«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

«Կարող ես զարմանալ, բայց տղամարդիկ կեսկատակ, կեսլուրջ խնդրում են իրենց մազափունջն ավելի առատ նկարել»

«Կարող ես զարմանալ, բայց տղամարդիկ կեսկատակ, կեսլուրջ խնդրում են իրենց մազափունջն  ավելի առատ նկարել»
26.02.2016 | 11:31

Զրուցակիցս գեղանկարիչ ՍԵՐԳԵՅ ՊՈՂՈՍՅԱՆՆ է, ՀՆՄ անդամ ու բազմաթիվ ցուցահանդեսների մասնակից։

«ԲՆՈՒԹՅԱՆ ՇԱՏ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԻ ՄԵՋ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿԸ ՄԱՐԴՈՒ ԴԵՄՔՆ Է»


-Սերգեյ, քո ստեղծագործական ներկապնակում առանձնանում են դիմանկարները։ Ի՞նչ է դա` հավատա՞մք, թե՞ նախասիրություն։
-Անկասկած նախասիրություն է, որից երբեք չեմ ձանձրանում։ Գիտես, բնության շատ հրաշալիքների մեջ ամենագեղեցիկը մարդու դեմքն է, որի վրա դրված է Աստծու կնիքը։ Գիտես, որ նկարում եմ բոլոր ժանրերում, բայց դիմանկարչությունն առանձին ձգողականություն ունի ինձ համար։
-Ո՞Ւմ ես նկարել առաջին անգամ, ո՞վ էր «հերոսդ»։
-Դիմանկարել եմ բանակում ծառայելիս, Պոլտավա քաղաքում գտնվող հեռավոր ավիացիայի զորամասում։ Ազատ ժամանակ օդաչուներին էի նկարում, իրենց բնութագրական արի դեմքերով և հանդերձանքով։ Զորացրվելուց հետո մի քանի դիմանկարով զինված ներկայացա Հայաստանի նկարիչների միություն, Սարգիս Մուրադյանը, Արա Հարությունյանն ու Արա Շիրազը գնահատեցին աշխատանքս, և այդ դիմանկարները հիմք հանդիսացան, որ անդամագրվեմ ՀՆՄ-ին։ Հետո պարբերաբար ցուցահանդեսներում դիմանկարներ եմ ներկայացրել։ Խորհրդային տարիներին պետությունը սատարում էր նկարիչների միությանը, և վերջինս կարողանում էր պարբերաբար գնել ցուցահանդեսներում ներկայացվող աշխատանքները։ Իմ դիմանկարներից մի քանիսը ևս գնեցին։
-Բավականին ակտիվ գործունեություն ծավալեցիր անկախության առաջին տարիներին։
-Ազատամարտի առաջին օրերից ես նկարում էի մեր ազատամարտիկներին։ Գնում էի Մոսկովյան փողոցում գտնվող «Ղարաբաղ» կոմիտե, որտեղ հանդիպում էի անմիջապես պատերազմի դաշտից վերադարձած զինվորներին։ Բազմաթիվ զինվորների և հրամանատարների եմ նկարել։ Պատրաստվում էի այդ շարքը ցուցադրելու Շուշի քաղաքում։ Բայց Մոնումենտում գտնվող «Հաղթանակի» թանգարանից խնդրեցին, որ նկարներն ի պահ տամ իրենց։ Մայիսի 9-ին պատվիրակություն էր ժամանել Մոսկվայից, և նրանք էլ ծանոթացան մեր ազատամարտիկներին՝ դիմանկարներով։ Հետո ինձ բանակի հրամանատարությունը հրավիրեց Ստեփանակերտ, որտեղ արվեստանոց հատկացրին։ Եվ բանակի շտաբում էի աշխատում, և արվեստանոցում։ Ինձ այցելում էին ցանկացած ժամի։ Դուռս բաց էր բոլորի առաջ։ Մի անգամ լուսաբացից առաջ հյուր եկավ Մարտակերտի ճանաչված ազատամարտիկներից մեկը։ Սուրճ խմեցինք, ուշքի եկա և հրաշալի աշխատեցի։

-Զինվորական դասից զատ, քո պատկերաշարում առանձնանում են մշակույթի գործիչները։ Ո՞վ էր առաջին ծիծեռնակը։
-Ազատամարտի տարիներին եռանդուն գործունեություն էր ծավալել Լորիս Ճգնավորյանը։ Եթե հիշում ես, նա աշխարհի լավագույն երաժիշտներին էր Երևան հրավիրում։ Նման առիթն անկարող էի ձեռքիցս բաց թողնել, վերցնում էի նկարչական պիտույքներս և օպերա հասնելով` նկարում էի ճանաչված երաժիշտներին։ Նրանց նկարում էի բեմում, թատրոնի միջանցքներում, այլուր։ Ճգնավորյանն ինձ սատարում էր, գնահատում էր գործս։ Հետո, իհարկե, նրանց դիմանկարները ցուցադրում էի նկարչի տանը, հանրապետական ցուցահանդեսներում։

«ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՄ ՆԿԱՐԵԼՈՒ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐԸ»


-Ինձ հատկապես գրավում է երաժշտական աշխարհի «հանելուկ» Ավետ Տերտերյանի դիմանկարը։ Ինչպիսի՞ մարդ էր նա։
-Ինչպես իր երաժշտությունը, խորքային, ոչ ավանդական, միաժամանակ կիրթ և մեծ կուլտուրայի տեր մարդ էր։ Ինձ բնորդել են Էդվարդ Միրզոյանը, Սոս Սարգսյանը, Խորեն Աբրահամյանը և ուրիշներ։ Մեծ բավականություն էր նրանց հետ շփվելը։
-Հայտնի է, որ դիմանկարիչը նախ փորձում է բնորդի կերպարն ընկալել տարբեր ճանապարհներով։ Ինքդ ի՞նչ «հնարքների» ես դիմում։
-Նախ` ասեմ, որ ոչ հանրահայտ մարդկանց էլ եմ շատ նկարել, նրանք ևս յուրովի հետաքրքիր մարդիկ են։ Ամենակարևորն անկեղծ միջավայրն է, որը ձևավորվում է իմ և հյուրիս միջև։ Կարող ես զարմանալ, բայց տղամարդիկ կեսկատակ, կեսլուրջ խնդրում են իրենց մազափունջն ավելի առատ նկարել։
-Կես ժամ անց ինձ էլ ես նկարելու, երևի ինքս էլ նման «շնորհ» խնդրեմ քեզնից։ Սերգեյ, ինչպե՞ս ես նախապատրաստվում բնորդի հետ հանդիպմանը։
-Հավատա, գրեթե ողջ գիշեր։ Մտորում եմ, տրամադրվում եմ, վաղօրոք ճշտում եմ տեխնիկական և գեղագիտական ինչ-ինչ խնդիրներ, ի մի եմ բերում դրանք և անհամբեր սպասում եմ հանդիպմանը։ Բայց հենց որ բնորդը բախում է դուռս, ես մոռանում եմ ամեն բան, վրձինն ինքն է իր ճանապարհը գտնում։ Մի բան է շատ կարևոր, որ հարգես բնորդին, անկախ նրա ով լինելուց, և գործիդ մեջ հոգիդ դնես։
-Նկարիչն առանց երազանքի ապրել անկարող է։ Ի՞նչ մտադրություններ ունես այսօր։
-Առհասարակ նկարիչն իր ստեղծագործության անցած ուղին գնահատում և իր պարտքը հասարակության առջև իրականացնում է ստեղծագործական-անհատական ցուցահանդեսով։ Պատրաստվում եմ։ Շատ կարևոր մի նպատակ ևս ունեմ. նկարել Սարդարապատի հերոսամարտի հերոսների դիմանկարները և 100-ամյակի առթիվ ցուցահանդես բացել Սարդարապատի թանգարանում։
-Շնորհակալություն զրույցի համար։

Զրույցը`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2238

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ