«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

«Մարդը պետք է լավատես լինի և բարությամբ նայի աշխարհին»

«Մարդը պետք է լավատես լինի և բարությամբ նայի աշխարհին»
01.03.2016 | 02:03

Զրուցակիցս զարմանալի մի մարդ է, աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ակադեմիկոս ՍՈՒՐԵՆ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ անվան նյարդավիրաբուժության բաժնում, որպես բաժնի ղեկավար։ Զարմանալին պարզվում է քիչ հետո. բաժինն անվանակոչված է հենց բաժնի ղեկավարի պատվին, ով այսօր էլ իր մարտական պոստում է, այնինչ գալիք ապրիլի 4-ին լրանում է նրա ծննդյան 95-ամյակը։

ԱՅՑԵՔԱՐՏ
ՍՈԻՐԵՆ ԳԵՂԱՄԻ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ծնվել է 1921-ի ապրիլի 4-ին` Աղավնատուն գյուղում։ Հայրը` Գեղամ Զոհրաբյանը, 1915-ին հիմնադրել է Աղավնատան միջնակարգ դպրոցը։ 2008-ին դպրոցի բակում տեղադրվեց նրա բրոնզաձույլ կիսանդրին։ Սուրեն Զոհրաբյանը նյարդավիրաբուժության հիմնադիրներից է Հայաստանում։ 1958-ին արժանանում է բժշկական գիտությունների դոկտորի և պրոֆեսորի կոչման։ Նա կազմակերպել և ղեկավարել է նյարդավիրաբուժության կլինիկան և ամբիոնը Երևանի բժշկական ինստիտուտում։ Կարճ ժամանակ անց ¥1960-ին¤, նա կազմակերպում է նյարդավիրաբուժության կլինիկան Իրաքում, իսկ 1971-ին բժշկական համալսարան է ստեղծում Զամբիայում, Լուսակա քաղաքում։
Սուրեն Զոհրաբյանը նյարդավիրաբույժների հայկական ընկերության նախագահն է, նյարդավիրաբույժների եվրոպական և համաշխարհային, նաև եվրասիական ընկերությունների անդամ է։ 2004-ից ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի անդամ է։

«ԵՐԲԵՄՆ ՄԱՐԴՈՒ ԳԼԽՈՒՄ ՃԻՃՈՒՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆՎՈՒՄ»


-Սա եզակի դեպք է, Դուք աշխատում եք ի պատիվ Ձեզ անվանակոչված բաժանմունքում։
-Սովորաբար մարդու հեռանալուց հետո են նրան մեծարում, իմ դեպքում այսպես եղավ, որպես գործող բժիշկ աշխատում եմ անունս կրող բաժանմունքում։ Բայց դա ինձ ամենևին էլ չի խանգարում։
-Թերևս ներկայացնեք նյարդաբուժության ոլորտը։ Ի՞նչ է նյարդավիրաբուժությունը։
-Երբ մարդու նյարդային համակարգը կարիք ունի վիրահատական միջամտության, գործը հասնում է նյարդավիրաբույժին։ Նախ բուժում ենք գանգուղեղային վնասվածքները, ողնաշարի և ողնուղեղի վնասվածքները, նյարդային վնասվածքները և նշված հատվածներում առկա ուռուցքները։ Երբեմն մարդու գլխում ճիճուներ են հայտնվում, դա էխինոկոկ հիվանդությունն է, ինչը և հաջողությամբ բուժում ենք։
-Պարոն Զոհրաբյան, քանի՞ տարի եք զբաղվում այս որքան դժվարին, նույնքան էլ պատվավոր գործով։
-1942 թվականի գարնանից։ Երրորդ կուրսը ավարտել էի, սովորում էի, Երևանի բժշկական ինստիտուտում։ Մեզ` երիտասարդներիս համար անտանելի էին Գերմանիայի առաջխաղացումն ու Հիտլերի լկտիությունը։ Տղաներով որոշեցինք նրանց պատժել և, ներկայանալով զինկոմիսարիատ, կամավոր մեկնեցինք ռազմաճակատ։ Ցավոք, մեր տղաներից ոմանք ընկան մարտի դաշտում։ Ես վիրաբույժ էի դաշտային-շարժական հոսպիտալում։ Անընդհատ շարժման մեջ էինք, վիրահատում էինք, վիրակապում առանց ընդմիջման։ Հոսպիտալը մերթ այստեղ էր, մերթ այլ վայրում։
-Կարո՞ղ եք հիշել, թե քանի զինվորի և սպայի եք «այն աշխարհից» հետ բերել։
-Մինչև պատերազմի ավարտը երկու հազարից ավելի զինվորի և սպայի եմ ապաքինել։ Հետո ինձ տեղափոխեցին ստացիոնար հոսպիտալ, արդեն որոշակի փորձ և վարպետություն ունեի և ավելի ծանր դեպքեր էին ինձ վստահում։ Ինձ շնորհեցին ավագ լեյտենանտի, ապա կապիտանի կոչում։ Իհարկե, նաև բժշկի կոչման արժանացրին, չնայած, ինստիտուտը թողնելով, գինեկոլոգիայի կուրսերը չէի անցել։

«ԵՍ ԲՈՒԺՈՒՄ ԷԻ ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆԻՆ, ՆԱ ԷԼ ԻՆՁ ԱՆԳԼԵՐԵՆ ԷՐ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ»


-Ձեր կյանքում բազմաթիվ ուշագրավ իրադարձությունների շարքում թերևս առանձնանում է իրանյան ժամանակաշրջանը։
-Այդ մասին շատ է գրվել և կարիք չկա մեկ անգամ էլ անդրադառնալու։
-Այնուամենայնիվ, մեր թերթի ընթերցողներն անծանոթ են այդ պատմությանը։
-1962-ին ինձ գործուղեցին Շահական Իրան, պետք է բուժեի Ռզա Փեհլևի շահի քրոջ դստերը։ Եթե վիրահատության ժամանակ մի բան պատահեր, դժվար չէր կռահել իմ գլխին գալիքը։ Ի վերջո, չմոռանանք, թե ինչ արեց պարսկական գազազած ամբոխը Գրիբոյեդովի հետ։ Վիրահատությունը հաջող անցավ, և նրանք ինձ խնդրեցին, որ թողնեմ իմ բանկային հաշիվները, որպեսզի իմ հաշվին գումար փոխանցեն։ Ասացի, որ սովետական երկրում բուժումն անվճար է, և ես չեմ կարող գումար ստանալ հաջող վիրահատության համար։ Ճիշտն ասած, այս մասին ինձ զգուշացրել էին Իրան ուղևորվելուցս առաջ։
-Շահի հետ հանդիպեցի՞ք։
-Մի երեկո նրա մոտ հրավիրվեցի։ Շահն ասաց, որ ինձ հուշանվեր պիտի հանձնեն, որը կստանամ երկու շաբաթ անց։ Երկու շաբաթ հետո Բրեստ քաղաքից նամակ ստացա, թե եկեք Ձեր հուշանվերը ստացեք։ Հուշանվերը գերմանական «Օպել» մեքենա էր։ Ի դեպ, պատերազմի ժամանակ ծանր հիվանդ գերմանացի գերիների եմ բուժել։ Բժշկի համար հիվանդը հիվանդ է, անկախ հասարակական դիրքից, ազգությունից և հավատից։
-Տեղյակ եմ, որ բուժել եք հռչակավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանին։
-Շատ հաճելի հիշողություն է, ես նրան բուժում էի, նա ինձ անգլերեն էր սովորեցնում։

«ՄԱՐԴՈՒ ԳԼՈՒԽԸ ԼԱՎ Է ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԴԻՄԱՑԿՈՒՆ Է»


-Ինչպես պիտի մարդն ապրի, որ չդառնա նյարդավիրաբույժի այցելուն։
-Շատ պարզ, նախ քիչ խմի և գլուխն անպատեհ մի բանի չխփի, կռվի մեջ չընկնի և բռնցքամարտով չզբաղվի, չէ՞ որ բռնցքամարտիկները շատ հարվածներ են իրենց գլխին ստանում։ Մարդու գլուխը լավ է կառուցված և բավականին դիմացկուն է, սակայն սարսափելի ուժի հարվածները, որ իրար են հասցնում բռնցքամարտիկները, լրջորեն վնասում են նրանց առողջությունը։ Մարդու ուղեղը հեղուկով է պատված և լավ է պաշտպանված, բայց չի կարելի այդ հանգամանքը չարաշահել։
-Առհասարակ պրոֆեսիոնալ մարզիկները սպորտը թողնելուց հետո կորցնում են առողջությունը։
-Հատկապես բռնցքամարտիկներն ու ֆուտբոլիստները։ Նրանք հետագայում հետ են մնում կյանքից ոչ միայն առողջության, այլև ստեղծագործելու ունակության տեսանկյունից։
-Իսկ երբ կանայք են մրցասպարեզ մտնում, ես, անկեղծ լինեմ, փախչում եմ հեռուստաէկրանի մոտից։ Ծանրաձողը գլխից վերև պահած կինը ահավոր զգացողություններ է առաջացնում։
-Խայտառակ բան է։ Նյարդավիրաբույժների մեր կազմակերպությունը ժամանակին հարց էր դրել` բռնցքամարտը հանել օլիմպիական մարզաձևերի ցանկից։ Մարդու ուղեղը նուրբ բան է, և վնասվածքը, անգամ եթե դա տեղի է ունեցել մանկության տարիներին, իրեն հիշել է տալիս ողջ կյանքում։
-Ասում են, որ բժիշկները անտարբեր են իրենց առողջության հանդեպ։ Դուք Ձեր առողջությանը հետևո՞ւմ եք։
-Դա կախված է մարդու բնավորությունից։ Ինձ ավելի շատ զավակներս են հետևում։ Նախկինում էլ՝ կինս։

«ՄԱՐԴԸ ՊԵՏՔ Է ԼԱՎԱՏԵՍ ԼԻՆԻ ԵՎ ԲԱՐՈՒԹՅԱՄԲ ՆԱՅԻ ԱՇԽԱՐՀԻՆ»


-Այս հարցը, հավանաբար, Ձեզ հաճախ են ուղղում։ Թերևս ես էլ տամ. երկար և առողջ ապրելու համար մարդուն ի՞նչ է պետք։
-Մարդ պետք է մեղմ բնավորություն ունենա և բռնկուն ձևով չարձագանքի շրջապատի իրադարձություններին, որքան էլ դրանք լինեն անսպասելի ու տհաճ։ Մարդը չպետք է նախանձի մերձավորի հաջողությանն ու չպետք է ուրախանա թշնամու անհաջողությամբ։ Առհասարակ, չպետք է թշնամիներ ունենա և պիտի ուժերի հնարավորության սահմաններում ու առանց ակնկալության օգնի շրջապատի մարդկանց։ Մարդը պետք է լավատես լինի և բարությամբ նայի աշխարհին։
-Կլինիկայում առկա սարքավորումները բավարարո՞ւմ են լիարժեք բուժսպասարկմանը։
-Պատկերացրեք՝ այո։ Լավագույն սարքավորումներով և որակյալ մասնագետներով ենք ապահովված։
-Ի՞նչ կկամենայիք ասել մեր ընթերցողներին։
-Եղեք համբերատար, եղեք բարյացակամ և հիշեք` ինչ-որ տալիս եք շրջապատին, հաճախ կրկնապատկված վերադառնում է ձեզ։

Քանդակագործ Տարիել Հակոբյանն ինձ ծանոթացրեց ակադեմիկոս Սուրեն Զոհրաբյանի հետ։ Այս տարի լրանում է քանդակագործի 75-ամյակը։ Իմ զրույցը Տարիելի հետ վերոնշյալ հանդիպման յուրովի շարունակությունն է։
-Պարոն Հակոբյան, ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում եք ծանոթացել նյարդավիրաբուժության մաեստրոյի հետ։
-1971-ին։ Առիթն էր շատ հետաքրքիր։ Մայրս զանգահարեց Լենինականից և տեղեկացրեց, որ իրենց հարևանը՝ մեքենավարի օգնական Ռաֆայել Կարապետյանը, անսպասելի գլուխը խփել է շոգեքարշին, ծանր վնասվածք է ստացել, երկու օր անց էլ կաթված է տարել։ Մայրս խնդրեց, որ Երևանում մի որակյալ բժիշկ գտնեմ, մարդուն փրկեն, մեքենավարի օգնականը անդամալույծ վիճակում գամված էր անկողնուն։ Այդ օրը ես արվեստանոցում էի, ինձ հյուր էր եկել ճանաչված դիրիժոր Հակոբ Ոսկանյանի եղբայրը` Սուրենը։ Նա էլ խորհուրդ տվեց դիմել միայն Սուրեն Զոհրաբյանին։ Միասին հասանք Աջափնյակ, Հանրապետական հիվանդանոց, ուր աշխատում էր նյարդավիրաբույժը։ Նա լսեց մեզ և հրահանգեց` հիվանդին շտապօգնության մեքենայով իսկույն հասցնել Երևան։ Երեք ժամ հետո հիվանդը Երևանում էր. Սուրեն Զոհրաբյանը նրան վիրահատեց, հաջորդ օրը Ռաֆայելը ողջ-առողջ էր։ Նա այսօր էլ ողջ-առողջ է և լրացել է նրա 90 տարին։

Մի օր կեսկատակ հարցրի Սուրեն Գեղամիչին, մեր հարգարժան ակադեմիկոսին, թե ինչ գաղտնիք ունի, որ, կիսամեռ մարդկանց կյանք պարգևելուց բացի, նրանց դարձնում է երկարակյաց։ Նա էլ, կեսլուրջ-կեսկատակ պատասխանեց, թե դա պատմելու բան չէ, տեղում անելու բան է, ես էլ այդ բանը վիրահատության ժամանակ անում եմ։ Այնուամենայնիվ, մի անգամ նա խոստովանեց, որ սերն է երկարակեցության գաղտնիքը և ջուրը։ Մարդը պետք է սիրով ապրի և կենարար ջուրը դարձնի իր կյանքի ուղեկիցը։ Նա զարմանալի ընկեր է, նրա համար կարևոր չեն մարդու դիրքն ու անունը, նրա համար կարևոր է մարդը։
Մի խոսքով, շուտով կնշենք նրա 95-ամյակը և կպատրաստվենք 100-ամյակին։

Զրուցեց՝
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2746

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ