«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Ժանը դարձավ երաժշտություն, լուսեղեն ակորդ

Ժանը դարձավ երաժշտություն, լուսեղեն ակորդ
06.10.2015 | 10:37

Միջերկրածովքից բխած արվեստի նրբագեղությունը և արարատյան աշխարհի վեհությունը՝ խարսխված ջութակի մոսկովյան դպրոցի ամուր հիմքի վրա. ահա Ժան Տեր-Մերկերյանի արվեստի զորության առեղծվածը։
Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Վերջերս լույս տեսած «Ջութակի հոգին (Ժան Տեր-Մերկերյան)» գրքի կազմող Էմանվել Մանուկյանը, հիմնվելով ջութակահարի կենսագիր, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախկին կոնցերտմայստեր Գուրգեն Գևորգյանի նյութերի վրա, փոխանցում է հետևյալը։
«Արևմտյան Հայաստանի Սասնա գավառի Մերկեր գյուղի վանքում ծառայել է նվիրյալ մի կրոնական՝ ճանաչված իբրև տեր Մերկեր։ Նրա թոռ Գրիգորն ապրել է Պիլեճիկում և ունեցել է չորս որդի՝ անվանելով Մերկեր, Թորոս, Հովհաննես և Երվանդ։ Տեր-Մերկերյան ազգանվամբ եղբայրներին իրենց հայրը և մայրը՝ Հյուսնիկը, տանում են Բուլղարիա»։ Այստեղ մի պահ ընդհատենք կենսագրի խոսքը, քանզի նա չի նշում Բուլղարիա մեկնելու պատճառը։ Բանն այն է, որ կենսագրությունը գրվել է խորհրդային տարիներին, և գրողը չէր կարող նշել, որ Տեր-Մերկերյանները ոչ թե «մեկնել» են Բուլղարիա, այլ Հայոց ցեղասպանության օրերին գաղթել են Բուլղարիա, այնուհետև ապաստան գտել Ֆրանսիայի Մարսել քաղաքում։ «1944-ին Հովհաննեսի զավակը՝ Մորիսը, հերոսաբար զոհվում է Ֆրանսիայի ազատագրական պայքարում, և ներկայումս մարսելյան մի փողոց կրում է նրա անունը։ Նրա փոքր եղբայրը՝ Ռոբերտը, 1970-ականներին Էքս-Մարսելի համալսարանում հիմնում է հայոց լեզվի և պատմության մինչ օրս գործող ամբիոն...
Տեր-Մերկերյանների ընտանիքը 1947-ին ներգաղթում է Խորհրդային Հայաստան։ Ժանի հայրը՝ ջութակահար, մանկավարժ Երվանդը, Երևանում աշխատել է Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբում»։ Ջութակի առաջին դասերը Ժանը ստացել է հորից։ Երկու տարի անց նրան ընդունեցին Մարսելի կոնսերվատորիա, Գաբրիել Ռեյի դասարանը։ 10 տարեկան Ժանը տվեց իր առաջին հրապարակային համերգը (1947 թ. մայիսի 17-ին)։ Կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր՝ Անդրե Օդոլի) նա կատարեց Մենդելսոնի և Վիվալդիի լյա-մինոր կոնցերտները, իսկ 2-րդ բաժնում` Մոցարտի «Ռոնդոն», Ֆրից Կրայսլերի «Չինական տամբուրինը», Սարասատեի «Անդալուզյան ռոմանսը», Ալեքսանդր Սպենդիարյանի «Ղայթարման» և այլն (Ջութակի հոգին, Ե., 2012, էջ 5)։
Ահավասիկ այդ համերգի արձագանքը մամուլում. «Հրաշք տղան հանդես եկավ... Ռիվտ Ալժէի թատրոնին մէջ, ուր հայ և ֆրանսիացի երիտասարդներ հավաքված էին... Ժան Տեր-Մերկերյանն ի հայտ եկավ ուժեղ տաղանդով մի... Հիանալի է իր ինքնավստահությունը, մանավանդ ամենադժվարին կտորներու մէջ, իսկ... Մարսելի հայությունը երջանիկ է, որ իր ծոցեն ազգին կուտա նորաբողբոջ այր և արդեն հասած զմայլելի արվեստագետ մը» (անդ, էջ 8)։ Հետո մեծն Դավիթ Օյստրախը պիտի ասեր. «Չայկովսկու Կոնցերտը 20 տարեկանում այդքան նրբորեն ու վարպետորեն մեկնաբանելը հազվագյուտ երջանկություն է» (Շահեն Խաչատրյան)։ Իսկ Զինո Ֆրանչեսկատտին այսպես պիտի գնահատեր Ժանի արվեստը. «Մեծ հիացմունք ունեմ Ժան Տեր-Մերկերյանի նկատմամբ։ Նրա ջութակային հնչողությունը, տեխնիկան և երաժշտականությունը անթերի են։ Ես խորհուրդ եմ տալիս այն ընկերություններին, որոնք ցանկանում են լսել մի մեծ արվեստագետի, նրան անպայման հրավիրել։ Նա արժանի է, որ իր արվեստը լայն ճանաչում ունենա։ Նա մեծ արվեստագետ է» (անդ, էջ 133)։
Հայաստան տեղափոխվելուց հետո Ժանն ուսումը շարունակում է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական 10-ամյա դպրոցում, պրոֆեսոր Կարպ Դոմբաևի դասարանում։ Հետո ընդունվում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, իսկ չորս տարի անց ուսումը շարունակում է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում, այն և ասպիրանտուրան ավարտում պրոֆեսոր Դավիթ Օյստրախի ղեկավարությամբ։ Արդյունքում ջութակահարը հասնում է մեծ հաջողությունների՝ արժանանում միջազգային մրցույթների դափնեկրի կոչման՝ Պրահայում՝ 1956-ին (2-րդ մրցանակ, Պրահա), Ժակ Տիբոյի և Մարգերիտ Լոնգի անվան մրցույթում՝ 1961-ին (1-ին մրցանակ, «Գրան պրի», Փարիզ) և այլն։ Այսպիսով, Հայաստանի ժողովրդական արտիստ Ժան Տեր-Մերկերյանն իր նվաճումներով և համերգային ակտիվ գործունեությամբ միշտ բարձր է պահել հայ կատարողական արվեստի համբավը, գրանցել է իր ոսկե էջը համաշխարհային արվեստի պատմության մեջ:
Կան մարդիկ, որոնց մասին կարծում էի, թե երբեք չեն մեռնելու, մահը նրանց «ձեռք չի տալու»։ Դրանցից էին Բեթհովենը, Վիլյամ Սարոյանը, որ ինքն էլ էր այդպես կարծում իր մասին, նաև մեր հանճարեղ ուսուցիչ, մաեստրո Ժան Տեր-Մերկերյանը։ Ինչո՞ւ էի այդպես մտածում։ Որովհետև Ժանը ոչ միայն ապրում էր արվեստով, գեղեցիկով, այլև ապրեցնում։ Եվ ինչպե՞ս կարող է պատահել, որ վարպետի նվագն իմ սրտում զրնգում է, շշնջում, իսկ ինքը չկա։ Ապա ո՞վ է շարունակում նվագել, նվաղել, մորմոքել, ամոքել, վեհացնել։ Այդ ո՞վ է նվագում Բեթհովենի երկնամերձ Կոնցերտը, Բախի աստվածաշունչ «Չակոնան», Կոմիտասի հայրենաբաղձ «Կռունկը», «Քելեր, ցոլերը»։ Մեր Ժանոն (այսպես էին հաճախ մերձավորները կոչում) հիմա էլ «ցոլանում» է ու ցոլացնում։ Այդ ինչպե՞ս է, որ ես կամ, լսում եմ նրան, բայց նա չկա...
Բեթհովենի վերջին երգերից մեկն է «Բժի՛շկ, փակի՛ր դարպասը, որ մահը ներս չմտնի» կանոնը։
Եթե բժիշկներն իրենց արվեստում հասած լինեին նույն բարձունքին, ինչ Ժանը՝ երաժշտության մեջ, ապա մահը դռնից ներս չէր կարողանա մտնել։ Սակայն մեզ մխիթարում է աստվածաշնչյան այն խոսքը, թե մահը բացում է նաև անմահության դուռը։ Գյոթեն էլ համոզված էր, որ մահը բնության մի «գեղարվեստական հնարք է նոր կյանքեր ստեղծելու համար»։ Հիրավի, այսօր Ժանը շարունակում է ապրել, ինչպես Ֆրիդրիխ Ռյուկերտը կասեր, իր երգերի մեջ, իր սիրո մեջ, իր լռության մեջ, իր երկնքում։ Գուցե Ժանը գնացել է Մոցարտի հետքերո՞վ։ Չէ՞ որ երբ հարցրել էին, թե եթե Աստված այդքան սիրում է Ամադեուսին, ապա ինչո՞ւ նրա կյանքը վաղաժամ ընդհատեց, պատասխանել էին, թե Արարիչը Մոցարտին տարավ դրախտ, որ նա փոխարինի Օրփեոսին։ Իսկ Ժանը, ամենայն հավանականությամբ, պետք էր որպես ջութակահար, այլապես ո՞վ պիտի դրախտում նվագեր Մոցարտի հրեշտակային կոնցերտները։
Բայց մեզ էլ շատ պետք էր Ժանը։ Պոետն ասում է.
Վաղորդյան ցողն առաջին շողից
այնքան շուտ ցնդեց
ՈՒ երկինք բարձրացավ, որ
կարծես թե
Անելիք չուներ այս անմաքուր
աշխարհում։
Իսկ ո՞վ պիտի նվագի, վերստեղծի Արամ Խաչատրյանի հրեղեն Կոնցերտը, Սիբելիուսի վիկինգային Կոնցերտի ալեկոծումները, Բրամսի կոնցերտի փոթորկումը, ցնծությունը, Շիմանովսկու «Արետուսայի շատրվանի» խոխոջը, ո՞վ պիտի պատկերի գեղանի Արետուսայի Նիմփայի փոխակերպումն աղբյուրի, ո՞վ պիտի մեզ տեղափոխի Սիրիլ Սքոթի «Լոտոսի երկիրը», ո՞վ պիտի բացի Կոմիտասի «Ախ մարալ ջան»-ի «կրակած սիրտը», «թոռմած կոկոնը»... «Ինձ համար «մարալ ջանը» հենց ինքը Ժանն է, իր ջութակի հոգին»,¬ գրել է Կոմիտասի այս երգը ջութակի համար մշակող Արամ Շամշյանը։
«Լոտոսը» ինքը Ժանն է»,- կասեր հեղինակը՝ Սիրիլ Սքոթը, եթե լսեր ջութակահարի սրբագործող նվագը։ Ո՞վ պիտի նվագի Էժեն Իզայիի վեց սոնատները, որոնք նվիրված են վեց մեծանուն ջութակահարների համաստեղությանը՝ Սիգետի, Տիբո, Էնեսկու, Կրայսլեր, Կրիկբոմ, Կվիրոգա։
Եթե Իզային լսեր Ժանին, կստեղծեր 7-րդ սոնատը և կնվիրեր Ժան Տեր-Մերկերյանին։
Դժվար է ասել, թե որն էր Ժանի տարերքը, հոգեհարազատ ոլորտը՝ Բախի, Բեթհովենի, Բրամսի՞, թե՞ Մոցարտի երաժշտությունը։ Թեպետ ամեն տեղ նա մնում էր Ժան, բայց Մոցարտի հետ հատուկ «հարաբերությունների» մեջ էր։ Նա էլ Մոցարտի պես սիրում էր լուսեղենը, երկնայինը և Մոցարտի պես կարող էր ասել. «Ես ամբողջ օրը մխրճված եմ երաժշտության մեջ»։ Եվ երբ նա նվագում էր Մոցարտի երկերը, ակամա հիշում էի երաժշտագետ Մերսմանի հետևյալ դիտարկումը. «Մոցարտի նպատակն էր նյութական հնչողության վերափոխումը խորհրդանշականի..., արտահայտվելը՝ հնչողության, անձնականը, եզակին՝ օբյեկտիվ և համընդհանուր իրողության... Նրա նպատակը մարդուն երաժշտության վերափոխելն էր» (անդ, էջ 143)։
Ահա այսպես Ժանն էլ նվագելիս դառնում էր երաժշտություն, ավելին, նա կարող էր լսողին էլ վերափոխել երաժշտության։ Յոհաննես Բրամսը մի նամակում գրել է. «Ահա արդեն մեկ տարի է, ինչ ես չեմ տեսել նման գեղեցիկ բնություն, շատ բան է փոխվել, բայց ես բացարձակ երջանիկ էի, բոլոր իմ մտածումները երաժշտություն էին։ Ես սիրահարված եմ երաժշտությանը, մտածում եմ միայն երաժշտորեն... Եթե այդպես շարունակվի, ես կվերածվեմ ակորդի և կանհետանամ երկնքում»։
Ժանի կյանքը «այդպես էլ շարունակվեց», և նա դարձավ երաժշտություն, լուսեղեն ակորդ և բարձրացավ երկինք...

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 4213

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ