Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

«Եթե տեր չես կանգնում վաստակիդ, քեզ կեղեքում են, ուրեմն թույլ ես, դու ես մեղավոր»

«Եթե տեր չես կանգնում վաստակիդ, քեզ կեղեքում են, ուրեմն թույլ ես, դու ես մեղավոր»
13.11.2015 | 11:03

«Իրատեսին» հյուր է ԴԱՐ տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, նկարիչ, բանաստեղծ և հրապարակագիր ՍՎԵՏԼԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ով մեզ հայտնի է որպես մի շարք ուշագրավ և հաջողությամբ ի կատար ածված մշակութային ծրագրերի հեղինակ: Այսօր նա հանրության դատին է հանձնել «Հայ տարազը ԴԱՐ Է ԴԱՐ» նախագիծը: Հենց դրա շուրջն էլ ընթացավ մեր զրույցը։


-«ՏԱՐԱԶ ԷյԷմ» ընկերությունը մուտք է գործել բավականին հագեցած շուկա, մայրաքաղաքում ամեն քայլափոխի հագուստի վաճառքի սրահներ են, կարուձևի արհեստանոցներ: Որո՞նք են Ձեր գործունեության նախ հոգևոր, ապա նաև աշխարհիկ նախադրյալները:
-Երբ մթնոլորտը հագեցած է ինչ-որ բան անելու, ինչ-որ բանի մասին մտածելու և իրականացնելու տրամադրությամբ, ապա Տիեզերքը գտնում է այն իրականացնելու համար միջոցն ու ճանապարհը: Եթե գործի նվիրյալ մարդը կարողանում է որսալ այնտեղից հղված ազդակները, կնշանակի, որ ժամանակն է անդրադառնալու այդ խնդիրներին, այլապես մեկ խնդիրը հնարավոր չէ մեկ ուրիշով փոխարինել և լուծում տալ, ամեն խնդիր իր լուծումն է պահանջում: Մենք խոհեմ պետք է գտնվենք հասկանալու ժամանակի հրամայականը և նրա իրագործման միջոցները, իսկ եթե պահը բաց թողնենք, ապա ժամանակի առումով դարձյալ նահանջելու ենք, և խնդիրների լուծումը ավելի է բարդանալու: Ցանկացած օր, տարի թե հազարամյակ մարդկությունը քննություն է տալիս տիեզերքի օրենքի առջև: Եվ ահա ըստ մեր մտածողության և մեր վերաբերմունքի, գործունեության արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենք:
Կարող եմ վստահ ասել, որ այս նախագծի շնորհիվ կարող ենք մեր ինքնության հետ հաղորդակից լինել, գործնականում զգալ մեր նախնիների շունչն ու ոգին, հասկանալի դարձնել նրանց ապրածն ու կենցաղը, ոգևորվել և լիցքավորվել նրանց էներգիայով:
Չէ որ հոգին հավերժ է, և հոգևոր աշխարհի օրենքն անքակտելի է: Եվ հաճախ միտքս պտտվում է մեր ժողովրդի ինքնության հայ շնորհներն ի մի բերելու և ամբողջացնելու, դարերի մեջ մեր երթը ապահովելու, խաղաղ ու հանգիստ ապրելու շուրջ:
Իմ պատկերացումների Հայաստանը Մեծ Հայքի շուրջն է ամբողջանում, և եթե մենք մեզ ճիշտ պահենք համապատասխան բնության, համապատասխան օրենքի առջև, ապա տիեզերքը մեզ կօգնի վերադարձնելու այն ամենը, ինչը ի սկզբանե նախատեսված է եղել մեզ համար: Անշուշտ, նյութականը մեծ նշանակություն ունի ֆիզիկական աշխարհը շենացնելու համար, սակայն ոգու ուժի առկայությունը թևեր է տալիս թռչելու` սավառնելու տիեզերական բարձունքներում, հասկանալու տարածության գաղտնիքները, աներկյուղ և երջանիկ ապրելու համար: Մեր երկրի համար անչափ կարևոր է վերարթնացնել ոգու էներգիան, և այնժամ աներևակայելի արդյունքներ կունենանք: Դրա միջոցը և ճանապարհը մենք ունենք, քանզի ոգեղենի աճը զգացվում է նաև մթնոլորտում, այն բնակություն է հաստատում օդում առկա ամեն մի բջջի մեջ, մինչև որ մի զգայուն անհատականություն որսում է այն և շունչ ու ոգի է հաղորդում իր շրջապատին:
Այս թեմայի շուրջ կարելի է անվերջ ծավալվել, գնալ մեր պատմության խորքերը, վերադառնալ և հասկանալի դարձնել խորհրդանշանների կարևորությունը: Իսկ այն հարցին, թե ձախողման տագնապ չունեք, կասեի հետևյալը, որ ես որևէ անգամ, որևէ բանից տագնապ չունեմ, իսկ եթե ինչ-որ բան, այնուամենայնիվ, չի ստացվում իմ համառ ջանքերից հետո, փոխում եմ ուղղությունը, մտածելով, որ դեռ ժամանակը վերոնշյալը իրականացնելու համար չի հասունացել: Չեմ ափսոսում չստացված որևէ բանի համար, քանի որ տքնանքից հետո որոշակի փորձ ես կուտակում:
-Ի՞նչ նոր բան է առաջարկում իր գալիք հաճախորդներին Ձեր հիմնադրած այս նորաբաց ընկերությունը:


-Նորաբաց այս տուն-սրահը ջերմ մթնոլորտ է ստեղծել այցելուների համար և եթե այդպես չլինի` գնածդ հագուստի մեջ չես կարող քեզ հանգիստ զգալ:
Իմ նպատակը բիզնեսը չէ, այլ այս նախագծի միջոցով իրականացնել ևս մեկ ազգային ծրագիր: Զարդանախշերը, որոնք մենք օգտագործում ենք տարբեր հագուստների վրա` խիստ տարազայինից սկսած մինչև ժամանակակիցը, վերցրել ենք ժայռապատկերներից, հին եկեղեցիներից և խաչքարերից, մեր պատմական հուշարձանների զարդաքանդակներից: Փա՜ռք Աստծո, որ այժմ շատ են հրատարակվում զարդանախշերի և նրանց նշանակության մասին բազմաբնույթ գրքեր:
Այնպես որ նյութի պակաս չունենք, մեզ մնում է, որ մեր երևակայության շրջանակներն ընդլայնենք: Մեր օրերի, այսպես կոչված, համաշխարհային բրենդները հաճախ մեր զարդանախշերն են օգտագործում իրենց հագուստների վրա և մեծ գումարներ են շահում: Նրանցից հաշիվ պահանջող չկա, մենք էլ զարմանալի թեթևամտությամբ ձեռք ենք թափ տալիս, դե ինչ է եղել որ, մեկ է, մենք արարող ժողովուրդ ենք, սա էլ թող տանեն, այնպես, ինչպես մեզնից տարան շատ ավելի մեծ բաներ, քան սա է, տարածք, մարդկային ռեսուրս, որից և բարդույթավորվեցինք ու մինչ օրս չենք կարողանում հաղթահարել այդ վիճակը: Բավ է, մի տեղ պետք է կանգ առնենք ու ազգովին վերջ դնենք ինքնակեղեքմանը: Հեշտությամբ չի կարելի զիջել դժվարությամբ ձեռք բերածը. դա օրենքի խախտում է: Հզոր անհատականություն Գարեգին Նժդեհն ասում էր. «Եթե տեր չես կանգնում վաստակիդ, քեզ կեղեքում են, ուրեմն թույլ ես, դու ես մեղավոր», սրանից ավելի լավ ձևակերպում կարծում եմ, չենք կարող գտնել:
Մեր օրերում ազգային տարազի մասին պատկերացումները այլ են: Անձամբ ինքս չեմ ժխտում նաև հին տարազային մոդելների կիրառումը, նայած մեր պատվիրատուի ցանկության և ճաշակի: Այդ ուղղությամբ ուսումնասիրություններ են արվում, ուսումնական հաստատություններ են գործում: Սակայն հասկանալով, որ կյանքը շարունակ առաջընթաց է արձանագրում, պահանջներն էլ, բնականաբար, փոխվում են: Տեխնիկայի առաջընթացի դարաշրջանում հնարավոր չէ, որ հագուկապը փոփոխության չենթարկվի: Այս ամենից եկել եմ մի եզրակացության, որ պետք է այնպիսի բան ձևավորել, որ համահունչ լինի ժամանակի պահանջներին, լինի արդիական և նաև չկորցնի իր բուն նշանակությունը: Պետք է «քմահաճ» այցելուին մատուցել նրբաճաշակ և միևնույն ժամանակ ազգային զարդանախշերով հագեցած ժամանակակից զգեստներ: Մեր տուն-սրահում մասնավորապես առաջարկում ենք հարսանեկան զգեստներ ազգային խորհրդանիշերով` տղամարդու և աղջկա համար: Տոնական արարողությունների մասնակից լինելու համար կարող ենք առաջարկել զգեստներ նույնքան խորհրդանշական զարդանախշերով զարդարված, նաև` գեղեցիկ, հաճելի, դրական էներգիայով հարուստ համապատասխան այլ զգեստներ:
Իմ ցանկացած հարցազրույցում առիթը բաց չեմ թողնում և կրկին ցանկանում եմ անդրադառնալ մայր կրթելու կրթական համակարգ ձևավորելու խնդրին, որը կդառնա միջոց հանրագումարի բերելու այն ամենը, ինչի մասին խոսեցինք մեր զրույցի ընթացքում, ինչը կարևորում եմ, առողջ, ուժեղ, երջանիկ հայկական միջավայր ձևավորելու համար, ինչը կնպաստի, որ մեր երկիրը դառնա դրախտավայր, ինչպես նախատեսված է եղել ի վերուստ: Այդ պարագայում ոչ մի ազերի, թուրք, կամ… որևէ այլ մեկը չի համարձակվի մեր ունեցվածքը սեփականացնել: Մեզանից շատ մեզ ճանաչում են օտարները և ամեն կերպ աշխատում են ոչնչացնել մեր մշակույթը և կասեցնել մեր մտքի թռիչքը: Սա պիտի հստակ գիտակցենք և դեմն առնենք:
ՈՒստի մեր մեջ եղող ճառագայթներն ուղղորդենք նախ մեր համազգային խնդիրների լուծմանը, ամրապնդվենք և հետո մոլորակի էներգետիկ դաշտը փոխելու մասին հոգ տանենք, չէ՞ որ մենք քրիստոնյա ենք ի սկզբանե: Այդ է վկայում մեր էպոսը, այդ մասին են վկայում քարանձավների վրա դաջված խաչերը:


Հարցազրույցը`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2462

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ