղերը մերոնց հետ, որոնք հասան մինչև եղբայրանալը։

Մերոնց չսթափեցրին նաև դրան անմիջապես հետևած Ադանայի կոտորածները, իսկ առաջին աշխարհամարտի սկսվելու հետ էլ եղավ այն, ինչը խիստ սպասելի էր, մանավանդ, բալկանյան պատերազմներից հետո։

Մինչ այդ արհավիրքը, մերոնց համար շատ կարևոր էր հասկանալ սպասվող վտանգի չափը, քանի որ Բալկաններում թուրքերը նահանջում էին իրենց համար օտար հողերից, որոնց հետևում Եվրոպան էր կանգնած, իսկ Անատոլիայում ու Հայկական լեռնաշխարհում նրանք գոյության կռիվ էին տալիս իրենց վաթանի համար, որը նաև մեր Հայրենիքն էր։ Այստեղից էլ՝ թուրքերի անբացատրելի գազանային վայրագությունը նորմալ մարդկային հոգեբանության տեսանկյունից։

Դրանից հետո էլ վրա հասան այլ աշխարհացունց իրադարձություններ ռուսական հեղափոխությունների տեսքով, որի արդյունքում փլուզվեց Ռուսաստանը, իսկ մեր վզին էլ կապեցին անսպասելի անկախությունը։

Եվ այստեղ պարզվեց, որ մերոնք ոչ միայն անտեղյակ էին աշխարհի գործերից, այլ նաև զուրկ էին տարրական քաղաքական ճկունությունից, և որի հետևանքով մենք շատ կորուստներ ունեցանք։

Դրանից հետո էլ եկավ բոլշևիկյան 11-րդ կարմիր բանակը իր կարմիր տեռորի հետ միասին, և սկսվեց մեր վայրիվերումներով լի կյանքը խորհրդային իշխանության պայմաններում՝ իր ստալինյան, խրուշչովյան, բրեժնևյան, անդրոպովյան ու գորբաչովյան շրջաններով և շատ թե քիչ ազատությամբ, իրավունքով, կուլտուրական մաքառումով ու բարեկեցիկին նման կյանքով անցյալ դարի 50-ական թվերից հետո։

Հետո ԽՍՀՄ-ի թուլացման արդյունքում սկսվեց արցախյան շարժումը, խորհրդային իշխանության փլուզումը, մեր, առանց պայքարի, երկրորդ անկախացումը, պատերազմը Արցախի համար, հաղթանակը և չիմանալը, թե ինչ անել այդ հաղթանակի հետ։ Որից հետո մեկ անգամ ևս իրեն զգացնել տվեց մերոնց, քաղաքական կյանքում ու միջպետական հարաբերություններում, անփորձ և անհեռատես լինելու հանգամանքը։

Արցախյան բանակցությունների ձգձգման հանգամանքն ինքը տեղով մեկ մեծ ռիսկ էր, քանի որ հակառակորդը հարստանում և ուժեղանում էր։

Դրանից բացի, Պուտինի իշխանության գալուց և որոշ ժամանակ Արևմուտքի հետ մերձենալու նրա փորձերից ու դրանց անհաջողությունից հետո, նա բռնեց հակառակ ճանապարհը, որ հրապարակայնորեն իրեն զգալ տվեց Մյունխենում ունեցած իր հակաարևմտյան ելույթով։

Դրանից հետո, Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունների սրման, Չինաստանի տնտեսական հզորացման և այլ փոփոխությունների պայմաններում, ներառյալ ՆԱՏՕ-ի դեպի արևելք շարժը, Ղրիմի իրադարձությունները, Ռուսաստանի ու Չինաստանի շահերի մասնակի համընկնումն ու նրանց մերձեցումը և, վերջապես, ուկրաինական պատերազմը, բերեցին աշխարհաքաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխությունների։

Այս պայմաններում Ռուսաստանը, սկսած այս դարի 10-ական թվերից, սկսեց վերանայել ու վերագնահատել իր հարաբերությունները հեռու և, հատկապես, մոտ հարևանների հետ՝ նպատակ ունենալով դիմակայել Արևմուտքի ճնշմանը։

Դրա արդյունքում Ռուսաստանը սիստեմատիկ ջանքեր գործադրելով, աստճանաբար, անկախ Թուրքիայի վարքի անընդունելի դրսևորումներից, բարելավեց նրա հետ հարաբերությունները և, դրանով իսկ, տակտիկապես ու ժամանակավոր ձևով չեզոքացրեց հարավից եկող պոտենցիալ մեծ վտանգը։

Բնականաբար, այս հանգամանքը ազդեց նաև Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունների վրա, և որի արդյունքում Հայաստանը հայտնվեց մեկուսացման մեջ ու պարտվեց Արցախի համար երկրորդ պատերազմում, որը տեղի ունեցավ հայկական կողմի անփորձության և հակառուսական պահվածքի ու այլ հանելուկային պատճառներով։

Այս հարցում վճռական նշանակություն ունեցավ նաև այն հանգամանքը, որ տևական հակառուսական քարոզչության արդյունքում շատերն էին համոզված, որ Ռուսաստանը շատ թույլ է և Արևմուտքի, թեկուզ միայն տնտեսական հարվածների տակ, նա կկործանվի։

Քաղաքակրթական մակարդակով գոյության տոտալ պայքարում միշտ էլ սովորական են եղել հակամարտ կողմերի իներցիոն բնույթի բացահայտ մեծ սխալները, որոնք այս անգամ էլ ունեցան և դեռ կունենան վճռական նշանակություն։

Ռուսաստանի հակառակորդները, մոռանալով Նապոլեոնի ու Հիտլերի անհաջող փորձերը և հույսները դնելով ռուսների տնտեսական ու կազմակերպական թուլության վրա, հերթական անգամ սխալվեցին և իրենց հետևից տարան նաև մեր անփորձ ու անհարկի շտապողական որոշումներ կայացնողներին։

Այս և այլ հանելուկային ու անհայտ պատճառներով մենք հայտնվեցինք այսօրվա անհույս ու մեկուսացված պայմաններում, որտեղ մեր հարաբերական անուժ լինելը կիսասուբյեկտի վիճակից մեզ իջեցրել է օբյեկտի վիճակի՝ իր խիստ անորոշ ապագայով։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 5115

Մեկնաբանություններ