Հարգարժան վարչապետ, նամակ-ուղերձս այդպես էլ Ձեզ չհասավ, և ահա պարտադրված դիմում եմ բաց նամակի տարբերակին: Սույն թվականի սեպտեմբերի 16-ի առավոտյան, համակված վառվռուն հույսերով, դիմում-ուղերձս նետեցի Կառավարական տան ընդունարանի փոստարկղ: Ձեզ ներկայացնեմ նրա նախաբանը, այնուհետև եկեք միասին շրջագայենք սույն գերզավեշտալի պատմության քառուղիներում:
«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին
Դիմում
Ընդունված կարգով նախ շնորհավորում եմ Ձեր վարչապետությունը, մաղթում եմ նախ անձնական-ընտանեկան, այնուհետև ծառայողական երջանկություն: Եվ ամենակարևորը, մաղթում եմ, որ ՀՀ կառավարական տունը Ձեր ղեկավարման տարիներին անեծքի դաշտից փոխադրվի օրհնանքի դաշտ: Ամե՜ն:
Երբ Դուք անվրդով քնած եք և հանկարծ ռումբի դղրդյունից վեր եք թռչում կեսգիշերին և տեսնում եք, որ դղրդյունը (Տերը կարոտ պահի) ռմբահարման արդյունք չէ, այլ պարզապես հրավառություն, վստահ եմ, բարի խոսքով չեք հիշում և՛ հրավառիչներին, և՛ նրանց սատարողներին: Իսկ երբ ամանորյան տոների ընթացքում Ձեր տոնական տրամադրությունը խաթարվում է մանուկ և պատանի հրոսակների պայթուցիկային զվարճանքից, չեմ կարծում, թե մեղմ ժպտում եք և մաղթում նրանց արևշատություն»:
Այս սրտալից նախաբանից հետո ներկայացրել եմ համաճարակի վերածված իրավիճակը ողջ հանրապետությունում: Հետո խոհեմաբար մեջբերել եմ կառավարական ատյանների անհամար և կրկնվող պատասխանները ուղերձներիս, դիմումներիս և նամակներիս: Վարչապետին ուղղված այս դիմում-ուղերձում պարզորոշ նշված էր, որ ՀՀ բոլոր պետական ատյանները ոտքով-ձեռքով կաշկանդված են ՀՀ կառավարության երկու գերչարաբաստիկ որոշումներով: 2001-ի սեպտեմբերի 24-ին կառավարությունը իր հ. 895-Ն որոշմամբ պետականորեն թույլատրում է հրավառությունների և պայթուցիկների կիրառումը երկրով մեկ, իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրելով հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի լիցենզիա: Ինը տարի անց, դարձյալ սեպտեմբերի 24-ին, այս անգամ հ. 1283-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը վերահաստատում է նախորդ որոշումը: Բնականաբար, հենց այս չարաբաստիկ որոշումները պետք է վերանայվեն, քանզի խոչընդոտում են կառավարական բոլոր պատասխանատու կառույցների ցանկությանը՝ շտկելու իրավիճակը:
Ի մասնավորի, խիստ կաշկանդված են մեր փառապանծ ոստիկանները, որոնց կարգուկանոն հաստատելու մարդասիրական և ծառայողական ազնիվ մղումները սահմանափակվում են վերոնշյալ որոշումներով և վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքով: (Այս օրենքն այնքան անդեմ է, որ, ըստ էության, խրախուսում է հանրապետությունը գիշեր ու զօր հրավառող զվարճասերներին):
Սեպտեմբերի 26-ին ինձ հրավիրեցին Երևանի Մաշտոցի ոստիկանություն: Հրավիրեցին և բարեկիրթ իրազեկեցին, որ վարչապետին ուղղված դիմում-ուղերձս ուղարկվել է իրենց: Բայց, կարծես, ես չէի բողոքում առհասարակ ՀՀ ոստիկանության, մասնավորապես, Երևանի Մաշտոցի բաժնի գործողություններից: Ոստիկանության հետաքննիչի հետ համապատասխան արձանագրություն կազմեցինք առ այն, որ ես այս խնդիրը ոստիկանության հետ չեմ կապում և խնդրում եմ, որ նման հարցով հարգարժան ոստիկանությունը ինձ չանհանգստացնի: Այո՜:
ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչությունը, իր բանիմաց ղեկավար Ա. Ղազարյանի օրհնանքի ներքո, ՀՀ վարչապետին ուղղված նամակս անհասկանալի տրամաբանությամբ ուղարկում է նաև ՀՀ ԱԻ նախարարությանը: Ամենայն հավանականությամբ, կառավարությունում ընթացող բարեփոխումները հուզական ցնցում են առաջացրել Ա. Ղազարյանի ներաշխարհում, և նա կորցրել է իր հյուսիսն ու հարավը:
Այսպիսով, ուղերձ-դիմումս փոստով եմ ուղարկում ՀՀ վարչապետին և թախանձագին խնդրում եմ պարոն Կարապետյանի խորհրդականներին, օգնականներին և մամլո քարտուղարին՝ ուշի ուշով հետևել կառավարության փոստին և դիմում-ուղերձս անմիջականորեն հանձնել ՀՀ վարչապետին: Տառապանքս փորձ ունի: Եթե այս անգամ էլ դիմումս հայտնվի վերոնշյալ վարչությունում, վախենում եմ, որ գերհարգարժան Ա. Ղազարյանը լուծման համար այն կուղարկի կամ Դալայ Լամային, կամ էլ քաղաքացիական պատերազմի հերոս, մարշալ Բուդյոննուն:
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ