(սկիզբը՝ այստեղ)
ՖԻԼՈՍ։ Սիրո այս տեսակն անկիրք հոգեհարազատության արտահայտչամիջոցն է որևէ անձի հանդեպ, այսինքն՝ անկեղծ, նուրբ, մոտ, ընկերական, մտերմիկ հարաբերության ոլորտը, որտեղ նման սերը կարող է արտահայտվել ձեռքսեղմումով, ջերմ գրկախառնությամբ, երբեմն էլ համբույրով, ինչպես լինում է մոտիկների, ընկերների ու ընկերուհիների միջև, որտեղ բացարձակապես բացակայում է կրքի նշույլն իսկ։ Պողոս առաքյալը նման դեպքում ասում է. «Բարև տվեք միմյանց սուրբ (այսինքն՝ մաքուր- Մ. Բ.) համբույրով»։ Այս սերը մեծ մասամբ առաջանում է մտային՝ բանական ոլորտում, միախառնվելով հոգու արժեքների հետ։
Երկու սեռերի՝ տղայի և աղջկա միջև մաքուր, անբացատրելի, զուլալ, իսկական սերը, երբ բացակայում են կիրքն ու միմյանց մերձեցումը, նույնիսկ գրկախառնությունն ու համբույրը, կարող է վերագրվել ֆիլոսի բարձրագույն տարատեսակին։ Որպես օրինակ կարող է ծառայել «Ռոմեո ու Ջուլիետ» հայտնի ստեղծագործության հերոսների մաքուր ու անարատ սերը։ Դրա մի այլ տեսակն է նաև Գյոթեի «Երիտասարդ Վերթերի տառապանքները» ստեղծագործությունը։ Այս տեսակ ֆիլոս սերը, հետագայում սառելով ու նվազելով, իջնում է սովորական մակարդակի և տեղի է տալիս Էրոս տեսակին։
ՍՏՈՐԳԵ։ Սիրո երրորդ տարատեսակը կոչվում է Ստորգե։ Ենթադրվում է նուրբ, քաղցր, հուզումնալից, հարազատական, բարեկամական, ընտանեկան, արյունակցական, ծնողներ ¬ զավակներ, ինչպես նաև ամուսինների միջև եղած ոչ սեռական մտերմիկ կեցություն։ Ստորգե սիրո արտահայտչամիջոց են նաև հայրենիքի ու ազգի հանդեպ տածած ջերմ զգացմունքները, որոնց ժամանակավոր բացակայությունը խոր կարոտ է առաջացնում, ինչն էլ կոչվում է կարոտախտ։
Ստորգե սիրո հարաբերությունները, չպահպանելով նախնական ջերմությունը և այլափոխվելով հաճախ վերածվում են տուր և առի, պարտք ու պահանջի, իջնում են միմյանց հանդեպ պարտականությունների չարաշահման տհաճ մակարդակների։ Օրինակ, չափազանց խիստ, նույնիսկ անտեղի կոպտության հասնող ծնողական դաստիարակությունը երեխաների հանդեպ, կամ էլ էգոիստ, քմահաճ, լկստված ու պահանջկոտ երեխաների դիրքը իրենց ծնողների հանդեպ, որոնք իրենց ծնողների հետ վարվում են այնպես, ասես նրանք պարտավոր են իրենց յուրաքանչյուր ցանկության նյութական կողմը բավարարել, այլապես կոպիտ ու անհնազանդ են դառնում, երբեմն էլ տնից հեռանալով, մեծ ցավ պատճառում խեղճ ծնողներին։ Նման պարագայում Պողոս առաքյալը մեզ խրատում է՝ ասելով. «Որդինե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին ի Տեր, որովհետև դա է ճիշտը: Պատվի՛ր քո հորն ու մորը, - որ առաջին պատվիրանն է՝ տրված խոստումով,- որպեսզի լավ լինի քեզ համար, և երկար կյանք ունենաս երկրի վրա: Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր որդիներին, այլ մեծացրե՛ք նրանց Տիրոջ խրատով և ուսումով» (Եփեսաց. 6.1-3):
Իսկ հայրենիքի հանդեպ ստորգե սերը երբեմն մարդիկ վերածում են ազգապաշտության կամ միակողմանի պահանջների բավարարման դիրքի, երբ, ըստ նմանների, հայրենիքը պարտավոր է ամեն գնով իրենց ուզած բարեկեցությունը ապահովել, բայց առանց փոխադարձ սիրո պարտականության կատարման, այսինքն, երբ երկրին նման քաղաքացին ոչինչ չտալով, կամ ոչ մի ջանք չդնելով հայրենիքի բարգավաճման ու զորացման համար, անառակ զավակի նման միայն բռնի պահանջատիրական դիրք է բռնում։ Իսկ երբ չի ստանում իր ուզածը, կամ առաջին իսկ հնարավորության դեպքում լքում է հայրենիքը, կամ էլ մնալով իր տեղում, լրացնում է դժգոհների ու տրտնջացողների, շատ ժամանակ նաև մեծավորներին հայհոյողների շարքը։ Սրանց Հուդա առաքյալը այսպես է որակել. «Տրտնջացողներ, բանսարկուներ ու ամբարտավաններ, որոնք հետամուտ են սեփական ցանկություններին ու երեսպաշտություն են անում իրենց շահի համար»։
Լինում են դեպքեր, այն էլ շատ, երբ ստորգե սերն իջնում է ցածրակարգ ոլորտներն ու կարող է վերածվել նույնիսկ կենդանիների նկատմամբ ծայրահեղ սիրո, երբ մարդ արարածը կապվում է իրեն հավատարիմ կամ դուր եկած շան (հիմա ամենատարածվածն աշխարհում), կատվի, ձիու (հնում ամենատարածվածը) կամ էլ մի այլ կենդանու հետ։ ՈՒ այդ չորքոտանիների հետ մարդիկ այնպես են կապվել տարիների ընթացքում, որ նույնիսկ իրենց մահից հետո հսկայական ժառանգություն են թողել կտակով, որ խնամեն իրենց սիրած կենդանուն։ Այդ է պատճառը, որ խեղաթյուրելով ստորգե սիրո բնույթը, անարգելով Աստծո պատկերն ու նմանությունը կրող մարդ տեսակին, մարդիկ սկսել են գերադասել ծառայության համար ստեղծված անբան անասուններին (խոսք չունեցող կենդանիներին)։ Նույնիսկ եղել են դեպքեր, որ այդ կենդանիների պատճառով դրանց տերերը մարդկանց են սպանել, վրեժ լուծելով իրենց սիրելի չորքոտանիներին «նեղացնելու» համար։ Այս մասին Պողոս առաքյալը նույնպես գրել է. «Ճանաչեցին Աստծուն, բայց իբրև Աստված չփառավորեցին կամ գոհություն չմատուցեցին Նրան, այլ իրենց մտածմունքների մեջ նանրացան, և նրանց սրտերը անմտությամբ խավարեցին: Իրենք իրենց իմաստունի տեղ էին դնում և հիմարացան: Եվ անեղծ Աստծո փառքը փոխեցին՝ նմանեցնելով այն մարդու եղծելի պատկերի և թռչունների և չորքոտանիների և սողունների» (Հռոմ. 1.21):
Այս նույն բանը հոգևոր իմաստով կարելի է վերագրել նաև աղանդավոր-քրիստոնյա հավատացյալ-եկեղեցի առումով, երբ նմանները, չսիրելով անձամբ Տիրոջ առաքյալների հիմնած, նահատակ սրբերի արյունով ոռոգված, ազգային Մայր եկեղեցին, հարում են մեծ մասամբ զգացմունքների վրա առաջացած տարանուն հարանվանությունների, որտեղ անարգում են ազգային սրբությունները՝ Խաչը, սուրբ Տիրամորը և Աստծո նահատակ սրբերին, որոնք իրենց կյանքից առավել սիրեցին Տիրոջը։ Կամ էլ թեկուզ և չհարելով դրանց, քրիստոնյան պահանջողի դիրքերից հայտարարում է, թե եկեղեցին պարտավոր է այս կամ այն ծառայությունը, կամ էլ հոգևոր գրքերի տարածումը ձրիաբար կատարել։ Բայց նման «քրիստոնյան» մոռանում է եկեղեցու հանդեպ իր պարտականությունների մասին, որ եկեղեցու պահպանման ծախսերը ոչ պետությունն է հոգում, ոչ էլ երկնքից է ընկնում, այլ պարզ ու հավատարիմ հավատացյալների փոքրիկ լումաներով է գոյանում։ Հին ուխտում կար տասանորդի օրենքը, երբ կրոնախմբի ամեն մի անդամ պարտավոր էր իր ստացվածքի տասներորդ մասը տաճարի գանձանակը գցել։ Այդ օրենքը նաև քրիստոնեության մեջ է կիրառվում, և այդ կատարում են կամավորության սկզբունքով՝ ըստ հնարավորության։ Այն գործում է նաև մոմավառության ձևով, երբ մարդը գնում է փոքրարժեք մոմը որոշ գումարով, որի հավելյալ մասը տրվում է որպես ակամա ընծայաբերություն Եկեղեցու կարիքների համար։ Իսկ տասանորդի կիրառմանը բողոքականներն ու եհովականները մեծ կարևորություն են տալիս, համատարած ու պարտադիր կիրառում են այդ սկզբունքը, որովհետև դրանից են կախված նրանց բարգավաճման ու քարոզչական ընդարձակման հնարավորությունները։
(շարունակելի)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ