ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն լարվածության թուլացման և ուղիղ երկխոսության կոչ է արել Հնդկաստանի արտգործնախարարի և Պակիստանի վարչապետի հետ հինգշաբթի ունեցած առանձին հեռախոսազրույցների ժամանակ։ Նա ցավակցություն է հայտնել երկու հարևան երկրների միջև շարունակվող հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ։               
 

«Փողով պատ ծակող» ժանգոտ խոփը

«Փողով պատ ծակող»  ժանգոտ խոփը
04.07.2014 | 11:15

Ամեն անգամ, երբ առիթ է լինում անդրադառնալու Գյումրի քաղաքում կատարված որևէ եղելության, ցավս և հիասթափությունս կրկնապատկվում են։ Ինչպես շատերի, այնպես էլ ինձ համար, Կումայրի-Գյումրին՝ երբեմնի հռչակավոր քաղաքը, պատվախնդրության հանգրվան է։ Ցավոք, հումորն այս հնամենի քաղաքում վաղուց է տեղը զիջել զավեշտին, պատվախնդրությունն էլ ոմանց մոտ փոխարկվել է պատվամոլության։
Մեր հրապարակման առիթը Գյումրու տոհմիկ բնակչի դիմումն է «Իրատես de facto» թերթին։

«Գյումրի քաղաքի Ռուսթավելու փողոցի 2-րդ նրբանցքի 33 տան բնակիչ Մարիետա Գևորգյանից
Ձեզ եմ դիմում որպես երեք զինծառայող ունեցող մայր, ում ավագ որդին զինվորական 2-րդ կարգի անժամկետ թոշակառու է, մյուսը՝ հայոց բանակի սպա, թոռս՝ պայմանագրային զինծառայող է, ամուսինս, ծանր վիրահատությունից հետո, 2-րդ կարգի անժամկետ հաշմանդամ է, ընտանիքս բազմանդամ է՝ 10 անձից բաղկացած, ունենք ուսանողներ, և արդեն շուրջ 15 տարի է, ինչ դարձել ենք դատական քաշքշուկների և որոշ մարդկանց անմիտ քինախնդրության զոհը։ ՈՒստի ես և ընտանիքս ակնկալում ենք «Իրատես de facto»-ի օգնությունը, որպեսզի ՀՀ վերաքննիչ դատարանը վերջապես արդար լուծում տա այս չարաբաստիկ խնդրին»։
Ի՞նչն է դատական երկարատև պայքարի պատճառը, ինչո՞ւ է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Խաչատրյանի, ինչպես ցույց է տալիս գործի լրագրողական քննությունը, ոչ օբյեկտիվ վճիռ կայացրել։ Այս պահին դատական նախնական ատյանում հաղթանակ է տոնում Մետաքսյա Գրիգորյանը, ով ապրում է նամակագրի հարևանությամբ, միայնակ է, այնուամենայնիվ, հօգուտ նրան է լուծվում վիճելի խնդիրը, երբ հակառակ կողմում բազմանդամ և, ըստ ամենայնի, բազմաչարչար մի ընտանիք է։
Զարմանք է հարուցում Մետաքսյա Գրիգորյանի համառ հետևողականությունը` ապօրինի ճանաչել մի շինություն, որն ունի շուրջ մեկդարյա պատմություն, ծառայել է նախ որպես դարբնոց, այնուհետև որպես խոհանոց, այժմ էլ որպես ավտոտնակ, սակայն կտրել է տիկին Մետաքսյայի աչքի քունը, ով, հիշեցնում ենք, միայնակ ապրում է սեփական տանը, ունի մեկ այլ կացարան ևս։ ՈՒշագրավ է այս գործի նախապատմությունը։ 1967-ի օգոստոսի 4-ին Լենինականի քաղսովետի գործկոմը, ըստ էության, օրինական է ճանաչում օժանդակ շինությունը և թիվ 538 որոշմամբ թույլատրում է Մարիետա Գևորգյանին «վերանորոգել սեփական տան դիմաց նախկինում անօրինական քաղաքապատկան հողի վրա կառուցված խոհանոցը, որի հյուսիսային և արևմտյան պատերը վտանգավոր են, վերանորոգել և փոխել ծածկը»։ Որքան հայտնի է, հարևանների միջև անձնական ինչ-ինչ խնդիրներ երբևէ չեն ծագել։ Սակայն 2013-ին Մետաքսյա Գրիգորյանը հայցադիմում է ներկայացնում ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի և Մարիետա Գևորգյանի ընտանիքի շահերը ներկայացնող նրա որդու՝ Ժորա Գևորգյանի, որպեսզի դատարանը պարտավորեցնի Գյումրու քաղաքապետարանին վերացնել իր սեփականության իրավունքի խախտումները, քանդել Ժորա Գևորգյանի կողմից օգտագործվող ավտոտնակը, տարածքից հեռացնել շինաղբը և մաքրել ընդհանուր օգտագործման ճանապարհը։ Դատարանը զարմանալի եռանդով հարգում է հայցվորի խնդրանքը և վճռում է. «Հայցը բավարարել, պարտավորեցնել Գյումրու քաղաքապետարանին քանդել Գյումրի քաղաքի Ռուսթավելու փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 33 տանը կից, Գյումրի համայնքին պատկանող հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույցը՝ հեռացնելով շինաղբը և վերականգնելով հողամասի նախկին վիճակը»։
Մարիետա Գևորգյանի որդին՝ Ժորա Գևորգյանն ընդունում է, որ Գյումրու քաղաքապետարանը 2004-ի մայիսի 14-ի թիվ 744 որոշմամբ ավտոտնակը թողել է ինքնակամ շինության կարգավիճակում։ Ինչո՞ւ է դեռևս 1928-ին կառուցված այս «բազմաչարչար վետերանը» մնացել ինքնակամ կառույց, և ո՞րն է դրա ինքնակամությունը, այլ խնդիր է։ Գլխավորը հետևյալ հանգամանքն է. դեռևս 1928 թվականին կառուցված շինությունը չի խանգարել և չի խանգարում որևէ հարևանի կամ պատահական անցորդի։ Բացի այդ, Ռուսթավելու փողոցի 2-րդ նրբանցքին զուգահեռ ևս մեկ նրբանցք կա, որը միացնում է Ռուսթավելու և Գորկու փողոցները, որով հանգիստ, առանց որևէ խոչընդոտի երթևեկում են և՛ մեքենաներ, և՛ հետիոտներ։ Սրանից զատ, հայտնի է ոչ պակաս կարևոր մի հանգամանք, վերոնշյալ 2-րդ նրբանցքը, ի վերջո, համամարզային կամ համաքաղաքային նշանակության մայրուղի չէ, դրանից օգտվում են գլխավորապես Մարիետա Գևորգյանի բազմանդամ ընտանիքն ու տիկին Մետաքսյա Գրիգորյանը։
Ներկայացվող լուսանկարի աջ հատվածում Մետաքսյա Գրիգորյանի տունն է, խողովակներով և ցանցով առանձնացված (ցանկապատված) տարածքը ևս նրանն է։ Եվ ահա տիկին Մետաքսյան կարծում է, որ իր տան և պատուհանի մուտքերը ծանրաբեռնված են, նվազել է իր տան շուկայական գինը և այլն։ Լուսանկարի ձախ մասում երկպառակության «մեղավորն» է՝ նախկին ախոռն ու խոհանոցը, ներկա ավտոտնակը, ավտոտնակ, որն այսօր ծառայում է բազմանդամ ընտանիքի կարիքներին։
Սակայն ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռին նախորդած «Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները» կետում այսպիսի մի զարմանալի պատճառաբանություն կա. «Դատարանն ապացուցված է համարում նաև, որ Գյումրի քաղաքի Ռուսթավելու փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 33 տանը կից ինքնակամ շինության առկայության պատճառով նշված նրբանցքի լայնությունը 4,3 մետրով նեղացել է, և վերը նշված ինքնակամ շինությունից մինչև հայցվոր Մետաքսյա Գրիգորյանի սեփականությունը հանդիսացող հողամասի տարածքը եզրափակող ցանկապատն ընկած հատվածում նրբանցքի լայնությունը կազմում է 1,60 մետր ու, ըստ «Պ. Ա. Գ. ԷՍԹԵՅԹ» ՍՊԸ-ի կողմից 28.11.2013 թ. տրված թիվ Ա-022 եզրակացությունների, ինքնակամ կառուցված ավտոտնակի առկայության պատճառով նրբանցքով ավտոմեքենաների երթևեկությունն անհնարին է դարձել, իսկ հետիոտների երթևեկությունը հնարավոր է և չի խոչընդոտվում»։
Ահա թե ինչ «կուռ տրամաբանություն» է հանդես բերում հարգարժան դատարանը։ Սակայն գուցե ցցապարիսպը հետ քաշվի և ճանապա՞րհ բացվի ավտոմեքենաների երթևեկության համար, որոնք, ինչպես նշեցինք, դրա կարիքը չունեն և հանգիստ ներս ու դուրս են անում զուգահեռ նրբանցքով։ Բայց ոչ, դատարանը զարմանալի հոգատարություն է հանդես բերում մենակյաց և բավական մարտաշունչ տիկնոջ հանդեպ, գտնում և հրապարակ է իջեցնում ազդեցիկ բազում կռվաններ ու գործը հասցնում հաղթական ավարտին, այն է՝ «Մետաքսի ճանապարհ» բանալ Գյումրի քաղաքի Գորկու փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 23 և թիվ 25 տներին կից և Գորկու փողոցի 2-րդ նրբանցքում փառավորապես տեղակայված թիվ 25/1 շինության կառուցապատման և սպասարկման նպատակին ծառայող 66 քմ մակերեսով հողամասի համար։

Զարմանալի է, սակայն տպավորություն է ստեղծվում, թե քաղաքի դատաիրավական մարմինները կամովին ստանձնել են Մետաքսյա Գրիգորյանի պաշտպանությունը և, ըստ էության, փաստաբանական ծառայություններ են մատուցում նրան։ Մինչև ե՞րբ։ Բայց շարունակենք հետևել այս անհասկանալի պատմությանը։ 1928-ին կառուցված շինությունը հայտարարվում է ինքնակամ և դառնում թիրախ դատական վճռի համար. «Նշված նրբանցքը գտնվում է հայցվոր Մ. Գրիգորյանի սեփականության իրավունքով անշարժ գույքի հարևանությամբ, և հայցվոր Մ. Գրիգորյանն իրավունք ունի նշված նրբանցքը լիարժեք օգտագործել ինչպես ոտքով, այնպես էլ ավտոմեքենայով երթևեկության համար, սակայն վիճելի ինքնակամ շինության առկայության պայմաններում տվյալ նրբանցքով ավտոմեքենայով երթևեկությունը դարձել է անհնարին։ Ելնելով վերը նշվածից՝ դատարանը գտնում է, որ նշված ինքնակամ կառույցի առկայությամբ խախտվում են հայցվոր Մ. Գրիգորյանի՝ Գյումրի քաղաքի Ռուսթավելու փողոցի 2-րդ նրբանցքով ավտոմեքենայով երթևեկելու իրավունքը»։
Այստեղ են ասել, խնդա՞նք, թե՞ լանք։ Դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ շիրակյան հարգարժան դատարանը շիկացնում է կրքերը և թխում միակողմանի վճիռ։ Կարծես խոսքը ոչ թե բազմատուն մի կնոջ հավակնությունների մասին է, այլ Գյումրու քաղաքապետարանը Ռուսթավելու փողոցի 2-րդ նրբանցքում քաղաքի կարիքների համար հույժ կարևոր և կենսական նշանակություն ունեցող ծրագիր է կյանքի կոչելու, և ինքնակամ ավտոտնակը, արի ու տես, խոչընդոտում է նոր մայրուղու շինարարությանը կամ մարզային նշանակության հիվանդանոցի կառուցմանը։ Միակողմանիությունն էլ ո՞նց է լինում, եթե ոչ այսպես։ Սակայն, բարեբախտաբար, ՀՀ դատական համակարգը չի սահմանափակվում ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանով և դատավոր Արմեն Խաչատրյանով։ Տիկին Մարիետա Գևորգյանը, չհամաձայնելով վերոնշյալ վճռի հետ, բողոքարկել է այն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան։
Կարծում եմ, տեղին է մեջբերում կատարել այս գործում ակնհայտ տուժող հանդիսացող Մարիետա Գևորգյանի՝ մեզ ուղղված նամակից. «Կներեք, կարող է մի քիչ կոպիտ հնչի իմ այս խոսքը, բայց ինչպե՞ս հավատալ երկրի արդարադատությանը, երբ այն անտեսում է մի ընտանիքի օրինական շահերը, ընտանիք, որ ծառայում է իր հայրենիքին և ենթարկվում է վրեժով լցված Մետաքսյա Գրիգորյանի կամակորություններին, թույլ տալով, որ փակվի երկար տարիներ գոյություն ունեցող նրբանցքը։ Տեղին է ասել՝ «Սայլը ճռռալու տեղ սայլվորն է ճռռում»։ Մարդկային դեմքը կորցրած Մ. Գրիգորյանը հասնում է տենչալի դատավարության արդյունքին, դատավարություն, որը, իմ կարծիքով, ոչ թե դատ էր, այլ բեմականացում։
Չհամաձայնելով վճռի և ոչ մի նախադասության հետ՝ ես բողոքարկել եմ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան և, չգիտեմ, սա համարեմ զավե՞շտ, զուգադիպությո՞ւն, թե՞ դիտավորությո՞ւն (որն իմ մեջ բուռն զայրույթ է առաջացրել). պարզվում է, որ վերաքննիչ դատարանում նախագահողը դատավոր Կարինե Հակոբյանն է, ում անաչառությունը ես դնում եմ կասկածի տակ»։
Բանն այն է, որ 2004-ին Գյումրու քաղաքապետարանը 744 որոշմամբ մերժում է Մարիետա Գևորգյանի հայցը՝ ինքնակամ շինությունը ճանաչել նրա սեփականությունը։ Ինչպես ժամանակը ցույց տվեց՝ հեռահար նպատակներով։ Իսկ տիկին Մարիետան այսօր կասկածում է, քանզի 2004-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների թվում է եղել վերոնշյալ Կարինե Հակոբյանը, իր հերթին գործարար տիկին Մետաքսյա Գրիգորյանը, սովորույթի համաձայն, ամենուր հայտարարում է. «Փողով յուրաքանչյուր պատը կծակեմ»։ Եվ ծակում է։ Ի դեպ, Մետաքսյայի շահերի մշտական պաշտպան Սուսաննա Մխիթարյանը Գյումրիում հռչակված է մի շարք «հայրենանվեր» ձեռնարկներով։ Մասնավորապես վերջերս «Կիսաբաց լուսամուտներ» հեռուստահաղորդման ժամանակ փաստաբան Մխիթարյանը, հաղորդման մասնակիցների ճնշման ներքո, ուղղակի ճողոպրեց դահլիճից։ Ինչո՞ւ։ Հարցին կպատասխանեն հաղորդմանը քաջածանոթ գյումրեցիները, նաև, անշուշտ, քաղաքի դատավորներն ու փաստաբանները։ Նաև, իհարկե, հարգարժան Կարինե Հակոբյանը։
Մեզ մնում է հուսալ և հուսադրել Մարիետա Գևորգյանին, որ երկրում, այնուամենայնիվ, կա՛ արդարություն, և կա՛ն արդար դատավորներ։ Եվ գեղեցիկ մի օր «փողով պատ ծակող» Մետաքսյա Գրիգորյանի ժանգոտ խոփը դեմ կառնի արդարության ապառաժ քարին։ Սպասենք և հուսանք։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. -Տեղեկացնենք ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին, որ դեռևս 2004 թվականին Ռուսթավելու փողոցի 2-րդ և 3-րդ նրբանցքների բնակիչները հանդես են եկել ուշագրավ մի հայտարարությամբ։ Ահավասիկ.
Մենք՝ Ռուսթավելու փողոցի 2-րդ և 3-րդ նրբանցքի բնակիչներս, հավաստում ենք, որ նույն փողոցի 33 տան բնակիչ Գևորգ Գևորգյանին (Մարիետա Գևորգյանի ամուսնուն- Վ.Ա.) պատկանող ավտոտնակը, կառուցված շուրջ 40 տարի առաջ, իր օրում չի խանգարել ո՛չ մեզ, ո՛չ էլ ավտոերթևեկությանը, և նրա շրջապատում պարսպապատ ոչ մի շինություն չի եղել, որի համար ստորագրում ենք
Ս. Խաչատրյան - աղբատար ավտոմեքենայի վարորդ
Լ. Սամվելյան - Ռուսթավելու փ. 2-րդ նրբանցքի 30 տան բնակիչ
Ս. Իսպիրյան - Ռուսթավելու փ. 2-րդ նրբանցքի 30 տան բնակիչ
Ն. Տոմիկյան - Ռուսթավելու փ. 2-րդ նրբանցքի 15ա տան բնակիչ
Ֆ. Գալոյան - -,,- 15 տան բնակիչ
Ռ. Մկրտչյան -,,- 26 տան բնակիչ
Ն. Սահակյան -,,- 36 տան բնակիչ
Մ. Խաչատրյան -,,- 21 տան բնակիչ
Ս. Մալոյան -,,- 28 տան բնակիչ
Ս. Պետրոսյան -,,- 32ա տան բնակիչ

Դիտվել է՝ 1459

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ