«Ճիշտ մարդը` ճիշտ տեղում» կառավարչական սկզբունքը երկսայրի տրամաբանություն ունի: Եթե ձախողվել է կատարողը, ուրեմն իսկզբանե սխալվել է նաև նրան նշանակողը:
Եթե նշանակողը կատարողից պահանջում է հրաժարական, ապա պարտավոր է շիփ-շիտակ խոստովանել իր սխալը, բացեիբաց ընդունել կառավարչական սխալ որոշում կայացնելու համար սեփական պատասխանատվությունը:
Եթե նշանակողը իր թիմից մեկեն մի քանիսին է «հրաժարեցնում», ապա սա կառավարման ամբողջ համակարգի խոր ճգնաժամի ախտորոշում է: Նշանակողը ինքը իր տեղում չէ:
Եթե պաշտոնից հրաժարական ես տալիս սոսկ վերադասի առաջին իսկ պահանջ-հորդոր-խնդրանքով, ուրեմն դու, իսկապես, քո տեղում չես:
Եթե սուսուփուս հրաժարական ես տալիս նույնիսկ քո մասնագիտական և անձնային արժանապատվությունը նսեմացնող ձևով արված պահանջի պարագայում, ուրեմն, իսկապես, արժանին ես նման վերաբերմունքի:
Եթե չես պահանջում քեզանից հրաժարական պահանջելու հիմքերը, ուրեմն ետին թվով ընդունում ես, որ քեզ ժամանակին անարժան կերպով են նշանակել պաշտոնի, նշանակողի կամայական որոշմամբ, և ուրեմն նա էլ իրավունք ունի առանց բացատրության քեզ ազատելու քո պաշտոնից:
Հ.Գ. Սա ասելու ոչ միայն մասնագիտական, այլև անձնային հիմք ունեմ: 1998 թվականի սկզբի պետական հեղաշրջումից հետո Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Արմեն Դարբինյանի միջոցով ինձնից հրաժարական էր պահանջում (ՀՀ կառավարությանն առընթեր Լեզվի պետական տեսչության պետն էի): Հրաժարվեցի հրաժարականից, պահանջեցի հիմնավորում: Ազատեցին առանց դրա, մամուլում հետևյալ մեկնաբանությամբ, թե իբր նախկինում արդարացված էր լեզվի համար ծայրահեղ պայքարը, իսկ ահավասիկ այժմ պահանջվում է ավելի հանդարտ աշխատանք, ուստի նոր պետ է հարկավոր: Ի դեպ, թե այդ «հանդարտ» աշխատանքը ինչի հանգեցրեց, բոլորիդ էլ հայտնի է. գնահատեք հայաստանյան ներկա լեզվավիճակը և երբեմնի հզոր, հանրային հեղինակություն ունեցող և լիարժեք գործունեություն ծավալած տեսչության ներկայիս կարգավիճակը` որպես Լեզվի կոմիտե ԿԳՄՍ-ի կազմում:
Վալերի Միրզոյան