Երևան քաղաքի և մարզերի տաքսու վարորդներին հուզող խնդիրների շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում: Նրանք այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեցին, որ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը չի ուզում աջակցել իրենց, միևնույն ժամանակ նշելով, որ շարունակելու են պայքարը` ցույցերի և հանրահավաքների ձևով:
Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ խոսքով, Տրանսպորտի նախարարը օրերս վարորդների հետ հանդիպման ժամանակ ոչ միայն հրաժարվել է լուծում տալ իրենց խնդիրներին, այլև վեցը կետից կազմված իրենց պահանջ-դիմումի վրա ուշադրություն չի դարձրել. «Նա թուղթը ընդհանարապես չի նայել` ասելով, որ տրանսպորտի նախարարությունը կապ չունի կայանատեղիի հետ, կապ չունի տեսախցիկների հետ, կապ չունի կանգառների հետ, քաղաքապետարանի հետ…Փաստորեն տրանսպորտի հետ կապ չունի: Բա մենք ի՞նչ անենք, գնանք ցույցեր անե՞նք: Եթե չես կարող մեզ օգնել, արի մեր կողքը կանգնի, ցույցերին մասնակցի: Մեր վեճը քաղաքապետարանի հետ է: Ո՞վ պետք է քաղաքապետարանի և մեր միջև միջնորդ լինի, եթե ոչ մեր տրանսպորտի նախարարը: Ինքը պիտի միջնորդի, զանգի, կազմակերպի, մենք ո՞ւմ դիմենք, մեր նախարարը Գագիկ Բեգլարյանն է: Եթե Բեգլարյանը չի կարող օգնել վարորդներին, երևի մենք պետք է օգնենք Բեգլարյանին»,-վրդովված ասաց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահը:
Վարոդների պահանջը կապված է Տրանսպորտի նախարարությունից իրենց տրվող լիցենզիայի հետ. «Եթե լիցենզիա եք տալիս, բարի եղեք նաև պայմաններ ապահովել, որպեսզի կարողանանք աշխատել»,-ընդգծեց Տ. Հովհաննիսյանը:
Վեց կետից կազմված պահանջներից առաջինը կայանտեղիին է առնչվում. «Այսօր տաքսիները կանգնելու տեղ չունեն, գիծը քաշել են, ամբողջ տեղը գրավել են : Մեր պահանջն այն է, որ թույլ տան վարորդներին գոնե 30 րոպե հանգիստ կանգնեն, ոչ ոք իրենց չխանգարի: Եթե հինգ րոպեից մի փոքր ավել են կանգնում, 5000 դրամ տուգանք են վճարում>>,-ասաց նա, ում համոզմամբ, եթե 2000 վարորդի կայանտեղի տրամադրվի, որոշ չափով կթեթևանա նաև գերբեռնված տրանսպորտը:
Վարորդները հատկապես դեմ են դեղին պետհամարանիշները սպիտակով փոխարինելուն. «Դեղին համարանիշի համար 700 դոլար փող եմ վճարել, էսօր ասում են փոխեք: Ո՞րն է դրա իմաստը, որ ավելորդ ծախս անեմ` այժմ էլ սպիտակով փոխեմ: Թող երկու տարբերակն էլ գործի` և’ սպիտակը, և’ դեղինը: Եթե տեսնեմ սպիտակն ավելի շատ եկամուտ է բերում, կթողնեմ սպիտակը»,-նշեց անհատ ձեռներեց Սարգիս ՄԱՃԿԱԼՅԱՆԸ` կարևորելով նաև այն հանգամանքը, որ մարդիկ այսօր «սովոր են» դեղին համարանիշով տաքսիներ նստել:
Տիգրան Հովհաննիսյանին մտահոգում է նաև ստիկերների (կպչուն կտրոնների) հարցը. «Մենք այդ առթիվ շատ մեծ մտավախություն ունենք, այդ ծախսերի տակից մարզերի վարորդները չեն կարող դուրս գալ»,-ասաց նա:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ