«Իրատեսի» զրուցակիցն է նկարիչ ՇԱՀԵՆ ԱՍԼԱՆՅԱՆԸ:
«ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՀԱՆՃԱՐԵՂ ՖԻԼՄԵՐԻ ՀԵՆՔՈՒՄ ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆՆ Է»
-Շահեն, ինչը չբավարարեց քեզ` արդեն կայացած վարպետիդ, դեկորատիվ կիրառական արվեստի ուշագրավ ոլորտում և դու անցար գեղանկարչական աշխարհ, որը հարուստ է բազմաթիվ ուրույն վրձնահարվածներով։ Եվ, թերևս, ներքին «վտանգներով» լի։
-Երկիրը փոխվեց, դժվարացավ նյութի ձեռքբերումը, քանի որ կիրառական արվեստն իր տեսակով որքան էլ ուշագրավ և հարուստ է, ենթադրում է նյութական որոշակի բազա։
-Երբեմն նշյալ բնագավառի ստեղծագործողին «տիտղոսավորում են» որպես խեցեգործի։ Համամի՞տ ես ասվածին։
-Խեցեգործությունը գործածական երևույթ է, կիսով չափ արհեստ է, կիսով չափ էլ` արվեստ։ 1967-ից զբաղվել եմ խեցեգործությամբ մինչև 1995-ը, երբ ձեռքիս տակ եղած նյութերը սպառվեցին, քանդվեցին Հայաստանում գործող հախճապակու և գեղարվեստական իրերի արտադրության կոմբինատները, և բնագավառը ամլացավ։ Սակայն ստեղծագործողի համար կարևոր չէ, թե ինչ նյութով է նա աշխատում, քար է այն կամ յուղաներկ, թե այլ մի բան, նկարիչը դաշտում հնձում է խոտը իր ցանկացած ձևով, որ ստեղծի իր կտավը։ Սա ստեղծագործական մտածելակերպ է, իսկ նյութն ընդամենը միջոց է։
-Իսկ ո՞ճը։
-Նկարիչը, անկախ նրանից, թե որ ճյուղում է արարում, ունի իր ոճը, իր լեզուն։ Փարաջանովի հանճարեղ ֆիլմերի հենքում գեղանկարչությունն է և կիրառական արվեստը։ Եթե արվեստագետն ունի իր լեզվամտածողությունը, ապա դա արտահայտում է յուրաքանչյուր դեպքում` կինոնկարչության մեջ, կտավի առջև, քանդակը կերտելիս և այլն։ Նկարիչը, ի վերջո, կարող է գունավոր թղթերի պատառիկներով էլ կերպարվեստ ստեղծել։
-Քո վերջին շրջանի աշխատանքներում հստակ հնչում են պոստիմպրեսիոնիստական մեղեդիներ։
-Իմպրեսիոնիստներն աշխարհ եկան թափով և անկեղծությամբ։ Նրանք էքսպրեսիվ վիճակներում էին ստեղծագործում, դուրս գալով արվեստանոցներից, գնալով դեպի բնությունը։ Սա նաև հոգեվիճակի խնդիր է, որից ես էլ չխուսափեցի։ Եվ այսօր ինձ զգում եմ սեփական եզերքում։
-Իմպրեսիոնիզմը, պոստիմպրեսիոնիզմը աբստրակցիոնիզմն ու մյուս մոդեռն ուղղություններն իրենց բնույթով և ասելիքով հակադրվո՞ւմ են դասական սկզբունքներին։
-Ամենևին։ Ակադեմիզմը ամեն բանի հիմքն է, առանց որի անհնար է բարձր արվեստ ստեղծել։ Առանց դասական արվեստի նրբություններին տիրապետելը մոդեռն արվեստում կայանալու բոլոր փորձերը ձախողման են դատապարտված, քանզի խախուտ են հիմքերը։
-Պոստիմպրեսիոնիզմը շարունակություն էր, բուռն, ինքնորոշ և ոչ պակաս բարդ ու հրաշալի։ Համաձա՞յն ես։
-Իհարկե, այս ուղղությունը, կարծես, չբավարարվեց իմպրեսիոնիզմի ասելիքով և դուրս եկավ նոր հարթություն։ 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին այն լայն զարգացում ուներ Ռուսաստանում։ Այն երկրում, որը շնչում էր հեղափոխությամբ, ինչը պատահական չէր, մոդեռն արվեստը` իր բոլոր հրաշքներով հանդերձ, հեղափոխական արվեստ է։ Եվ ի հայտ եկան Մալևիչը, Կանդինսկին, Շագալը։ Առհասարակ, 20-րդ դարի առաջին կեսը կերպարվեստի հրավառության փուլ էր։ Մենք` հայերս էլ, փայլուն վարպետներ ունեինք և ահա աշխարհ եկավ այնպիսի մի աննախադեպ երևույթ, որպիսին էր Արշիլ Գորկին։
«ԻՄՊՐԵՍԻՈՆԻԶՄԸ ՆԿԱՏԵԼԻ ԷՐ ԴԵՌԵՎՍ ՌԵՄԲՐԱՆԴԻ ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ»
-Գորկու ոճական բնութագիրը ո՞րն է ըստ քեզ։
-Գորկին համաշխարհային էքսպրեսիվ-լիրիկական կերպարվեստում չունի իր հավասարը։
-Նա աբստրակցիայի դրոշակակիրն էր Միացյալ Նահանգներում։ Բայց, կարծես, նա ևս հաջողությամբ անցավ դասական կերպարվեստի դպրոցը։
-Գորկին մի առիթով ասել է, որ աբստրակցիան ամենառեալիստական արվեստն է։ Նա հասավ մի աստիճանի, որը հետաքրքրեց ոչ միայն արվեստաբաններին և նկարիչներին։ Նրա գործերով անթաքույց հետաքրքրվում էին աշխարհի հեղինակավոր պատկերասրահներն ու թանգարանները և, իհարկե, հավաքորդները։ Բայց նա ևս իր կայացման նախնական փուլում ազդեցություններ է կրել, մասնավորապես Սեզանի ազդեցությունը, ինչը միանգամայն բնական երևույթ է։ Սեզանի, որը իմպրեսիոնիզմի հիմնադիրն է։ Սակայն այս ուղղությունը ինչ-որ արտահայտությամբ և խորությամբ առկա էր դեռևս Ռեմբրանդի գործերում։
-Զարմանալի բան լսեցի։
-ՈՒշադիր վերադիտիր Ռեմբրանդի դիմանկարները և դրանց բաղադրիչները, ասենք, հագուստը, որոնք նա մատներով է նկարել։ Առհասարակ իմպրեսիոնիզմի շունչը նկատելի է նրա առանձին գործերում։
-Կերպարվեստում կա՞ կանգառ։
-Երբ կերպարվեստը զգում է, որ մի պահ ասելիք չունի, նա չի ընդհատվում, շարժվում է առաջ, բայց հետ նայելով։
-Գորկին կայացավ հայրենիքից հեռու, բայց հայկականությունը հիմնարար է նրա արվեստում։
-Նրա արվեստում չէի ասի, որ զգալի է հայկականությունը, քանզի նա հայ է, վանեցի հայ Ոստանիկ Ադոյանն է նա, ծնված Խորգոմ գյուղում։ Նա մեծ հայ նկարիչ է և համաշխարհային կերպարվեստագետ է միաժամանակ։ Հիշիր նրա «Հոգեվարք» գործը, հայկականությունն ամենուր է, նա չէ՞ որ իր մոր հոգեվարքն է տեսել, վերապրել է այն։ Նա տեսել է հայության գլխին կախված հոգեվարքը։
-Արվեստաբան Պողոս Հայթայանի համար քո վերջին շրջանի աշխատանքներն անակնկալ էին։ Դա հիշո՞ւմ ես։
-Այո, նա ասաց, որ գեղանկարչությունդ անակնկալ է ինձ համար։ Դա երկու տարի առաջ էր, հետո ավելացրեց` կուզեի տեսնել, թե վաղն ինչպես ես նկարելու։ Կարծում եմ` «վաղն» արդեն եկել է, և շուտով նրան հատուկ հրավիրելու եմ իմ արվեստանոց` ծանոթացնելու այսօրվա գործերիս հետ։
-Հայ նկարիչներն այսօր իրենց գործերն իրացնելու խնդիր ունեն։ Սակայն նրանց մեծ մասը մատնված է անտարբերության։ Ի՞նչ է բանը։
-Գիտես, որ արվեստանոցիս դռները բաց են, շատ համախոհներ ունեմ, նաև շատ տարբեր տեսակետների և բանավեճերի ականատեսն եմ։ Մի երիտասարդ նկարիչ, որ նաև ընկերս է, մի օր ասաց, որ ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում նկարիչների խմբեր կան, որոնց գործերը բավականին թանկ են վաճառվում։ Բայց եթե այդ մարդկանց վճարեն ցանկալի գումարը, նրանք այլևս չեն նկարի։ Այսինքն` նկարում են, խոնարհաբար տուրք տալով շուկայական պահանջարկ ունեցող իզմերին, ալյա սյուրռեալիստական և այլն, ուր կա բարձր կատարողական արվեստ, սակայն չկա ոգի։
-Քո տեսակով դու ներփակ մարդ չես, ազատ ես բնութագրումներումդ, ապա թվիր այն հայ նկարիչներին, որոնց արվեստը հատկապես սրտամոտ է քեզ։
-Շատերը կան։ Սկսեմ ավագ սերնդից, որոնց ժամանակակիցն եմ, քանզի շփվել եմ նրանց հետ, սովորել եմ նրանցից. Արա Բեքարյան, Էդուարդ Արծրունյան, Հարություն Կալենց, Հենրիկ և Ռոբերտ Էլիբեկյաններ, Անատոլի Գրիգորյան...
-Հարցս մի փոքր արկածախնդրային է։ Հանրապետական ցուցահանդեսներում քո ժամանակակից գործող նկարիչներից ո՞ւմ ես փնտրում։
-Շատերին, սակայն նրանց գործերը, չգիտես ինչու, դեպքից դեպք են հայտնվում ցուցահանդեսներում։ Օրինակ, շատ քիչ է ցուցադրվում Զորիկ Միրզոյանը, ով հրաշալի նկարիչ է։ Առհասարակ դրական եմ վերաբերվում ստեղծագործող մարդկանց, հավատա, սիրում եմ նրանց, նկարիչներին պետք է սիրել և անպայման գնահատել։
-Զարմանալի է կերպարվեստի աշխարհը։ Գիտես, նկարիչների միության «Կերպարվեստ» պարբերականը ֆինանսների բացակայության պատճառով հրատարակվում է դեպքից դեպք։ Սա ինձ համար, որպես պարբերականի խմբագրի, ուղղակի հոգեկան ողջակիզում է. չէ՞ որ հսկայական անելիք ունի «Կերպարվեստը» այսօր, սակայն իր առաքելությունն իրականացնում է մասնակիորեն։ Ինձ էլ է սերը ստիպում պահպանել «Կերպարվեստը»։ Սերը և նվիրումը նկարչի և նկարիչների միության հանդեպ։ Դու նկարիչների հանդեպ կամ դրական ես արտահայտվում, կամ էլ առիթի դեպքում բազմանշանակ լռում ես։ Ճի՞շտ եմ նկատել։
-Ճիշտ ես նկատել։ Այդ սովորությունը ձեռք եմ բերել, երբ գեղխորհուրդներում էի աշխատում։ Յուրաքանչյուր նկարիչ սեփական հոգեվիճակն է դրոշմում կտավին։ Նրան պետք է հասկանալ և սիրել։ Այլ բան է, երբ պրոֆեսիոնալը պրոֆեսիոնալ չէ։ Բայց ունի սեփական պատկերասրահ և հաճախորդներ, նաև կոչումներ և այլն։
-Շահեն, ասա, խնդրեմ, այսօր քանի՞ պատկերասրահ կարող է մայրաքաղաքում գործել, եթե պետության կողմից պատշաճ և նպատակասլաց քաղաքականություն վարվի։
-Պետականության գոյությունը չի նշանակում, որ ունենք արվեստը խորապես գնահատող պետական հաստատություններ։ ՈՒնենք հրաշք երկիր, կերտել ենք մեր պետականությունը։ Բա՞յց...
-Հուսանք առայժմ։
-Ես էլ այդ հույսով եմ ապրում։ Բայց մոտենամ հարցիդ։ Ժամանակին Երևանում գործում էր հանրահայտ գեղարվեստի սալոնը` Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում։ Այնտեղ և՛ ներկեր ու վրձիններ էին վաճառում, և՛ կերպարվեստ էր գնահատվում ու գնման ներկայացվում։ Նման մեկ սալոնը այսօր բավարար է։
-Այդ սալոնի մասին գիտեին Հայաստանից շատ հեռու վայրերում ևս։ Հայաստան եկող զբոսաշրջիկների նախընտրած տեսարժան վայրերից էր այն։ Բայց մի սալոն և մի ամբողջ մայրաքաղաք ու հանրապետությո՞ւն։
-Խնդիրը սալոնի կամ պատկերասրահի գործունեության իմաստն է։ Բեյրութում մի շատ հետաքրքիր հայ կար, դեպքերի բերումով մտերմացել էինք։ Նրա հետ եղանք Սևան փողոցում, ուր ծայրեծայր հայ ոսկերիչների սրահներն էին։ Սա ինձ զարմացրեց, բայց բարեկամս փարատեց զարմանքս, ասելով, որ այդ փողոցում նախկինում մեկ ոսկերչական սրահ է գործել, հետո դրանք բազմացան, բայց առևտուրը ոչ թե նվազեց, այլ բարգավաճեց, քանի որ մարդիկ հատուկ Բեյրութի Սևան փողոց են այցելում ոսկե իրեր գնելու համար։ Եթե այսօր Երևանում մի սրտացավ մարդ Արամի փողոցի դեռ պահպանված հինավուրց տները վերածի պատկերասրահների, ապա, հավատա, կունենանք հայ ազգային կերպարվեստի գնահատման և իրացման աննախադեպ կենտրոններ, որոնք կդառնան նպատակային մի տարածք ոչ միայն հայ, այլև օտարերկրյա արվեստագետների և զբոսաշրջիկների համար։
-Շնորհակալություն զրույցի համար, հավատով սպասենք, որ մի գեղեցիկ օր նման փողոց կբացվի մայրաքաղաքում, ինչու չէ, նաև Գյումրիում, Շուշիում և այլուր։
-Միանում եմ հավատիդ և սպասումիդ։
Զրույցը`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ