Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Տիգրան ԽԶՄԱԼՅԱՆ. «Արքա» են փնտրում, որ գլխներին նստեցնեն

Տիգրան ԽԶՄԱԼՅԱՆ. «Արքա» են փնտրում, որ գլխներին նստեցնեն
05.11.2012 | 11:14

«Առաջնորդ» ու «փրկիչ» փնտրող եւ «բա ո’վ լինի» հարցով տանջվող ազգակիցներիս ուզում եմ հիշեցնել արիական հնագույն առասպելներից մեկը, որն իր ավարտուն տեսքը ստացավ 12-րդ դարի պարսիկ բանաստեղծ Ֆարիդ ադ-դին Աթարի «Թռչունների ժողովը» (Մանֆիք-ութ-Թաիր) հռչակավոր պոեմում: Պոեմն այդ հայտնի է նաեւ «Թռչունների արքա» անվանումով, ու երկուսն էլ իմաստալից են և խորհրդանշական մեր այսօրվա իրավիճակի ենթատեքստում: Ուրեմն, թռչունները նեղվում են, որ մարդիկ ու կենդանիներն ունեն արքաներ, և որոշում են իրենց համար էլ արքա կարգել: Արծիվն ու սոխակը, կռունկն ու ագռավը, հոպոպն ու բազեն` թվով երեսուն թռչուն, հավաքվում են ժողովի ու երկար վիճում, քննարկում, սպառնում, համոզում, բայց չեն կարողանում թռչունների արքա ընտրել: Այդ պահին ողջ ընթացքում ձայն չհանած հոպոպն ասում է, որ արքային պետք է ոչ թե ընտրել, այլ փնտրել: Արքան այդ, ըստ հոպոպի, գտնվում է յոթ սարից ու յոթ ծովից այն կողմ, նա անմահ է փյունիկի պես, անունն էլ նրա Սիմուրգ է: Թռչունները որոշում են անպայման ու ցանկացած գնով գտնել նրան ու հռչակել իրենց արքա: Երեսուն թռչունով երամ են կազմում ու սկսում իրենց երկար ու դժվարին ճանապարհորդությունը: Բազմաթիվ արգելքներ ու խոչընդոտներ հաղթահարելով, զրկանքներ ու տանջանքներ կրելով, երամը հասնում է մի վայր, որտեղ, հոպոպի խոսքերով, բնակվում է Սիմուրգը` թռչունների երկար սպասված ու փնտրվող արքան: Ինչ մեծ է լինում թռչունների զարմանքը, երբ, հասնելով նպատակին, գտնում են կախարդական մի հայելի, որտեղ տեսնում են... իրենք իրենց: Այդ պահին հասկանում են թռչունների արքայի անվան իմաստը` Սիմուրգ, կամ «սե մուրղ», որ պարսկերեն նշանակում է հենց «երեսուն թռչուն»:

Մեզանում այս խոսքն ընդունել է «սիրամարգ» ձևը և, զրկվելով բառի բուն իմաստից, հին առասպելը վերածվել է կամ «առաջնորդի» սիրամարգանման պոչի ինքնահավան ցուցադրության, կամ «թռչունների» դեպքում` հավի խելքի պակասի, երբ սեփական ուժն ու իրավունքը գիտակցելու փոխարեն նորից ու նորից «արքա» են փնտրում, որ գլխներին նստեցնեն:
Հետաքրքիր է, որ քաղաքացիական շարժումների ներկայացուցիչներն այս օրերին, կազմելով այլընտրանքային նախախորհրդարան, հավաքվում են այս նույն թվով` երեսուն-երեսուներեքով, որպեսզի Հիմնադիր Ժողով ընտրեն: Եվ դա ոչ թե գոյություն ունեցող ստորաքարշ մկների «Ազգային» ժողովն է լինելու, այլ հին առասպելի «թռչունների ժողովը»: Հայոց Սիմուրգն այլևս սիրամարգ չի լինի: Ոչ էլ կեղծ «բազե», կամ իսկական ագռավ: Հայոց արքան հայ ժողովուրդն է՝ ինքնիշխան, ազատ ու արդար: Մնացածը` ըստ Չարենցի:

Դիտվել է՝ 3305

Մեկնաբանություններ