Սա թերևս աշխարհի վերջին օրերին սպասող մարդկության մեջ ամենատարածված տեղանունն է։ Այո՛, մեր այդքան շատ լսած Արմագեդոն անունն ընդամենը Իսրայելի այժմյան մի փոքր տարածքում գտնվող դաշտավայրի տեղանքի անուն է, ինչպես, օրինակ, Արարատյան դաշտավայրը Հայաստանում։ Իսկ թե ինչու է այդ անունն այդքան տարածվել աշխարհում, հիմա կիմանանք։
Եվ այսպես, Արմագեդոնը տեղանքի անուն է, որի մասին հիշատակված է Աստվածաշունչ մատյանում և այն էլ՝ ընդամենը մեկ անգամ. «Վեցերորդ հրեշտակն իր սկավառակից թափեց մեծ Եփրատ գետի վրա. և ցամաքեցին նրա ջրերը, որպեսզի ճանապարհ պատրաստվի Արևելքի թագավորին: Եվ տեսա, որ վիշապի բերանից, գազանի բերանից և սուտ մարգարեի բերանից ելնում էին երեք անմաքուր ոգիներ՝ նման գորտերի. քանզի նրանք դիվական ոգիներ էին, որոնք նշաններ էին գործում, գնում էին ամբողջ աշխարհի թագավորների մոտ՝ նրանց պատերազմի հավաքելու Ամենակալ Տիրոջ մեծ օրվա համար (քանզի այսպես ասաց Տերը. «Ահա՛ գալիս եմ ինչպես գող. երանի՜ նրանց, որ արթուն են և պահում են իրենց զգեստները, որպեսզի մերկ ման չգան, և իրենց ամոթույքները չերևան»: Ապա ոգիները թագավորներին հավաքեցին մի տեղ, որ եբրայերեն կոչվում է Արմագեդոն» (Հայտնություն 16. 12-15)։ Արմագեդոն կամ Մեդդիդոյի բարձունք կոչվող այդ տեղանքի մասին ընդամենը մեկ անգամ է գրվել Սուրբ գրքում, և այժմ մեծ տարածում է գտել բոլոր ազգերի ու ժողովուրդների մեջ, որովհետև այն վերաբերելու է բոլորին և անխտիր, քանի որ այն վերջին պատերազմի ռազմադաշտն է լինելու, որտեղ պետք է հանդիպեն չարի և բարու ուժերը, այսինքն, սատանային հարող և նրանց ընդդիմամարտ Քրիստոսի հետնորդների զորքերը: Մեծ ու ահեղ ու նաև վերջին պատերազմն է լինելու խավարի ու լույսի միջև: Բայց, ինչպես ֆիզիկայի օրենքներից գիտենք, լույսին խավարը երբեք չի կարող հաղթել, քանի որ խավարն ընդամենը լույսի բացակայության հետևանք է:
Իսկ Հայտնության գիրքը, ըստ ավետարանի, տրվեց Պատմոս կղզում գտնվող Հովհաննես առաքյալին։ Ինձ վիճակվել է ուխտագնացությամբ լինել Հունաստանի Էգեյան ծովում գտնվող այդ կղզում։ Այն մի փոքրիկ դրախտավայր էր հիշեցնում, որտեղ ընդամենը մի քանի ավտոմեքենա կար ու մի քիչ ավելի մոտոցիկլ, լայն պողոտաներ ու երկնաքերներ չկային, միահարկ կամ երկհարկ տներ էին մեծ մասամբ ու շատ եկեղեցիներ։ Շուրջբոլորը կապույտ ծովն էր, իսկ կղզին ծաղիկների ու կանաչի մեջ փթթող երկրային դրախտավայր էր։ Եվ երբ մտովի հետ էի գնում քսան դար, բոլորովին չէի կարողանում պատկերացնել, որ այս նույն կղզին եղել է ընդամենը մի քարհանք, որտեղ շղթայակապ ցմահ բանտարկվածները օր ու գիշեր քար էին հանում երկրի ընդերքից ու նավերով ցամաք տեղափոխում, որտեղ Հռոմեկան կայսրությունն իր պալատներն ու ճանապարհներն էր կառուցում՝ աշխարհակալ իր տիրապետությունն ընդարձակելու համար։ Այդ բանտարկյալների մեջ էր նաև Հովհաննես առաքյալը, ով մյուսների հետ կրում էր տաժանքի այդ լուծը, մինչև Տեր Հիսուսը վերին այցելությունն արեց Իր հավատարիմ ծառային։ Հովհաննու ավետարանում կարդում ենք. «Պետրոսը դարձավ և տեսավ, որ այն աշակերտը, ում Հիսուս սիրում էր, գալիս է հետևից. նա, որ ընկել էր Նրա կրծքովն ու ասել. «Տե՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»: Պետրոսը, նրան տեսնելով, ասաց Հիսուսին. «Տե՛ր, իսկ սա ի՞նչ կլինի»: Հիսուս նրան ասաց. «Եթե Ես կամենում եմ, որ դա ապրի, մինչև որ Ես գամ, այդ քեզ ի՞նչ հոգ, դու արի՛ Իմ հետևից»: Եվ այս խոսքը տարածվեց եղբայրների մեջ, և կարծեցին, թե այն աշակերտը չպիտի մեռնի։ Բայց Հիսուս նրան չասաց, թե չպիտի մեռնի, այլ թե՝ Ես կամենում եմ, որ դա ապրի, մինչև որ ես գամ» (Հովհաննես 21.20-23): Կան տարբեր բացատրություններ Ավետարանական այս տողերի վերաբերյալ, բայց կուզենայի նաև իմ կարծիքը հայտնել։ Ըստ իս, Հիսուսը Հովհաննես առաքյալին թույլ չտվեց մյուս առաքյալների նման նահատակությամբ ավարտել կյանքը, որովհետև Հիսուսը հրաշատեսիլ կերպով պիտի գար ու երևար Իր սիրելի և ընտիր ծառային՝ Հովհաննեսին, ու նրա միջոցով աշխարհին պիտի հայտներ ամենակարևոր մարգարեական խոսքը՝ Հայտնությունը, որ այժմ Աստվածաշնչի վերջնամասում է։ Հայտնության այդ խոսքն այնքան խորախորհուրդ է, որ նույնիսկ նախնյաց եկեղեցին դարերով այն չի կարողացել ընդունել որպես Աստծո ուղիղ խոսք ու «մարսել»։ Բայց, քանի որ այն իսկապես Աստծո կամքի հայտնությունն է մինչև ուղն ու ծուծը ապականված այս մեղավոր մարդկության համար, այդ պատճառով Տերն ի վերջո Իր սրբերի միջոցով հասկացրեց, որ այն ընդունեն ու զետեղեն Սուրբ գրքում։ Հայտնության խոսքը մինչև հիմա այնքան «անմարսելի» է, որ նույնիսկ մեր Հայ եկեղեցին իր ամենօրյա ընթերցանության մեջ չի գործածում՝ զգուշանալով տեղին-անտեղի մեկնաբանություններից։
Հայտնության վայրը, որ Պատմոս կղզու մի ծայրամասում է գտնվում, ընդամենը մի փոքրիկ անձավ է, որտեղ առաքյալը հափշտակության մեջ տեսավ երկնքից իջած Տեր Հիսուսին ու սկսեց հոգով ընկալածը թելադրել իր հավատարիմ աշակերտ ու գրագիր Պրոխորոնին, ով Սուրբ Հոգու նույն շնորհով լսածը անթերի փոխանցեց մագաղաթե էջերին։ ՈՒխտագնացներին ընդհանրապես թույլ չէին տալիս նկարահանել այդ սրբավայրը, բայց ես, չդիմանալով այդ օրհնյալ վայրից գոնե լուսանկարների հիշողություն հետս տանելու գայթակղությանը, չհնազանդվեցի արգելման այդ հրամանին ու նկարահանեցի այդ մեծահամբավ վայրը, որտեղ ամենքիս Փրկիչն այցելության էր եկել՝ Իր կամքը մարդկությանը փոխանցելու։
ՈՒ քանի մոտենում ենք վերջին ժամանակներում կատարվող իրադարձություններին, այնքան համոզվում ենք Հովհաննու Հայտնության մարգարեկան տողերի մոտալուտ իրականությանը։ Կարդանք այդ Հայտնության մնացած տողերը.
ԱՍՏԾՈՒ ՑԱՍՄԱՆ ՅՕԹ ՍԿԱՎԱՌԱԿՆԵՐԸ
«Եվ տաճարից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր յոթ հրեշտակներին. «Գնացե՛ք, Աստծո ցասման յոթ սկավառակները թափեցե՛ք երկրի վրա»: Առաջին հրեշտակը գնաց և իր սկավառակի պարունակությունը թափեց երկրի վրա. և չար պալարներ գոյացան այն մարդկանց վրա, որ ունեին գազանի դրոշմը ու երկրպագում էին նրա արձանին:
Երկրորդ հրեշտակն իր սկավառակը թափեց ծովի մեջ. և ջրերը փոխվեցին ու դարձան ինչպես մեռելի արյուն: Եվ ծովի մեջ եղած ամեն կենդանի արարած սատկեց:
Երրորդ հրեշտակն իր սկավառակը թափեց գետերի և ջրերի աղբյուրների մեջ. և նրանք արյուն դարձան: Եվ լսեցի հրեշտակից, որ ասում էր. «Արդար է Նա, որ Է¬ն է և Է և սուրբ է Իր գործերում, քանի որ այսպե՛ս դատաստան արեց. որովհետև սրբերի արյունը և մարգարեների արյունը թափեցին ամբարիշտները, դրա համար էլ արյուն խմել տվեց նրանց, մի բան, որին արժանի էին»: Ապա լսեցի այդ զոհասեղանից մի ձայն, որ ասում էր. «Այո՛, Տե՛ր Աստված Ամենակալ, արդար ու ճշմարիտ են Քո դատաստանները»:
Չորրորդ հրեշտակն իր սկավառակից թափեց արևի վրա: Եվ նրան թույլատրվեց մարդկանց խորշակահար անել կրակով. և մարդիկ այրվեցին սաստիկ տապից: Նրանք հայհոյեցին Աստծուն, որ իշխանություն ունի այս պատուհասների վրա, և սակայն չապաշխարեցին, չփառաբանեցին Աստծուն:
Հինգերորդ հրեշտակն իր սկավառակից թափեց գազանի գահի վրա. և գազանի թագավորությունը խավար դարձավ. մարդիկ ցավից իրենց լեզուներն էին կծոտում: Եվ իրենց ցավերի ու դառն ախտի պատճառով հայհոյեցին երկնքի Աստծուն, և սակայն չապաշխարեցին իրենց գործերից:
Վեցերորդ հրեշտակի կատարելիքի մասին վերն արդեն կարդացինք։ Հիմա շարունակենք կարդալ թե ինչ է սպասում Արմագեդոնում հավաքված Արևելքի թագավորի ու մնացածների զորքին։
«Յոթերորդ հրեշտակն իր սկավառակից թափեց օդի մեջ. և երկնքից ու գահից ելավ մի բարձր ձայն, որ ասում էր. Եղա՛վ: Եվ իսկույն եղան փայլատակումներ, ձայներ և որոտներ. և եղավ մի մեծ երկրաշարժ, որպիսին չի եղել մարդու ստեղծվելուց ի վեր: Եվ մեծ քաղաքը երեք մասի բաժանվեց. և ընկան ազգերի քաղաքները. և Աստված հիշեց մեծ Բաբելոնը և դրան տվեց իր սաստիկ բարկության գինու բաժակը: Եվ բոլոր կղզիները հեռու փախան, ու մեջտեղից վերացան լեռները: Մարդկանց վրա երկնքից թափվեց խոշոր կարկուտ՝ հիսուն կիլոգրամ կշռով: Եվ մարդիկ հայհոյեցին Աստծուն, և որ երկնքում է, և կարկուտի պատուհասի համար, քանի որ պատուհասը մեծ էր և սաստիկ»:
Իսկ մեծ Բաբելոնն իրենից ներկայացնում է այժմյան եվրոպական երկրները՝ իր հետ համագործակցող և համամիտ եղող բազմաթիվ ազգերը, որ կատաղի զորությամբ հակադրվում են Աստծո օրենքներին ու պատվիրաններին: Նայի՛ր այժմյան աշխարհի «առաջնակարգ» համարվող երկրների բարոյական նկարագրին, ու կհամոզվես, որ իսկապես այդպես է, քանզի օրեցօր մոլեգնող այլասերվածություններն ապացույց են ասված խոսքերի։ Նույնիսկ մանուկ հոգիներն ապականող ու պղծող օրենքները զանազան ճանապարհներով ներարկում են այլ ազգերի մեջ, որի առաջին պտուղները նաև մեր ավանդական քրիստոնեական երկրում են երևում: Իսկ վերջերս սուրբ Էջմիածնում կատարված բողոքի երթը հենց այդ ապականիչ օրենքների դեմ իրականացավ:
Ասենք, որ «Բաբելոն» բառն ընդամենը թարգմանվում է որպես խառնակություն, քանի որ այդ բառը սկիզբ առավ Հին ուխտի այն պատմությունից, երբ Նոյի որդիները Սենար երկրում միաբանվեցին ու որոշեցին մի աշտարակ սարքել, որ մինչև երկինք էր հասնելու, որի նպատակն էր հակառակվել Աստծուն, Ով ջրհեղեղով կործանեց մեղավոր մարդկությանը: Բայց այդ մոլորյալները չգիտեին, որ Աստված այս անգամ մեղավոր մարդկությանը պետք է պատժի ոչ թե ջրհեղեղով, այլ հրեղեղով, այսինքն կրակով պետք է զտվեն մարդկության ընտիրները մեղավորներից: Եվ ինչպես ոսկին ու արծաթն է կրակով պայծառանում ու մաքրվում, այդպես էլ արդարներն ու Աստծուց երկյուղ կրողները պետք է սրբանան ու մաքրվեն, որպեսզի արժանի լինեն Աստծո սուրբ Արքայությունը ժառանգելու: ՈՒ ինչպես կարդացինք քիչ առաջ Հայտնության խոսքից, նույնիսկ այդ սաստիկ պատուհասի ժամանակ էլ կլինեն մարդիկ, որոնք այդպես էլ չեն ապաշխարելու ու նույնիսկ հայհոյելու են այդ խրատի պատուհասներն ուղարկող Արարիչ Աստծուն:
Եվ այս ամենը ընթերցողների համար գրվեց, որպեսզի թե՛ ազգովին, թե՛ անհատապես, նախ զգուշանանք աստվածամարտ գործերից, և մնացած մեր կյանքի օրերն ապրենք այնպես, որ արժանանանք Աստծո խոստացած Արքայությանը, որի ողորմության դռները դեռ բաց են, մինչև որ շատ շուտով կկատարվի այն, ինչի մասին կարդացիք այս գրվածքում:
Աստված բոլորիս մեծ շնորհ պարգևի իմաստնաբար ապրելու, մինչև կգա Արմագեդոնով մաքրագործության ահեղ օրը:
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ