Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հայոց առաջին բարերարը

Հայոց առաջին բարերարը
13.09.2013 | 11:08

Բարերարությունը քրիստոնեական արժեքային համակարգի հիմնաքարերից է, որն ուղղակիորեն բխում է քրիստոնեական բարոյականության սկզբունքներից: Եվ մենք ունենք բարերարության շուրջ 1700-ամյա պատմություն, քրիստոնեությունը պետական կրոն հռչակելը իր հետ բերեց նաև բարերարության սերմանում:
Հայոց առաջին բարերարը Ներսես Մեծ կաթողիկոսն է: Ահա թե ինչ է գրում պատմահայր Խորենացին. «Արշակի թագավորության երրորդ տարում հայոց եպիսկոպոսապետ դարձավ մեծն Ներսես, Աթանագինեսի որդին, Հուսիկի որդու, Վրթանեսի որդու, սուրբ Գրիգորի որդու: Բյուզանդիայից Կեսարիա վերադառնալով՝ նա եկավ Հայաստան և իր հայրերի բոլոր ուղղության կարգերը նորոգեց, և ավելին ևս, որովհետև ինչ բարեկարգություններ որ նա տեսավ հույների աշխարհում, մանավանդ թագավորանիստ քաղաքում, նույնը սահմանեց և մեր աշխարհում: Նա եպիսկոպոսների և աշխարհականների ժողով գումարեց, կանոնական սահմաններով հաստատեց ողորմածությունը, արմատախիլ արեց անգթությունը, որ մեր երկրում ի բնե սովորական էր: Որովհետև բորոտները հալածվում էին իբրև օրենքով պիղծ ճանաչված մարդիկ, բորոտներին էլ փախուստի էին ենթարկում, որպեսզի ախտը նրանցից ուրիշների վրա չփոխադրվի. նրանց կացարանները անասնատներն էին և ամայի տեղերը, նրանց ծածկույթը՝ քարերն ու մացառները, իրենց թշվառության մեջ նրանք ոչ ոքից մխիթարություն չէին գտնում: Բացի սրանցից, հաշմանդամները չէին խնամվում, անծանոթ հյուրեր չէին ընդունվում, օտարականները պաշտպանություն չէին գտնում:
Իսկ նա հրամայեց, որ ամեն մի գավառում շինեն աղքատանոցներ՝ առանձնացած անբնակ տեղերում, որպեսզի հունաց հիվանդանոցների նման մխիթարություն լինեն մարմնով վշտացածներին: Այս հիվանդանոցների վրա բաշխեց ավանները և ագարակները, որպեսզի իրենց արտերի արդյունքներից, արածող անասունների կթից ու բրդից բաժին հանեն և պարտավորաբար նրանց պետքերը հոգան հեռվանց հեռու, իսկ նրանք դուրս չգան իրենց բնակության համար սահմանված շինություններից: Նույնպես սահմանեց, որ բոլոր գյուղերում իջևաններ շինվեն օտարականների համար, սնունդի տեղեր՝ որբերի և ծերերի համար, և խնամք՝ չքավորների համար: Անապատ և անմարդաբնակ տեղերում շինում է նաև եղբայրանոցներ և մենաստաններ և մենակ ճգնողների համար՝ խրճիթներ:
Եվ նախարարական ցեղերի միջից վերացնում է այս երկու բանը. առաջին՝ խնամիությունը մերձավոր ազգականների միջև, որը գործադրում էին՝ սեպուհական ազնվականության պատճառով ագահելով, և երկրորդ՝ որ մեռածների վրա ոճիրներ էին գործում հեթանոսական սովորությամբ: Այնուհետև մեր աշխարհի մարդիկ երևացին արդեն ոչ բարբարոսների պես այլանդակված, այլ քաղաքացիների նման համեստացած»:
Ահա այսպես, Ներսես Մեծի շնորհիվ բարերարություն սահմանվեց մեր ժողովրդի մեջ, և մեր աշխարհի մարդիկ սկսեցին հանդես գալ քաղաքացիների նման համեստացած:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ