Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Մասոնները` Միքելե Մորամարկոյի վկայությամբ (մաս 5-րդ)

Մասոնները` Միքելե Մորամարկոյի վկայությամբ (մաս 5-րդ)
25.06.2013 | 11:17

(սկիզբը` այստեղ)

ՊԻԵՏՐՈ ՄԱՐՈՆՉԵԼԻ (1795-1846)

Հայրենասեր երաժիշտ: Բրեշիայի «Ամալիա Ռեալե» լոժայի անդամ, կարբոնարի է դարձրել Սիլվիո Պելիկոյին: Դատապարտվել է մահվան, դատավճիռը փոխվել է 20 տարվա ազատազրկման: Մարոնչելիին և Պելիկոյին ներում է շնորհվել: 1830 թ. Մարոնչելին մեկնել է Փարիզ, այնտեղ էլ գրել է «Հավելում «Իմ բանտերին»` Սիլվիո Պելիկո» գիրքը:

ՋՈՒԶԵՊԵ ԳԱՐԻԲԱԼԴԻ (1807-1882)

Իտալական Ռիսորջիմենտոյի առաջնորդներից մեկը: Երիտասարդության օրերին Գարիբալդին եղել է գաղտնի կազմակերպության անդամ, 1834 թ. վտարանդվել է Լատինական Ամերիկա, պայքարել Բրազիլիայի և Ուրուգվայի անկախության համար: 1848 թ. գլխավորել է Լոմբարդիայի կամավորականներին, հաջորդ տարի հանդես է եկել ի պաշտպանություն Հռոմի Հանրապետության: 1851-1853 թթ. իբրև տարագիր ապրել է Քլիֆորդում (Նյու Յորք), զբաղվել մոմ պատրաստել ու վաճառելով: 1859 թ. հաղթական արշավանքի արդյունքում, որ ավարտվեց Վիլաֆրանկյան հաշտությամբ, Գարիբալդին գլխավորել է Հազարի երթը, որ արտաքսեցին Բուրբոններին Հարավային Իտալիայից: 1862-ին և 1867-ին բազմիցս փորձել է ազատագրել Հռոմը պապական գերիշխանությունից, բայց հաջողության չի հասել: Ջուզեպե Գարիբալդին մասոն է դարձել 1844 թ. Բրազիլիայի «Խիզախության ապաստան» լոժայում, ապա փոխադրվել է Մոնտևիդեոյի «Հայրենիքի բարեկամներ» լոժան: Նա եռանդուն մասոն էր: Վտարանդված լինելով ԱՄՆ, Գարիբալդին ակտիվ մասնակցել է Նյու Նորքի նահանգի Ստեյպլտոնի «Թոմպլինս» № 471 լոժայի աշխատանքներին: 1863 թ. Իտալիայում Գարիբալդին ընտրվել է Պալերմոյի Գերագույն Խորհրդի ղեկավար: 1864 թ. նա դարձել է Իտալիայի Մեծ Արևելքի Մեծ Վարպետ, 1872 թ.` ցմահ պատվավոր Մեծ Վարպետ: 1881 թ. Գարիբալդին ընտրվել է մեմֆիսյան ծիսակարգի եգիպտական ճյուղի ղեկավար: Շոտլանդական ծիսակարգի Գերագույն Խորհրդին ուղղված նամակում 1867 թ. հունիսի 11-ին նա պնդում է, որ Տիեզերքի Մեծ Ճարտարապետի ուսմունքը «նշանակում է ժողովուրդների միջև համաշխարհային եղբայրության հաստատում»: Մի քանի տարի անց Մեծ Վարպետ Մացոնիին ուղղված նամակում` պանթեիզմով համակված գեներալը Տիեզերքի Մեծ Ճարտարապետին համեմատում է Աստծո հետ, ում մեջ խոսում է Մաձինին: 1872 թ. գրված այդ նամակում, երբ իտալական քաղաքական ասպարեզում հայտնվել էր առաջին ինտերնացիոնալը, Գարիբալդին ընդգծում է. «Աշխատավոր եղբայրությունը մասոնական կազմակերպություն է, նրա բոլոր խորհրդանիշները մասոնական են: Ինչու՞ աշխատավորական կոնգրեսները անցնում են իրենց ծնած հիմնադիր-կազմակերպության գրկից դուրս: Մի՞թե ժողովրդավարությունը, այսինքն` տառապյալ դասակարգերը, իրենց գոյությամբ պարտական չեն աշխարհի մեծագույն կազմակերպությանը, որն առաջինն է հռչակել բոլոր աշխատավորների եղբայրության կարգախոսը»:

ԱՆՏՈՆԻՈ ՄԵՈՒՉԻ (1808-1889)

Ֆիզիկոս և գյուտարար, որ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում 1845 թ.: 1857 թ. նա առաջինն է հայտնագործել հեռախոսը: Մեուչիի հայտնագործությունը փորձել է յուրացնել Գրեհեմ Բելը: 1886 թ. ԱՄՆ-ի Գերագույն դատարանն ընդունեց Մեուչիի գյուտի ժամանակագրական առաջնությունը: Մեուչիի մասոնական ճանապարհի գագաթնակետը 1888 թվականն է, երբ նա ստացել է շոտլանդական ծիսակարգի 33-րդ աստիճամ: Նյու-Յորքում, Իտալիայի Մեծ Արևելքի Մեծ Վարպետի հանձնարարությամբ Մեուչին ղեկավարել է իտալացի դիվանագետներից մեկի հավաքագրումը:

ՖՐԱՆՉԵՍԿՈ ԴԵ ՍԱՆՏԻՍ (1817-1883)

Քննադատ և քաղաքական գործիչ: Նշանավոր «Իտալական գրականության պատմության» հեղինակը, հանրահայտ քննադատներից մեկը: Ֆրանչեսկո դե Սանտիսը քննադատել է Հեգելի գեղագիտությունը, ձևակերպելով ձևի և բովանդակության միասնության հայեցակարգը գեղարվեստական ստեղծագործության մեջ: Մի քանի կառավարություններում նա եղել է ժողովրդական կրթության նախարար: Ֆրանչեսկո դե Սանտիսը եղել է 1869 թ. Ֆլորենցիայի մասոնական հիմնադիր ժողովի մասնակից: Նույն թվականին նրան շնորհվել է շոտլանդական ծիսակարգի 18-րդ աստիճան:

ԼՈՒԻՋԻ ԿՐԵՄՈՆԱ (1830-1903)

Մաթեմատիկոս, հանրահաշվական երկրաչափության հիմնադիր: Լուիջի Կրեմոնայի մասոնությունը հաստատում է 1903 թ. «Մասոնական տեսությունը»:

ՋՈԶՈՒԵ ԿԱՐԴՈՒՉԻ (1835-1907)

Բանաստեղծ, 1906 թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր: Ջոզուե Կարդուչին երկրային գոյության հակադրությունների բանաստեղծ է, այդ թեման արտահայտել է անձնական վշտալից հանգամանքների թելադրանքով, որոնք բացահայտում են մարդու զգացումների խառնաշփոթը, երբ նա պատասխանում է ինչ է կյանքը և ինչ է մահը հարցերին: Մարդու ողբերգությունը, որ Կարդուչին պատմել է խորհրդանշային պայմանականությամբ, հավերժացել է նրա սքանչելի պոեզիայի անմահ կերպարներում` լույս և խավար, արև և ստվեր, ձայն և լռություն, տաք ու պաղ, գարնանը կենդանացող կանաչ բլուրներ և դաշտերի մութ լռություն, որ վկայում են կյանքի պարտությունը: Ջոզուե Կարդուչին մասոնական պարտականությունները ստանձնել է 1862 թ.` Բոլոնիայի «Հյուսիս» լոժայում: 1866 թվականից Բոլոնիայի «Ֆալիեինեա» լոժայի անդամ է եղել: 1888 թ. հունվարի 21-ին նրան շնորհվել է շոտլանդական ծիսակարգի 33-րդ աստիճան: 1892 թ. ապրիլի 8-ին «Ռիենցի» և «Ունիվերսո» լոժաները ընդունելություն են կազմակերպել նրա պատվին, այդ առիթով Կարդուչին կարդացել է իր նշանավոր մասոնական դասախոսությունը: Կարդուչին արժանացել է մասոնական հուղարկավորման պատվին, պահպանվել են թերթերի լուսանկարներ, որտեղ Ջոզուե Կարդուչին մահվան մահճում է մասոնական բոլոր պատվանշաններով:

ՋՈՎԱՆԻ ՊԱՍԿՈԼԻ (1855-1912)

Իտալացի բանաստեղծ, Ջոզուե Կարդուչիի ամենահայտնի սանը, մասոն է դարձել 1882 թ. սեպտեմբերի 22-ին Բոլոնիայի «Ռիցոլի» լոժայում:
ՈՒԳՈ ՅԱՆՆԻ (1869-1938)

Սկզբում հինկաթոլիկների (ուտրեխտյան եկեղեցու հետևորդ, որ կաթոլիկությունից հեռացել է 1702 թ. պապի բավարձակ անմեղության դոգմատը չընդունելու պատճառով) կրոնական համայնքի հոգևորական, 1902 թվականից վալդեական եկեղեցու անդամ: Ուգո Յաննին պանքրիստոնեական շարժման անդամ էր, որ սկզբանավորել է շվեդ բողոքական եպիսկոպոս Նաթան Զադերբլոմը: Շարժումը ստացել է էկումենիկ և ազատական բնույթ, իբրև իր խոսափող օգտագործելով «Հավատ և կյանք» ամսագիրը: Ուգո Յաննին ուներ գնոստիկության հակումներ, զբաղվում էր հետազոտական աշխատանքով աշխարահաստեղծման ոլորտում, գիրք է գրել «Կյանքը մահից հետո» թեմայով, որտեղ հերքում է դոգմատները: Յաննին Սան Ռեմոյի «Մաձինի» լոժայի անդամ էր:

ՋՈՎԱՆԻ ԱՄԵՆԴՈԼԱ (1882-1926)

Լրագրող, քաղաքական գործիչ, մի քանի կառավարություններում եղել է նախարար: Ջովանի Ամենդոլան գլխավորել է հակաֆաշիստական ավենտինյան ընդդիմությունը խորհրդարանում` հիմնելով ժողովրդավարական ազատական միությունը: Նա վախճանվել է տարագրության մեջ` ֆաշիստների հետ բախման ժամանակ ստացած վերքերից: Ամենդոլայի մասոն լինելը ուղեկցվել է ոգեհարցության ամենախոր գիտելիքներով: Նա առանձնացել է իր ժամանակակիցներից հումանիստական մշակույթին բնորոշ քննադատական վերաբերմունքով: Մեծ փորձ է կուտակել` շնորհիվ աստածաբանական խմբակների գործունեությանն անմիջական մասնակցության: Իտալիայի Մեծ Արևելքին պատկանող փաստաթղթերը վկայում են, որ Ջովանի Ամենդոլան մասոնություն ընդունել է 1905 թ. մայիսի 24-ին Հռոմի «Ռոմանիոզի» լոժայում:

ԱՈՒԳՈՒՍՏՈ ՄՈՒՐԻ (1841-1932)

Նշանավոր բժիշկ, Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր 1877-1916 թթ., առաջարկել է մի շարք հիվանդությունների, այդ թվում օնկոլոգիական, բուժման ֆիզիոպատիկ մեթոդներ: Միջազգային ճանաչում է ունեցել իբրև ախտորոշող: Աուգուստո Մուրին Իտալիայի խորհրդարանի պատգամավոր է եղել, անդամակցել է Հռոմի «Մասոնական քարոզչություն» լոժային:

ՋՈՒԶԵՊԵ ՌԵՆՍԻ (1871-1941)

Փիլիսոփա, հավատացյալ սկեպտիկ, հակաֆաշիստ, քանիցս ձերբակալվել է հակաֆաշիստական գործունեության համար, զրկվել է փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնից: Ջուզեպե Ռենսիի փիլիսոփայական հայացքները բավականաչափ հայտնի չեն մեր ժամանակներում, նրա աշխատություններն առանձնանում են հակաֆաշիստական պաթոսով, մշակույթի խնդիրների խոր իմացությամբ: Մերժելով Աստծո գոյության «ավանդական ապացույցները»` Ռենսին շարադրում էր իր պատկերացումները իբրև խոստովանություն. «Ես չեմ տեսնում Քեզ և հերքում եմ Քեզ, Տեր: Գուցե Դու ներկա ես իմ մեջ, այն ներքին կենարար ուժն ես, որ ինձ գոյության իրավունք է տալիս: Գոյություն ունի՞ այդ ուժը նրանց մեջ, ովքեր չեն հերքում Քեզ` բարբառելով Քո գոյության ապացույցների մասին: Դու Հավերժական Ճշմարտություն ես, Դու ստիպում ես ինձ չտրվել աշխարհիկ կրքերի, այլ գործել հասարակական կարծիքի դեմ, հետևել նրան, ինչ ես համարում եմ ճշմարտություն: Դու իմ հերքումն ես` Քո գոյության»: Ջուզեպե Ռենսին Ջենովայի «Մաձինի» լոժայի անդամ էր:

ԱԼՖԱՆՈ ՖՐԱՆԿՈ (1876-1954)

Երաժիշտ, 20-րդ դարի Իտալիայի երաժշտական մշակույթի նորացման շարժման մասնակից: Նրա ստեղծագործությունները համապատասխանում են ժամանակակից եվրոպական ճաշակին: Սկսելով իբրև վերիստ «Հարություն» սիմֆոնիկ պոեմով /1904/, Ալֆանոն մշակեց առավել դինամիկ և պոլիխրոմ ոճ` իր ստեղծագործության մեջ հիմք ընդունելով «հնդկական Արևելքի նրբությունը, Թագորի քնարական բանաստեղծությունները»: Ատեղծագործական ճանապարհի վերջում Ֆրանկո Ալֆանոն վերադարձավ ավանդական եվրոպական ձևերին: Լինելով Պուչինիի սանը` Ալֆանոն ավարտել է նրա «Տուրանդոտ» պարտիտուրան, հրաժարվելով իր անունը գրել օպերային վերջնական խմբագրման մեջ: Նեապոլիտանական մասոնության ակտիվ ու եռանդուն անդամ է եղել, շոտլանդական ծիսակարգում հասել է 33-րդ աստիճանի:

ԷՆՐԻԿՈ ՖԵՐՄԻ (1901-1954)

Ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր: Հանճարեղ ունակությունների վաղ դրսևորման շնորհիվ` Էնրիկո Ֆերմին արդեն 23 տարեկանում նշանակալից ավանդ է ունեցել ժամանակակից ֆիզիկայի կայացման մեջ` մշակելով Ֆերմի-Դիրակայի քվանտային վիճակագրությունը: Ֆերմին կառուցել է առաջին միջուկային ռեակտորը: 1942 թ. նրան և մի խումբ գիտնականների հաջողվեց իրականացնել միջուկային ամբողջական ռեակցիա` սկիզբ դնելով ատոմային դարաշրջանին: Էնրիկո Ֆերմին մասոն է դաձել 1923 թ. «Լեմի» լոժայում, որ գտնվում է Հռոմի Ջեզու հրապարակում:

ՏՈՏՈ (ԱՆՏՈՆԻՈ ԴԵ ԿՈՒՐՏԻՍ, 1898-1967)

Նշանավոր կինոդերասան, նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, որոնց մեծ մասը, քննադատների գնահատականով, չի համապատասխանում նրա մեծ տաղանդին: Տոտոն մասոն է դարձել 1944 թ. «Պալինջենեսի» լոժայում, որ ենթարկվում է Հռոմի Ջեզու փողոցում գտնվող լոժային: Տոտոն «Արվեստ և աշխատանք» լոժայի հիմնադիրներից մեկն էր, նրա Հարգարժան վարպետը: Տոտոյին շնորհվել է շոտլանդական ծիսակարգի 30-րդ աստիճան: Տոտոյի մասոնական հայացքների դրսևորում կարելի է համարել նրա բանաստեղծությունների ժողովածուն, որ վերնագրված է «Դեպի մակարդակ»: Բանաստեղծության լեզվով հեղինակը գրում է մահվան առաջ բոլոր մարդկանց հավասարության մասին: Մասոնության մեջ «մակարդակը» հավասարության խորհրդանիշ է:

ՍԱԼՎԱՏՈՐԵ ՔՎԱԶԻՄՈԴՈ (1901-1968)

Բանաստեղծ, գրականության Նոբելյան մրցանակի 1959 թ. դափնեկիր: Երկաթուղային մասոնի որդի Սալվատորե Քվազիմոդոն մասոն է դարձել 1922 թ. մարտի 31-ին Լիկատի «Առնալդո դի Բրեշիա» լոժայում: Նա նաև հայտնի թարգմանիչ էր` հին հունարական պոեզիայի, Շեքսպիրի, Հովհաննեսի Ավետարանի, որ խորանի վրա էր լինում մասոնական ծառայության ժամանակ: Քվազիմոդոյի ստեղծագործությունը ներծծված է առաջասպելաբանական և սպիրիտուալիստական մոտիվներով, որ միավորված են ամբողջական սոցիալ-էթիկական հիմքի վրա: Քվազիմոդոն միշտ պաշտպանել է հետապնդումների ենթարկվող բանաստեղծներին ու գրողներին:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4646

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ