Հաշված օրեր են մնացել Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի մեկնարկին, սակայն այդպես էլ հստակ չէ՝ ինչ է լինելու Թևան Պողոսյանի մանդատի ճակատագիրը: Վերջինս, կարծես, ընդհատակ է անցել, չի ցանկանում որոշակիացնել` հրաժարվո՞ւմ է մանդատից, ինչպես հայտարարել էր, թե՞ մնալու է պատգամավոր, ինչպես շատերն են իրենց կուսակցությունում պնդում: Այդուհանդերձ, այսօր առանց այն էլ «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» սրված հարաբերությունները հերթական լարվածությունը կարձանագրեն, եթե Թևան Պողոսյանը վայր դնի մանդատը: «Ժառանգության» ներկայացուցիչները ճիշտ են համարում, որ ԱԴԿ-ն զիջի համամասնական ցուցակի հերթական համարը: Հիշեցնենք, որ, ըստ ցուցակի, Մասիս Այվազյանը պետք է խորհրդարան մտնի, իսկ նրան հաջորդում է Ստեփան Սաֆարյանը: Այս հարցում աներեր են նաև «Ազատ դեմոկրատները» ու նահանջելու ոչ մի նպատակ չունեն: Սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, բավականին լարված վիճակ է սպասվում արդեն ապահարզան տված այս զույգի միջև: Ավելին, «Ժառանգությունում» գերադասում են համոզել Թևան Պողոսյանին՝ չհրաժարվել մանդատից: Եթե դեպքերը զարգանան ԱԴԿ-ի սցենարով, «ժառանգություն» խմբակցությունում տեղի կունենա «իշխանափոխություն», և մեծամասնություն կլինեն ԱԴԿ-ի ներկայացուցիչները: Եթե այս ֆոնին էլ հավելում ենք Զարուհի Փոստանջյանի հնգամսյա բացակայությունը, պատկերն ամբողջական է դառնում: Ի դեպ, դեռ պարզ չէ՝ հինգ ամիս բացակայելու պարագայում ԱԺ-ն կարո՞ղ է «հարգելի» համարել Փոստանջյանի բացակայությունը, առավել ևս, որ դա պայմանավորված չէ խորհրդարանական աշխատանքով: Չի բացառվում, որ Զարուհի Փոստանջյանին մանդատից զրկելու խնդիր կդրվի:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ