Երեկ, ինչպես տեղեկացրել էինք, պետք է կայանար մայրաքաղաքի և մարզային անհատ տաքսիստների ու ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հանդիպումը: Անհատ տաքսու վարորդները պահանջում են նախարարից լուծել վեց կետից բաղկացած (որոնք առնչվում են կայանատեղիներին, տեսանկարահանող սարքավորումներին, կարմիր գծանշումներով կայանատեղիներին, ԱՊՊԱ ծառայություններին, 2009-2012թթ. անհատ ձեռնարկատեր տաքսու վարորդների կողմից չվճարված հարկերից գոյացած տույժերին, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքներին, ինչպես նաև ոլորտի օրենսդրական բարեփոխումներին), խնդիրները:
Տրանսպորտի նախարարը «բաց դռների օրը» արդեն հանդիպել էր վարորդներին և հստակ հայտարարել, որ նրանց բարձրացրած հարցերը որևէ առնչություն չունեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության օրենքով վերապահված իրավասությունների հետ: Մինչդեռ վարորդների կողմից երեկ հրավիրված մամուլի ասուլիսում վերջիններս հակառակն էին պնդում` լրագրողներին վստահեցնելով, որ բոլոր այդ խնդիրները տրանսպորտի նախարարության պարտավորությունների է մեջ են մտնում, և ավելին` նախարարն էլ խուսափում է հանդիպել և «մարդավարի» քննարկել այդ հարցերը: Հենց ասուլիսի ընթացքում վերջիններս հեռախոսակապով հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերեցին նախարարի հետ և ինչպես տեղեկացանք նախարարությունից, օրվա վերջում, նշանակված ժամից էլ բավականին ուշ, հանդիպեցին նախարարի հետ:
Հանդիպման ընթացում նախարարն ընդգծել է, որ բոլորի համար լինելու են հավասար պայմաններ: «Եթե օրենք է ընդունվում, բոլորը պարտավոր են առաջնորդվել օրենքով: Համոզված ենք, որ ըստ առաջարկվող օրինագծի, բոլոր տաքսու վարորդների համար կլինեն հավասար դաշտի պայմաններ»,-նշել է նախարարը: Ըստ Բեգլարյանի, ԱԺ-ի ներկայացված օրենսդրական բարեփոխումների փաթեթը նպատակ ունի կանոնակարգել ոլորտում խնդիրներ առաջացնող իրավահարաբերությունները, տաքսու վարորդների համար ստեղծել գործունեության հավասար դաշտ և պայմաններ: «Ընդ որում,-նշել է նա,- ամբողջ այդ գործընթացն իրականացվել է նախևառաջ տաքսու վարորդների շահերից ելնելով: Ամեն ինչ արվում է, որպեսզի բացառվեն կամայականությունները, և բոլորը գործունեություն ծավալեն հավասար պայմաններում»:
«Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ընդունել է, որ իր իսկ կողմից հնչեցված հարցերի գերակշռող մասը չի առնչվում նախարարության գործունեությանը, այնուամենայնիվ, խնդրել է նախարարի աջակցությունը իրենց հուզող խնդիրների լուծման համար: Նախարարը խորհուրդ է տվել վարորդներին խնդիրները հստակ ներկայացնել պատկան կառույցներին:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ