Թույլերի ամենախոցելի կետը աշխարհի գործերից նրանց անտեղյակ լինելն է և, ըստ դրա էլ՝ մակերեսայնությունն ամեն ինչում, այդ թվում նաև՝ իր գոյության հիմնարար բնույթի պրոբլեմների հետ բախվելիս։
Այսինքն, պրոբլեմների էության մեջ խորանալը, այն հասկանալը, հասկացածը բազմիցս ծամելն ու մարսելը, մինչև որևէ ճակատագրական որոշում կայացնելը, շատ հեռու է թույլի մենթալիտետ ունեցող տգետից։
Բացի դրանից, թույլը հասկանում է միայն ուժի լեզուն, քանի որ ոչ մեկը իր հետ այլ լեզվով չի էլ խոսել։
Եվ թույլը, նույնիսկ անիրավունք վիճակից ձևականորեն անցում կատարելով դեպի իրավական կյանք, շարունակում է հասկանալ միայն ուժի ու անիրավության լեզուն, և, այդ իսկ պատճառով էլ, նրան շարունակում են իշխել ուժ և ոչ թե միտք ունեցողները։
Ուժ, միտք, կամք ու նպատակ ունեցողները հազվադեպ են հանդիպում թույլերի առաջնորդի դերում, քանի որ ո՛չ ամբոխն է հասկանում նրանց լեզուն, և ո՛չ էլ նրանք ձեռնտու են իրավիճակի իսկական տերերին։
Վերջիններիս ձեռնտու են որոշ ինքնուրույնություն ունեցող և, միաժամանակ, հլու-հնազանդ կատարողներ, որոնք իրավիճակի տերերի կամքով կարող են գնալ անմարդկային քայլերի սեփական ժողովրդի նկատմամբ։
Եվ վայ այն ժողովրդին, որը էգոիստ, չտես, անհասկացող ու աննպատակ մեծամիտ տգետներին իրեն առաջնորդ կկարգի։
Ժողովրդի համար շատ ավելի վտանգավոր է այն դեպքը, երբ հանգամանքների բերումով նման փսևդոառաջնորդները իրենց հակաժողովրդական վարքը փորձում են արդարացնել փսևդոգաղափարական թոթովանքներով։
Պավել Բարսեղյան