«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Աչք լուսավորողի աչքը հանելով մնում են անպատի՞ժ

Աչք լուսավորողի աչքը հանելով մնում են անպատի՞ժ
18.10.2016 | 00:11

Երկարամյա և վաստակաշատ բժիշկ Նորայր Խաչատրյանը դիմել է «Իրատեսին»՝ ակնկալելով թերթի աջակցությունը։

Պատրաստակամ ենք այս հրապարակմամբ սատարելու նրան։ Սատարել՝ դիմելով ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին և ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին։ Դիմելով, իհարկե, ակնկալում ենք, որ Հիպոկրատի երդմնազանց հետևորդների ձեռքով տեսողությունը կորցրած քաղաքացու պահանջները կբավարարվեն ամբողջությամբ, մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Այս պատմությունը բազմաբովանդակ է և անհնար է որևէ հրապարակման սահմաններում գործը ներկայացնել ամբողջությամբ։ Այս պարագայում տեղին է նրա դիմումներից առանձին դրվագներ ներկայացնել և հուսալ, որ դրանք ողջ խորությամբ կուսումնասիրեն պատկան մարմինները: Իսկ մինչ այդ տեղեկացնեմ, որ զրուցել եմ Սպիտակ քաղաքի հնաբնակների հետ, և բոլորն անխտիր բարձր կարծիք ունեին Նորայր Խաչատրյան մարդու և բժշկի մասին։


«2012-ի սեպտեմբերի սկզբին այցելեցի Մալայանի անվ. ակնաբուժական հիվանդանոց։ Ախտորոշեցին, որ ունեմ աջ աչքի ոսպնյակի սկսվող պղտորվածություն, և իմ համաձայնությամբ կատարեցին բնական ոսպնյակը պահեստայինով փոխարինելու վիրահատություն։ Այդ ընթացքում պատռվեց աչքիս ցանցաթաղանթը, վարակվեցի ծանր ինֆեկցիայով և 3 օր անց միաժամանակ կուրացա երկու աչքով։ Չորս տարի է` ընթանում է նախաքննություն, մերժում են իմ բոլոր բողոքները։ Պարզվում է, որ Մալայանի անվ. ակնաբուժական հիվանդանոցը բոլորովին էլ Մալայանինը չէ, ունի ստվերային շատ բարձր իրական տեր, որն էլ արգելափակում է իրավապահ մարմինների գործողությունները։ Ցանկանում եմ այս գործին տալ հասարակական հնչողություն՝ այն լուսաբանելով մամուլում։ Ինձ դրել են անտեր շան տեղ, թեև 50 տարվա ստաժով գլխավոր բժիշկ եմ, որից 40 տարին՝ Սպիտակ քաղաքի գլխավոր սանիտարական բժիշկ։ Իմ անվան հետ է կապված Սպիտակի երկրաշարժի տարիներին կատարված մեծածավալ ու փրկարարական աշխատանքը»։


«Կողմնակի մարդու համար աներևակայելի է, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով և իրավապահներին պատշաճ իրազեկելով՝ Մոսկվայում եմ գտնվել Մալայանի անվ. հիվանդանոցում իրականացված ահռելի ավերածությունները բուժելու նպատակով։ Մոսկվայում, ՌԴ բժշկական գիտությունների ակնաբուժական հիվանդանոցում վիրահատվելուս ընթացքում Երևանում կատարվել են 2 դատաբժշկական փորձաքննություններ, երբ բժշկական փաստաթղթերն ինձ մոտ էին։ Առանց ինձ և իմ փաստաթղթերի իրականացված դատաբժշկական փորձաքննությունները և դրանց հիման վրա կատարված եզրակացությունները իրավական հանցագործություններ են։ Պրոֆեսոր Արմեն Վարդանյանը 22 օր հետաձգեց անհրաժեշտ և շտապ վիրահատությունը, որպեսզի վրեժխնդիր լինի վիրաբուժական մասնագիտություն չունեցող, սակայն ինձ վիրահատող և կուրացնող Անի Համբարձումյանից։ (Արմեն Վարդանյանն ու Անի Համբարձումյանը վերոնշյալ հիվանդանոցի վիրաբույժներն են-հեղ.)։ Իր ցուցմունքներում նա հրաժարվում է, որ ինձ վիրահատել է։ Ներկայացրել եմ Ա. Վարդանյանի ու բուժող բժշկի տեղեկանքները, անաշխատունակության 3 ամիս առաջ տրված թերթիկները, իրենց մեղքով կատարված 3 վիրահատությունների համար կատարված վճարումները։ Աչքիս մեջ 4 տարի առկա է նրա ներդրած օտար մարմինը։ Բոլոր դեպքերում իմ բողոքները մերժել են։

Վերջերս եմ պարզել, որ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով, ես ճանաչվել եմ տուժող, 3 տարի ընթացել է նախաքննություն, բայց ինձ կուրացնող բժիշկներին մեղադրանք չի առաջադրվելու»։

Այս բազմատանջ գործն այժմ ՀՀ վերաքննիչ դատարանում է։ Պետք է հուսալ, որ դատարանը կգտնվի իր բարձրության վրա և արդարացի վճիռ կկայացնի։ Ի վերջո, Նորայր Խաչատրյանի նպատակն այն է, որ բուժման իր սահմանադրական իրավունքը վերականգնվի, մեղավորներն էլ իրենց պատիժը կրեն։ Հակառակ պարագայում նրան մնում է դիմել Եվրոպական դատարան։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. Նորիկ Խաչատրյանի՝ մեզ տրամադրած նյութերը մասնակիորեն խմբագրվել են:

Դիտվել է՝ 2451

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ