«Երկրի աղը»- արդար որակում։ Ոգու ծնունդ՝ դա է ապրեցնում մարդկային ոգին։
Գարեգին ՆԺԴԵՀ
ՈՐՊԵՍ ՆԱԽԱԲԱՆ
Փետրվարի 4-ին նա՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆԸ, կդառնա 50 տարեկան։ Այո, կդառնա, զի այս տեսակը չունի անցյալ ժամանակ, այն միշտ է ներկա, միշտ, երբ ազգային արժանապատվությունը ստորացվում է և նյութը նահանջում-ճանապարհ է բացում ոգեղենի առաջ։ Կանաչ ճանապարհ, որը, Տաճար է տանում։ Սակայն կանաչ ճանապարհի ուխտավորները շատ հաճախ կանգ են առնում և հայացքները հորիզոնին գամած, նստում են ճամփեզրի աղբյուրի մոտ։ Երբեմն նրանք շրջվում են դեպի Տաճար, երբեմն էլ դեպի ճանապարհի սկիզբը։
ՄԱՐՏԱԿԱՆ ՍԵՐՈՒՑՔԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ
Արցախի շղթայազերծման համար մղվող պատերազմում ծանրակշիռ էր հայ մտավորականության մարտական սերուցքի դերը։ Նրանք ոգեպնդման կենաց աղբյուր էին ժողովրդի ծոցից ելած աշխարհազորի համար։ Նրանք՝ Մովսես Գորգիսյանը, Լեոնիդ Ազգալդյանը, Ալեքսանդր Թամանյանը, Արթուր Մալխասյանը, Սիմոն Աչիկգյոզյանը, Թաթուլ Կրպեյանը, Լևոն Խեչոյանը, Արմեն Մազմանյանը։ Եվ Դևը՝ Դավիթ Սարապյանը, մինուճար որդին Երևանի գլխավոր ճարտարապետ Էդուարդ Սարապյանի և Հայաստանի առաջին կին կիբեռնետիկ-գիտնական, ակադեմիկոս Էմմա Սարապյանի։
Նրա մասին գրում են և տեղին ու լավ են գրում։ Տեղին ու լավ է գրել այս ասպետի կենսագիր Էվելինա Մելքումյանը. «Զարմանալի ձևով մի մարդու մեջ կարող էին պարունակվել և՛ շատ նուրբը, և՛ բարին, և՛ ռոմանտիզմը։ Իդեալիստ էր ինքը։ Եթե իդեալիստ չլիներ, -9 տոկոս կարճատեսությամբ կգնա՞ր բանակ»։ Դավիթը գնաց, երբ դեռ շատ երիտասարդ էր, բայց արդեն կայացել էր որպես գրող։ Բավականին խոսուն են նրա ստեղծագործությունների վերնագրերը. «300 վայրկյան», «Հոբբի», «Էսթետը», «Բայկանուր», «Արքա Վարազդատ»։ Նաև բանաստեղծություններ գրեց, նա նաև նկարեց։
Դավթի ստեղծագործությունների ժողովածուն տպագրվել է 10 տարի առաջ։ Դրանով պարզ էր դառնում, որ հայ նորագույն գրականության դարպասն է բախում մի շնորհալի գրիչ։ Սակայն Դևը հայ սերուցքային մտավորականության ներկայացուցիչներից էր, որոնց համար ներաշխարհում գենետիկորեն ննջող ու ճիշտ ժամանակին արթնացած զինվորը չուներ ընտրության որևէ այլընտրանք, ճանապարհը մեկն էր՝ դեպի պատերազմի հանգուցակետերը։
Ինձ համար Դավիթ Սարապյանը և՛ Հրայր Դժոխքի կողքին էր, և՛ Ավարայրում էր, և՛ Սարդարապատում։ Նա Դավիթ Բեկ գահերեց զորավարի թիկունքն էր պահում և Նժդեհի սիրած պատվարժան զինվորն էր, Խուստուփ լեռան սեգ գագաթին և Վլադիմիրի բանտի մահաշունչ խցերում։
ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ
«Ես աչքերով դատարկ շքամուտք էի փնտրում, բայց ապարդյուն, չգտա, քանի որ մենք դպրոցի նկուղում էինք, որը ծառայում էր որպես պարային փոքր դահլիճ։ Ես միշտ շքամուտք եմ փնտրում, երբ սրտնեղած եմ, հիասթափված և ուզում եմ հեծկլտալ։ Լյոնյան (Լեոնիդ Ազգալդյան) է սովորեցրել։ Ընդհանրապես նա ինձ շատ բան է սովորեցրել՝ լողալ, կրակել հրաձգարանում, նույնիսկ ձեռնամարտի բռնվել։
...Մի անգամ նա ինձ բռնացրեց լաց լինելիս։ Շատ լուրջ զրուցեցինք։ Լեոնիդն ասաց, որ ես տղամարդ եմ, իսկ տղամարդը լաց չպետք է լինի։ Բայց եթե դրա կարիքը կա, ապա պետք է շտապ մի ազատ շքամուտք գտնել և թաքնվելով՝ արագ լաց լինել»։
Դավիթ Սարապյան, հատված «Հոբբի» պատմվածքից
ՈԽԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵՐԸ
Այս տեսակի նկատմամբ շրջապատը զարմանալի ոխակալ է։ Գուցե քինախնդիր զինվորիկների ամորձատված ինքնությունն է ազնվական զինվորի հիշատակից անկյուն մղվում և չի ներում իրական նվիրյալներին ու նրանց «հանցանքը»։ (Երկար տարիներ այսպես էր Լեոնիդ Ազգալդյանի պարագայում)։
Էվելինա Մելքումյան. «Դավթի «կյանքը» անակնկալ և անցանկալի ընթացք ստացավ։ Եվ ամեն ինչ սկսվեց հերոսի մոր, որը, ի դեպ, Դավթի վերջին հարազատն էր, ակադեմիկոս Էմմա Սարապյանի մահով։ Նա ռադիոտան հարևանությամբ գտնվող երեքսենյականոց բնակարանը կտակեց Դևի վեց մարտական ընկերներին՝ հույսով, որ այն կվերածվի թանգարանի, որտեղ կցուցադրվեն որդու իրերը, նկարները, ստեղծագործությունները, կհավաքվեն ընկերները, հանդիպումներ կկազմակերպվեն... Ավաղ, այդպես չեղավ։ Բնակարանը վաճառվեց, իսկ Դավթի արխիվները ոչնչացվեցին»։ Սա դեռ ամենը չէ։ Տիկին Էվելինան ցավը սրտում շարունակում է. «...Մարտիկի հիշատակին հասցված մյուս հարվածը Ձերժինսկու անվան դպրոցի շքամուտքից նրա մասին պատմող վանականների տեղափոխումն է. դպրոցը վերանորոգվեց, իսկ Դավթին այդտեղից հանեցին, տարան խորքում տեղակայված ՆԶՊ դասարան։ Նախկինում դպրոց մտնողն անմիջապես կարող էր տեսնել հերոսին, ծանոթանալ նրա մարտական ուղուն, կենսագրությանը, հիմա արդեն՝ ոչ...»։ Անարգանքի պղտոր հեղեղն իր կիզակետում է։ Ահա ձեռքիս տակ է «Հայ զինվոր» շաբաթաթերթը, ուր «Մատյան հիշատակի» խորագրի ներքո տպագրվել է «Դավիթը բացակա չէ...» նյութը (թիվ 26, 9-15 հուլիսի, 2015 թ., հեղ.՝ Շուշան Ստեփանյան)։ «Տող գյուղը Դևի մայրական գյուղն է, և նրա ազատագրումը կապվում է հենց ազատամարտիկի անվան հետ։ Բայց գյուղում Դավթին հիշեցնող ոչինչ չես գտնի, անգամ նրա անունը չտվեցին գյուղի ազատագրման օրը... Ի՞նչ է պատահել, այդ պայծառ ասուպի լուսավոր հետագիծն ի՞նչ եղավ»։
Ինքս էլ չեմ կարող պատասխանել, թե ինչ եղավ, գուցե եղավ հենց այն, ինչը տասնամյակներ շարունակ ժողովրդից վարագուրել էր Լեոնիդ Ազգալդյանին։ (Այսօր էլ պետական քարոզչամեքենան Լեոնիդի դաժան վախճանը փարիսեցիաբար ներկայացնում է նման դայլայլուն շեփորմամբ. «1992-ի հունիսի 22-ին Լեոնիդ Ազգալդյանը հերոսաբար զոհվեց Արցախի Տոնաշեն գյուղի մատույցներում»։ Տոնաշենը ռազմաճակատից 20 կմ հեռավորության վրա էր։ Լեոնիդին դարանից գնդակոծեցին։ Այսօր էլ, դավից քառորդ դար անց անհայտ է և՛ սպանության պատվիրատուն, և՛ իրագործողը)։
Ազերիական քարոզչամեքենան Դավիթ Սարապյանին անվանում էր Ահեղ Դև։ Նա ընկավ Թոդան գյուղի համար մղվող մարտում։ Պարգև սրբազանն այսպես է բնութագրում Դավթին. «Դավիթ Սարապյանը մեր հաղթանակի սյուներից է, մեր ազգի տաճարի անկյունաքարերից մեկը»։ Ահա թե ինչպիսի՜ երկյուղածությամբ է ազգը պահպանում իր տաճարի անկյունաքարը։ Կներեք, սակայն ակամա հիշողությանս մեջ պատկերվում են Ջուղայի խաչքարերի ոչնչացման տեսարանները՝ ազերիական բարբարոսների կողմից։ Նրանց թերևս հնարավոր է հասկանալ, քանի որ քոչվորի բնազդային հակակրանքը ամենայն կառույցի և արարվածի նկատմամբ վաղուց է վերածվել ազգային-պետական քաղաքականության։ Կարմրաբուրդ և սևագեղմ ոչխարներդ պիտի արածեն և տաճարը փակե՞լ է հոտիդ կենսաբեր ճանապարհը, ուրեմն ոչնչացրու տաճար ու տուն և հռչակիր ելուզակածդ հողը ազգային-պետական ժառանգություն։ Քեզ շնորհված Ալլահի կողմից ի վայելում։
ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Ների՛ր մեզ, Դավիթ։
Ներե՛ք մեզ, Էդուարդ և Էմմա Սարապյաններ։ Երկնային լույսը թող գիշեր ու զօր ցոլցլա ձեր սուրբ շիրիմների վրա։
Դու էլ ներիր մեզ, Լեոնիդ։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ. Հուսանք, որ մեր անդրադարձը հավուր պատշաճի կարժանանա պատկան կառույցների ուշադրությանը։
Ինքս համոզված եմ (և վստահ եմ, սա միայն իմ համոզմունքը չէ). ժամանակն է, որ Լեոնիդ Ազգալդյանն ու Դավիթ Սարապյանն արժանանան Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի կոչման։