2017 թ. մայիսի 20-ին` «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակներում Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) թանգարանում բացվեց նկարիչ Համլետ Աղամյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Ներկայացված էր արվեստագետի 27 աշխատանք` թղթի վրա պաստելով, գուաշով արված գունանկարներ, կտավի վրա յուղաներկով արված գեղանկարներ, մատիտանկարներ: Բացման խոսքով ներկայացան թանգարանի տնօրեն, արվեստաբան Մարտին Միքայելյանը, նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, Համլետ Աղամյանի արվեստագետ ընկերները: Մարտին Միքայելյանն իր խոսքում նշեց. «Տաղանդավոր, հետաքրքիր, համեստ, բարեկիրթ անձնավորություն է Համլետ Աղամյանը, և բոլորս նրանից սովորելու շատ բան ունենք: Նա զանազան ցուցահանդեսներում ուշադրություն է գրավել դեպի բնությունը, նատուրան ունեցած ակնածանքով, հին վարպետների ճանապարհով գնալու համառությամբ: Նա արտաքին համեստ ձևերի տակ զգայական ներաշխարհ թաքցնող հետաքրքիր արվեստագետ է»:
Համլետ Աղամյանը ծնվել է Երևանում` 1949-ին, սովորել է Հակոբ Կոջոյանի անվան նկարչական դպրոցում, Թերլեմեզյանի անվան ուսումնարանի գեղանկարչության բաժնում, ապա` գեղարվեստաթատերական ինստիտուտի գրաֆիկայի բաժնում: Մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների, իսկ 2010 թ. հունիսին նկարիչների միությունում բացվել է նրա անհատական ցուցահանդեսը: Նրա գործերը պահվում են մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում:
Այս ցուցահանդեսում ներկայացված էին հիմնականում արվեստագետի բնանկարչական աշխատանքները, որոնք պատկերում են հայրենի բնության մտերմիկ, գողտրիկ անկյունները, Երևանի, Թիֆլիսի հին թաղամասերը (Կոնդի անկյունները, Հավլաբարը), մեր եկեղեցիները, տարվա տարբեր եղանակներ, օրվա տարբեր ժամեր, դաշտեր, այգիներ, ծաղկած ծառեր, Արարատը, Արագածը… Գեղանկարչական և գրաֆիկական այս աշխատանքները կատարված են վարպետությամբ, սրանց բնորոշ է գույնի ու գծի ներդաշնակությունը, հակադիր գույների հիանալի համադրությունը: Այս ռեալիստական գործերում նրբորեն արտացոլված են նկարչի ապրումները, տրամադրությունը, ներաշխարհը: Հույզերով լի աշխատանքներ են` տոգորված խաղաղ տրամադրությամբ, սրանցում կան զգացմունքայնություն, անկեղծություն: Կամերային բնույթի այս բնանկարներն արված են հեռանկարչական հստակ կանոններով, աչքի են ընկնում ռիթմով, ստվերների հիանալի բաշխմամբ, տարածական պլանների հստակ բաժանումով, լուսաստվերային մոդելավորմամբ, ներկայացված առարկաների մանրակրկիտ մշակմամբ: Գործերին հիմնականում բնորոշ են մանր և ռիթմիկ վրձնահարվածները:
Ցուցահանդեսին ներկայացված երկու մատիտանկարները աչքի են ընկնում գծի կատարյալ մշակմամբ, իսկ «Նատյուրմորտը» նյութական է ըստ գույնի, միանգամայն ծավալային է ըստ ձևի: Ցուցահանդեսի տպավորիչ գործերից է «Բնանկար» կտավը: Այն աչքի է ընկնում գունային հագեցվածությամբ, հարուստ կոլորիտով: Կտավի ողջ տարածությունը լցված է գունային բծերով, որոնք աշխուժացնում են հորինվածքը: Այդ բծերի միջոցով ստեղծված է որոշակի ռիթմ: Գունային գամմայում գերիշխում են դեղինի ու կանաչի տարբեր երանգները: Նկարչին հաջողվել է ճկուն գծանկարով, բարակ վրձնահարվածներով արված մերկացած ծառերի և այլ մանրամասների միջոցով հաղորդել աշնանը բնորոշ շունչը: Հետնամասում պատկերված սարերն ամբողջացնում են հորինվածքը: Մեղեդայնություն կա այս գործում: Մեկ այլ հաջողված բնանկար է «Սուրբ Հովհաննեսը»: Հորինվածքում անմիջապես աչքի է զարնում հետին պլանում ներկայացված Արարատ լեռան պատկերը, որի սառը երանգները լավ են ներդաշնակվում առաջնամասում պատկերված քաղաքի համայնապատկերի և կենտրոնական հատվածում տեղ գտած եկեղեցու տաք, վառ գույների հետ: Աշխատանքում եկեղեցուն փոքր տեղ է հատկացված, իր ուշադրությունը հեղինակը սևեռել է լեռան համայնապատկերի վրա:
Գունային պարզ լուծումներով են աչքի ընկնում ցուցահանդեսին ներկայացված, հին Թիֆլիսը պատկերող «Հին թաղամաս», ինչպես նաև «Արարատը մեր բակից», «Իմ մանկության բակը», «Դեղնած դաշտեր Արագածի փեշերին» աշխատանքները:
Ցուցահանդեսն անվերապահորեն հաջողված կարելի է համարել:
Սիլվիա ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
արվեստաբան
Խորագիրը`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ