«Իրատեսի» զրուցակիցը ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆՆ է:
-Պարոն Ստամբոլցյան, ռուս ճանաչված գրող, հրապարակախոս և քաղաքական գործիչ Պրոխանովը, անդրադառնալով ռուս-հայկական առնչություններին, ասաց հետևյալը. «Հայաստանը ռուս առաջադեմ մտավորականության համար նախ և առաջ քրիստոնեական միստիցիզմի ահռելի շտեմարան է»։
-Միասեռականության դեմ պայքարող, մարդու կարծեցյալ իրավունքների պաշտպանության հակաշարժման ղեկավարներից մեկը, ազգությամբ ֆինն, երկու տարի առաջ Հայաստանում էր և ասում էր, որ որպես եվրոպացիներ իրենք այլասերվել են և այլևս փրկություն չունեն, իրենք փրկությունը Հայաստանում են փնտրում։ Եվ զարմանալի եզրահանգման եկավ, որ հայերի հովանու ներքո մենք էլ փորձենք այլասերությունից փրկվել։
-Այդ արժանավոր ֆինն գործիչը հայերիս որոշակի առաքելություն է վերագրել։ Հանուն, իհարկե, ոչ մեր թախծոտ, համլետյան աչքերի։
-Իհարկե։ Նա և նրա նման մտածող շատերը Հայաստանը համարում են քրիստոնեական առաքինության պատվարներից մեկը, հաշվի են առնում իրողությունը՝ մեր ազգն աշխարհում առաջինն էր, որ քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն և այլն։ Սակայն ֆինն գործիչը եզակի չէ։ Հայաստանում լայն գործունեություն է ծավալել «Համահայկական ծնողական կոմիտե» կազմակերպությունը, որը բավականին նպատակային պայքար է մղում և՛ յուվինալ օրենքի ընդունման, և՛ միասեռականության ու աղանդավորության խորշակների դեմ։ Նրանց հյուրընկալվել էր մի բարձրաստիճան ռուս զինվորական, ով նույնպես պայքարում է Արևմուտքից հրահրվող այլասերության և հացի հարստացման ծրագրերի դեմ։ Հայկական կողմը բնական մի հարց է առաջ քաշում. գուցե ՌԴ-ի իշխանությունները որոշակի ճնշում գործադրեն հայկական իշխանությունների վրա, պարտադրելով, որ Հայաստանը Ռուսաստանի օրինակով օրենքներ ընդունի հայտնի կործանարար երևույթների դեմ։ Մերոնք, անշուշտ, հաշվի էին առել հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը, երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը և այլն։ Ռուս գեներալը հակադարձել էր՝ սխալ է հայերիդ բռնած դիրքը, ոչ թե մենք պետք է ձեռք մեկնենք ձեզ, այլ դուք պետք է սատարեք մեզ, քանի որ Աստվածաշնչում է վավերացված ավագության խորհուրդը։
-Մեկնաբանեք ավագության խորհուրդը։
-Ավագ որդին ժառանգում էր հայրական ունեցվածքի կրկնակին՝ ի տարբերություն կրտսեր եղբայրների, և նա պատասխանատու էր եղբայրների թե՛ տնտեսական, թե՛ բարոյական պատշաճ կյանքի համար։
Ռուս գործիչը չափազանց դիպուկ խնդիր էր բարձրացրել, ասելով, որ հայերդ մի երկնչեք ձեր սակավ քանակից, դուք ձեր քրիստոնեական ավագության տերը հանդիսացեք։ Չէ՞ որ հայերը նոր ուխտի առաջին ընտրյալ ազգն են, քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջին ընդունողներն են, և ավագությունը նրանց իրավունք է տալիս մնացած քրիստոնյաների վրա իշխելու և նրանցից պահանջելու։ Մեր պատվարժան հյուրը հավատացրել է, որ հայերի փրկությամբ է պայմանավորված ռուսների փրկությունը։ Աստված հայերին ավագության խորհուրդ է շնորհել, և պետք է այդ շնորհը չկորցնել։
-Ավագության շնորհի կորուստը, եթե չեմ սխալվում, արձանագրված է Սուրբ գրքում։
-Այո, Եսավն իր ավագությունը փոխանակեց մի աման ապուրի հետ։ Եսավը հոգնած և քաղցած տուն է վերադառնում։ Նրա կրտսեր եղբայր Հակոբը ճաշ էր պատրաստել, ոսպապուր, որը նաև կոչվում է կարմիր ապուր։ Եսավը խնդրեց Հակոբին ապուրը տալ իրեն, քանզի քաղցած էր խիստ։ Հակոբը պատասխանեց՝ ապուրը կտամ, եթե քո ավագությունը տաս ինձ։
Եսավը մի աման կարմիր ապուրով կորցրեց իր ավագությունը, իսկ խարդախությամբ ավագության շնորհին տիրացած Հակոբը դարձավ Իսրայելի նահապետը։
Պարզաբանեց
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ