«Հայփոստ» ՓԲԸ թիվ 1. Նամակ, պատվիրված, կանխիկ։
ՈՒր` Հայաստան-Երևան, Վազգեն Սարգսյան 26/1
ՈՒՄ` ՀՀ հանրային խորհուրդ
Վազգեն Մանուկյանին
Քաշը` 30 գրամ
Սակագինը` 220 դրամ
06.08.2014 թ.»
Եվ ամեն անգամ հրաշունչ գրիչս գալարվում է ափիս մեջ, երբ այս նշանավոր պետական այրի` Վազգեն Մանուկյանի անունը պարտադրված ներկայացնում եմ բացասական լույսի ներքո։ Սարսա՞փ եք նկատում նախաբան-խոստովանանքիս մեջ, ճիշտ եք, ինձ սարսափ ու տագնապ է հարուցում պետականության վերջին ասպետի համր դավադրությունը։ Կամ էլ գուցե ՀԽ համապատասխան ծառայությունները նենգաբար փակուղի են մտցնում հասարակական բարձրավոլտ հրատապության խնդիրը, և նամակներս նրան չեն հասնում։ Իսկ նամակներս նրան եմ հղել 2012-ի սեպտեմբերին, 2013-ի հոկտեմբերին և, ինչպես պարզորոշվում է վերոնշյալ կտրոնից, 2014-ի օգոստոսին։ Մի խոսքով, նամակներս նրան չեն հասնում, և դիմում եմ ուղիղ հաղորդակցության այս միջոցին` բաց նամակի հրապարակմանը «Իրատես de facto» թերթում։ Ի դեպ, հնարավոր է, որ թերթի բաց նամակ-ուղերձն էլ թաքցնեն հարգարժան տիար Մանուկյանից։ Ինչից ելնելով էլ դիմում եմ բարեսիրտ մարդկանց, զորօրինակ, ՀԽ անդամներին, Մանուկյանի վարորդին, նրա մանկության ընկերներին, ԱԺՄ կուսակցության քաղխորհրդին և այլոց` նամակս հասցնել նրան։
Արգո Վազգեն, պատվարժան Մանուկյան, թախանձագին խնդրում եմ ՀԽ-ում մարտակոչ հնչեցնել, ի մի բերել բոլորին և հանրային լայնահուն քննարկում կազմակերպել և արմատախիլ անել մեր երեկոներն ու գիշերները խեղաթյուրող հրավառությունները։ Կառավարությունը լռում է, խնդիրը խցկում է փակուղի, ինչի մասին վերջին նամակ-ուղերձում տեղեկացրել եմ Ձեզ, ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ վարչապետին, ԱՄՆ-ի դեսպանին և ՄԻՊ-ին։ Տեղեկացրել եմ` մանրամասնորեն ներկայացնելով խնդիրը։ Այսպիսով, հրահանգեք, որ նամակ-ուղերձս հանձնեն Ձեզ, ծանոթացեք և Ձեր խորունկ տրամաբանությամբ լուծեք այս չարաբաստիկ թնջուկը։ Այլ ճանապարհ` չիք։
Հարգանքով ու պատկառանքով` Ձեր նախկին, հուսամ նաև ապագա, խորին գնահատող`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ.- Լրագրողական հետաքննությանս անցած հինգ տարիներին միակ բանական և բարոյական պատասխանը ստացել եմ ՀՀ առողջապահության նախկին նախարար տիար Դերենիկ Դումանյանից (նրա տեսակետը հաստատել է ներկա նախարար Արմեն Մուրադյան). «...Հրավառության արդյունքում առաջացած աղմուկը համարվում է ազդակային և իր ազդեցությամբ մարդու առողջության համար ամենավտանգավորներից...»։