Հայաստանի ամենանշանավոր վայրերից մեկը Շորժայի ստեղծագործական հանգստի տունն է, որն արդեն 40 տարի է` ի տնօրինում է հանձնվել Հայաստանի նկարիչների միությանը։ Քառասուն տարի, մի ամբողջ կյանք ու բազում ուշագրավ դեպքեր, դեմքեր, եղելություններ։ Բնականաբար այս իրադարձությունն առանձին շուքով է նշվելու։ Վաղը, ժ. 16.00-ին, ցուցահանդեսի բացումն է Աբովյան-16-ում։ Սա էլ առիթ հանդիսացավ զրուցելու ցուցահանդեսի կազմակերպական հանձնախմբի անդամների՝ գեղանկարիչներ ՍՈՒՐԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ, ՎԱՀԱԳՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ և ԽԱՉԱՏՈՒՐ ԱԶԻԶՅԱՆԻ հետ։
-Պարոն Գալստյան, Շորժայի ստեղծագործական հանգստի տունը ինչպե՞ս և ո՞ւմ օրհնությամբ ի տնօրինում հանձնվեց հայ նկարիչներին։
-Շորժայի հիմնադրման 40-ամյակը հաշվում ենք այն օրից, երբ ՀԽՍՀ ղեկավար Անտոն Քոչինյանն իր ամառանոցը նվիրեց Հայաստանի նկարիչների միությանը։ Կառավարական ամառանոցն այսպիսով դարձավ նկարչական ամառանոց։ Շատ պատմություններ կան Շորժայի հետ կապված, դրանք մի հատոր կկազմեն, եթե գրի առնվեն երբևէ։ Տարիքս չի ներել դառնալու Շորժայի հնաբնակ, բայց տեղյակ եմ, որ առաջին այցելուներից էին մեր զրույցին մասնակցող Խաչատուր Ազիզյանը, Սուրեն Սաֆարյանը և Առաքել Առաքելյանն ընտանյոք հանդերձ, շատ շատերը։
-Սուրեն, կերպարվեստագետների մի մասը Շորժայի սիրահարն է և անբաժան է նրանից ողջ կյանքում, մյուսները մեկ-երկու այցով են բավարարվում։ Այսինքն, Շորժային կամ սիրահարվում-նվիրվում են, կամ էլ մոռանում են։ Ի՞նչն է բանը։
-Զարմանալի մի ուժ ունի Շորժան, մարդկանց ստիպում է բացահայտվել։ Հաճախ նկարիչները մտերմանում էին միմյանց հետ հենց Շորժայում հանգստանալու մի քանի օրերի ընթացքում։ Ավագ սերնդի ներկայացուցիչներն էին զարմանում. եղբայր, այս մարդուն ինչ-ինչ պատճառներով Երևանում անգամ չեմ բարևել, այստեղ նա ինձ համար մտերիմ է դարձել։ Ինքս Շորժայում հանգստանում եմ սկսած մեկ տարեկան հասակից։ Եվ երբեք չեմ հիասթափվել։ Առանց Շորժայում հանգստանալու և ստեղծագործելու ես իմ կյանքը չեմ պատկերացնում։ Առանձին մի աշխարհ են սեպտեմբերին պարբերաբար կայացող ստեղծագործական սիմպոզիումները, երբ նկարիչների մի քանի սերունդ է մասնակցում ստեղծագործական հավաքին, նրանք փոխշփվում են օրեր շարունակ և, ինչ խոսք, այդ ամենը դրական ազդեցություն է ունենում նկարչի ներաշխարհի վրա։ Շորժայում ես երբեմն ժամերով առանձնանում եմ՝ նստելով լճի ափին և զարմանալի լիցքեր եմ ստանում լճից։
-Պարոն Գալստյան, ստեղծագործական սիմպոզիումները ե՞րբ են սկսվել։
-Ըստ էության, դրանք փոխարինել են հանրահայտ «Շարժական արվեստանոցներին», այլ կերպ ասած՝ «Պերեդվիժկային»։ Նախկին տարիներին սիմպոզիումներն անցկացվում էին տարեկան երկու անգամ՝ վաղ ամռանը և սեպտեմբերին։ Այս տարի ևս երկու սիմպոզիում ունեցանք, և ավանդույթը պահպանելու ենք։
-Պարոն Ազիզյան, Դուք հայտնի «շորժայական» եք։ Ձեր կողմից ի՞նչ կավելացնեք։
-Շատ բան։ Շորժան պետք է սիրել, և սիրում են շատերը, սիրում են և սիրահարվում նրան։ Ստեղծագործական հավաքների ժամանակ հանպատրաստից շատ բաներ են կատարվում։ Ասենք բեմականացվում են Նեպտունի խաղերը։ Շորժան, առհասարակ, զարմանալի է իր էներգետիկայով։ Նկարիչներից բացի, շատ այլ մարդիկ են այնտեղ հանգստանում, և մեկ անգամ Շորժայում հանգստացողն ու Շորժայով հիացողն արդեն այցելում է ամեն տարի։
-Վաղը ցուցահանդեսի բացումն է։ Քանի՞ աշխատանք է ներկայացվել։
-Հարյուրից ավելի։ Ցուցահանդեսները մեր հանձնաժողովի օգնությամբ են իրականացվում, սկսած ստեղծագործությունների ընտրությունից մինչև աշխատանքների ցուցադրում։ Այն բարեգործական է, հույս ունեն, որ գնումներ կլինեն, կա հաշվեհամար, և հավաքված գումարները կներդրվեն Շորժայի ստեղծագործական հանգստի տան պահպանման վրա։ Շորժայում լուծման կարոտ շատ հարցեր են ծագում տարվա ընթացքում, հիմնականում խստաշունչ ձմռան հետևանքն են։
-Հաջողություն մաղթենք վաղվա ցուցահանդեսի բոլոր մասնակիցներին և հուսանք, որ բազում գնումներ կլինեն։
Պատրաստեց
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ